Ընթերցանություն
Գլխավոր>Երիտասարդաց Միություն >Եկեղեցի և մշակույթ> «Եկեղեցի և մշակույթ». հանդիպում հնագիտության հետ

«Եկեղեցի և մշակույթ». հանդիպում հնագիտության հետ

Կարևորելով մշակույթի դերն ու միտք ունենալով կոտրել այն կարծրատիպը, թե կրոնը  դեմ է մշակույթին՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու երիտասարդաց միությունը՝ Տեր Եսայի քահանա Արթենյանի գլխավորությամբ, նախաձեռնել է «Եկեղեցին և մշակույթը» խորագիրը կրող զրույց-քննարկումների շարք: Վերջինիս  շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ մշակույթի տարբեր գործիչների և արվեստագետների հետ, որոնք իրենց փորձն ու գիտելիքները կփոխանցեն հանդիպման մասնակիցներին:

 

Այս անգամ հանդիպման հյուրը հնագետ, Երևանի պետական համալսարանի դասախոս Արմինե Հայրապետյանն էր: «Պատմությունը միայն արձանագրությունների մեջ գրված չէ, և դրանով չէ,  որ սկսվում է մարդկության պատմության ընթացքը: Շատ բաներ վերականգնվում են հնագիտության շնորհիվ:  Հանդիպման համար ընտրել եմ այնպիսի նյութեր, որոնք պատկերացում կտան, թե սովորաբար ինչպես է վերականգնվում անցյալն այն դեպքում, երբ մենք չունենք պատմական աղբյուրներ»,- ողջույնի իր խոսքում նշեց հնագետը:


«Հնագույն անցյալի հետքերով»  ցիկլի նախապատմական ժամանակաշրջանը խորագրի տակ էլ ծավալվեց բուն զրույց-քննարկումը: Հնագետն իր ակնկարկը սկսեց ամենավաղ ժամանակաշրջանի՝ քարի դարի մասին պատմություններով: Նա  նշեց, որ թեև այս ժամանակաշրջանի մասին շատ քիչ բան է հայտնի, այնուամենայնիվ նախաարձանագրային ժամանակաշրջանը բավականին մեծ ու ընդգրկուն տարածք է զբաղեցնում մարդկության պատմության մեջ, ուստի հետազոտելու և նոր բացահայտումենր անելու անհրաժեշտությունը շատ մեծ է:  Ներկայացնելով մարդկության պատմության հիմնական շրջափուլերը՝ տիկին Հայրապետյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց այն փաստին, թե ինչ ուղղությամբ է մարդկությունը զարգացել և ինչ ուղղությամբ է հետ զարգացել: Նա ներկաներին խնդրեց խորհել ներկա արժեքների մասին և համեմատականներ անցկացնել այն ժամանակների հետ, երբ մարդկանց միակ խնդիրը քաղցը հագեցնելն ու ապահով կացարան գտնելն էր:

 

Տիկին Հայրապետյանն ուրախությամբ փաստեց, որ Հայաստանում քարեդարյա ժամանակաշրջանին պատկանող հուշարձանների ուսումնասիրությունը մեծ թափ է առել՝ ի շնորհիվ հայ գիտնականների և ֆրանսիացի գործընկերների: Նա անդրադարձավ նաև 2008 թվականին մեծ աղմուկ հանած աշխարհի հնագույն կոշիկի պատմությանը. «Որևէ իր երբևէ կարևոր չէ. կարևոր է երևույթը: Կոշիկի դեպքում երևույթն այն էր, որ Արենիի քարայրը, որտեղից այն գտել էին, ուներ այնպիսի բնական պայմաններ, որ կոշիկը պահպանվել էր»: Հնագետը նշեց նաև, որ Հայաստանում բազմաթիվ են հնադարյան այն հուշարձանները, որոնց  կողքով մենք անցնում են և անգամ գաղափար չունենք դրանց գոյության մասին.  «Նույնիսկ Երևանում հնադարյան հուշարձանները անչափ շատ են: Պարզապես  մենք սովոր ենք տեսնել միայն այն, ինչ կանգնած է հողի վրա, մենք չգիտենք՝ ինչ կա հողի տակ: Հայաստանում չկա այնպիսի մետր քառակուսի, որը եթե պեղավայր դարձնենք՝ ինչ-որ բան չհայտնաբերենք: Այդպիսին է մեր երկիրը՝ հարուստ ու ճոխ, պարզապես մեծ սիրո և ուշադրության կարիք ունի, ավելի շատ, քան մենք կարողանում ենք տալ մեր երկրին»:

 

Տիկին Հայրապետյանը ներկաներին ցուցադրեց նաև իր պեղած բրոնզեդարյան շքեղ վզնոցի լուսանկարները. «Ինձ համար մեծ հաճույք է տեսնել, թե ինչպես են իմ գտածոները ժպիտներ պարգևում զբոսաշրջիկներին, թանգարանի մյուս այցելուներին: Բարեխիղճ հնագետի համար կարևորը ոչ թե գտածոն է, այլ բացահայտելու զգացողությունը, բացահայտումը ուրիշների հետ կիսելու երջանկությունը»:


Զրույց-քննարկման ավարտին տիկին Հայրապետյանը ներկայացրեց նաև լուսանկարների շարք, որոնց միջոցով ներկաների համար բացահայտվում էր պեղումների, անցյալի վերհանման   հետաքրքիր ու բարդ գործընթացը: «Լուսանկարներից շատերը դիտելիս տպավորություն է ստեղծվում, որ դրանք արված են Եգիպտոսում կամ Հունաստանում, բայց  սա Հայաստանն է, Երևանն է: Ցավալի է, որ մեր համաքաղաքացիները տեղեկացված չեն, լրատվամիջոցներն էլ քիչ են անդրադառնում նման իրադարձություններին: Սրա հետևանքով այս զարմանալի աշխարհը նորից պատվում  է այն հողով,  որից  դուրս է բերվել: Ստիպված ենք լինում ծածկել՝  գոնե հաջորդ սերունդների համար»,- ասում է տիկին Հայրապետյանն ու հավելում, որ հնագիտությունը շատ մարդկանց համար երազանք է, և որ ինքն էլ տարիներ շարունակ ապրել է այդ երազանքով. «Ես դարձա ծնողներիս երազանքն իրականացնողը: Հնագիտությունը զարմանալի, մի փոքր արկածախնդիր գիտություն է: Այն նաև յուրահատուկ թերապիայի տեսակ է: Կյանքիս ծանրագույն շրջանը հաղթահարել եմ հենց պեղումներ կատարելով: Հիմա փորձում եմ ինձ շրջապատող մարդկանց և հատկապես երեխաների մեջ հնագիտության նկատմամբ սեր արթնացնել: Հուսով եմ՝ տարիների հետ դա իր արդյունքները կտա»:

 

Անժելա Պողոսյան
ՍԵԵՄ լրագրողական ակումբ

 

Դիտվել է 5159
2014.10.28
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.