Ընթերցանություն
Գլխավոր>Քարոզներ>Կիրակնօրյա քարոզներ> Ողորմած լինելու անհրաժեշտությունը

Ողորմած լինելու անհրաժեշտությունը

«Եթե իսկապես հասկանայիք, թե ի՛նչ է նշանակում Աստծո այս խոսքը. «Ողորմություն եմ ուզում և ո՛չ զոհ», ապա չէիք դատապարտի անմեղներին, որովհետև Մարդու Որդին տերն է շաբաթ օրվա» (Մատթ. 12:7-8)

 

Ավետարանական այս հատվածը Քրիստոսի և փարիսեցիների հերթական բանավեճից մի հատված է: Այդ բանավեճի հիմնական նպատակը Քրիստոսին՝ օրենքը չպահելու մեղադրանք ներկայացնելն էր:
Քրիստոս Իր աշակերտների հետ անցնում էր ցորենի արտի միջով, և քանի որ աշակերտները քաղցած էին, նրանք պոկում էին ցորենի հասկերից և ուտում: Տեսնելով սա՝ փարիսեցիները մեղադրանք են ներկայացնում Քրիստոսին՝ ասելով, որ իր աշակերտները անում են մի բան, ինչը շաբաթ օրով անելն օրինավոր չէ: Նրանք սա համարում էին աշխատանք, իսկ շաբաթ օրն աշխատել չէր կարելի: Քրիստոս, որպես պատասխան մատնացույց է անում Դավթի օրինակը, ով իրեն ուղեկցողների հետ մտավ տաճար և կերավ առաջավորության հացից: Իսկ առաջավորության հացը իրավունք ուներ ուտելու միայն քահանայապետը: Մյուս օրինակը, որ մատնացույց է անում Քրիստոս, այն է, որ քահանաները հենց իրենք են խախտում շաբաթվա օրենքը: Քանի որ շաբաթ օրով կատարում էին տարբեր ծիսակատարություններ: Հաճախ ավանդույթներն ու օրենքները մեկը մյուսին հակասում են, ինչպես հրեաների, այնպես էլ մերօրյա իրականության մեջ: Հիսուս այս  օրինակները մատնացույց անելով՝ ցանկանում է ցույց տալ, որ ոչ թե օրենքն է անկատար, այլ մարդկային կյանքում արժեքներն են փոխվել. մենք սկսել ենք ձևապաշտությամբ ապրել ու անկատարություններն ու հակասությունները օրենքների մեջ փնտրել:

 

Քրիստոս մեզ հիշեցնում է, որ օրենքն է կոչված ծառայելու մարդուն, ոչ թե մարդը՝ օրենքին: Դրա համար էլ Քրիստոս ընդգծում է սիրո և միմյանց նկատմամբ ողորմած լինելու կարևորությունը: Բոլոր օրենքները ստեղծված են մեր հոգևոր կյանքում ներդաշնակություն ու խաղաղություն հաստատելու համար: Առանց սիրո և ողորմության մյուս օրենքների կատարումը վերածվում է ձևապաշտության:


Հիսուս պաշտպանեց Իր աշակերտներին՝ ցույց տալով, թե որքան  սխալ է մեկնաբանվում օրենքը՝ մարդկանց ավելի ու ավելի հաստատելով ձևապաշտության մեջ: Քրիստոնյայի համար օրինապահության իրական դրսևորումը սեփական մեղքի գիտակցումը, Տիրոջն ընդառաջ գնալու և Աստծո կամքին հնազանդվելու պատրաստակամությունն է: Դրա համար է Քրիստոս ասում. «Եթե իսկապես հասկանայիք, թե ի՛նչ է նշանակում Աստծո այս խոսքը. «Ողորմություն եմ ուզում և ո՛չ զոհ», ապա չէիք դատապարտի անմեղներին, որովհետև Մարդու Որդին տերն է շաբաթ օրվա»:


Ողորմությունը բարիք գործելու, մարդկանց չդատելու, ներել կարողանալու, մարդկային ցավը հասկանալու և կիսելու, սիրո և բարության պակասը լրացնելու պատրաստակամությունն է:

Ողորմածությունը քրիստոնյայի և առհասարակ բոլոր մարդկանց կյանքի առանցքային արժեքն է: Բավական է հիշել մեր ծնողներին ու բոլոր այն մարդկանց, ովքեր մեր բարօրության համար ոչինչ չեն խնայել, և միանգամից հաստատվում է այն կարծիքը, որ մենք պարտավորվածություն ունենք ողորմած լինելու: Մենք պարտական ենք ողորմած լինել բնությանը, որովհետև նա է մեզ ապահովում անհրաժեշտ կենսապայմաններ, ի վերջո, բոլոր մարդիկ պարտական են Աստծուն, որովհետև այն ինչ ունենք, Նրա ստեղծածն է:
Գուցե մեզնից շատերը գիտեն՝ ինչպես վերադարձնել ծնողի, բնության, պարզապես բարի գործ կատարած մարդկանց հանդեպ ունեցած պարտքը, սակայն ինչպե՞ս վերադարձնել Աստծո «պարտքը»: Քրիստոս մեզ սովորեցնում է, որ Աստված մարդուց զոհեր չի պահանջում, Նա ակնկալում է մեր ողորմած և գթառատ սիրտը: Սա միակ ճանապարհն է Աստծո «պարտքը» վերադարձնելու համար: Եթե մենք ցանկանում ենք Աստծո հետ հաշտվել՝ որևէ զոհաբերություն մեզ չի օգնի, որովհետև այս աշխարհում ոչինչ մեզ չի պատկանում, ամեն բան, այսպես թե այնպես, պատկանում է Աստծուն: Մեզ մնում է միայն սերն ու ողորմածությունը՝ հանուն Աստծո փառքի. ամեն:

 

Տեր Եսայի քհն. Արթենյան

Դիտվել է 9588
2014.10.30
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.