Ընթերցանություն
Գլխավոր>Երիտասարդաց Միություն >Եկեղեցի և մշակույթ> «Եկեղեցի և մշակույթ». վիշապաքարերը՝ խաչքարերի նախատիպեր

«Եկեղեցի և մշակույթ». վիշապաքարերը՝ խաչքարերի նախատիպեր

««Եկեղեցի և մշակույթ»  խորագիրը կրող այս հանդիպումների  նպատակը միայն մշակութային արժեքները ճանաչելն ու այս ոլորոտի  ձեռքբերումներին ծանոթանալը  չէ. մեր նպատակն է համոզվել այն պարզ ճշմարտության մեջ, որ մշակութային յուրաքանչյուր իրողության հիմքում ընկած է հոգևորը: Եվ որքան մեծ է հոգևորի առկայությունը, այնքան մեծ է տվյալ մշակութային իրողության արժեքն ու կշիռը: Սակայն գնահատելու և արժևորելու համար նախ և առաջ ճանաչել ու բացահայտել է հարկավոր՝ ընդունելով մշակույթի հսկայական դերն ու առաքելությունը մարդկային կյանքում»,- «Եկեղեցի և մշակույթ»  զրույց-քննարկման հերթական հանդիպման մեկնարկին նշեց Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եսայի քահանա Արթենյանը:


Այս անգամ հանդիպման  հյուրը  ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, հնագետ Արսեն Բոբոխյանն էր: Պարոն Բոբոխյանը մասնագիտացած է հնագույն հուշարձանների, մասնավորապես՝ վիշապաքարերի հետազոտության և ուսումնասիրության մեջ, ուստի  զրույց-քննարկումը ծավալվեց  Հայաստանի վիշապաքարերի շուրջ . որքա՞ն հին են վիշապաքարերը, ի՞նչ առանձնահատկություններ ունեն, որտեղի՞ց են ի հայտ գալիս և  ի՞նչ արժեք ունեն դրանք:  Այս և մի շարք այլ հարցերի պատասախաններ  ներկաների համար պարզ դարձան  հանդիպման ընթացքում: Քննարկումը  սկսվեց այն պնդմամբ, որ վիշապաքարերը սերտ առնչություն ունեն խաչքարերի հետ, դրանք բազմաթիվ աղերսներով կապված են միմյանց. «Վիշապաքարերը չափազանց կարևոր են նախ  Հայկական լեռնաշխարհի հին մշակույթը հետազոտելու տեսանկյունից, որովհետև դրանք բնորոշ են միայն Հայկական լեռնաշխարհին. այստեղից  դուրս  դրանք ի հայտ չեն գալիս: Այս պարագայում վիշապաքարերը շատ նման են խաչքարերին, որովհետև տիպիկ ու բնորոշ են միայն բուն հայկական մշակույթին»,- նշեց պարոն Բոբոխյանը:


Վիշապաքարերի հետազոտության պատմությունը սկիզբ է առել 19-20-րդ դարերում. «Վիշապաքարերի հայտնաբերումից հետո դրանց  ուղղակիորեն սկսեցին համեմատել  խաչքարերի հետ: Բուն  հնագիտության մեջ դրանք համարվում են  խաչքարերի նախնատիպեր, նախնական ձևեր,  որովհետև իրենց տիպաբանությամբ շատ ընդհանրություններ ունեն խաչքարերի հետ, նույնիսկ գործառույթների տեսանկյունից»,- հավելում է հնագետը:


Փոքր-ինչ տարօրինակ անվանում ունեցող այս հնագույն հուշարձանները՝ վիշապաքարերը,  բոլորովին կապ չունեն վիշապների հետ, պարզապես ժողովուրդն է դրանք այդպես են կոչել՝ վիշապաքարերի  արտաքին հատկանիշներից ելնելով:

Վիշապաքարերը բաժանվում են երեք հիմնական խմբերի՝ ձկնակերպ, ցլակերպ, և ձկնացլակերպ վիշապաքարեր:  Ձուկն առանցքային դեր է ունեցել հին հայկական հավատալիքների և մշակույթի մեջ. խորհրդանշել է պտղաբերություն և աղերսներ ունի նաև քրիստոնեության հետ, իսկ ցուլն ամպրոպի աստվածությունն է խորհրդանշել:  Ջրի գործոնը, առհասարակ,  շատ կարևոր է վիշապաքարերի մշակույթում:


Վիշապաքարերը   հիմնականում պատրաստվել  են բազալտից, ինչը զարմանքի և հիացմունքի տեղիք է տալիս, քանի որ բազալտ  մշակելը բոլորվին հեշտ չէ: Վիշապաքարերի վերևամասը լայն է, ներքևամասը՝ նեղ. ենթադրվում է, որ դա արվել է,  որպեսզի վիշապաքարը  կարողանա հողի մեջ պահել հավասարակշռությունը: Ճիշտ նույն սկզբունքով են պատրաստվում շատ խաչքարեր, ավելին, խաչքարերն ու վիշապաքարերը հետևի կողմից գրեթե անհնար է զանազանել: Երկու հուշարձանների  վրա էլ հանդիպում են նույն զարդանաշխերն ու պատկերները:


Վիշապաքարերն ամենաշատը տարածված են  Գեղամա լեռների և Արագած  լեռան շրջակայքում, հիմնականում հանդիպում են սարահարթային գոտիներում և շրջապատված են լինում բլուրներով: Դրանց  տարիքը որոշվում է հնագիտական պեղումների արդյունքում բացահայտվող դամբարանների կամ այլ գտածոների միջոցով:  Վիշապաքարերն ի հայտ են գալիս երկու հարթությունների՝ 2000-2400 և 2400-3000 մետր բարձրության վրա: Վիշապաքարերի տեղաբաշխությունը  հնարավորություն է տալիս պատկերացում կազմելու մեզնից հազարավոր տարիներ առաջ ապրած մարդկանց, նրանց գիտակցության ու աշխարհընկալման մասին: Պլատոնյան տեսության համաձայն՝ մշակույթը սկիզբ է առնում լեռներից, հետո աստիճանաբար իջնում է նախալեռներ:  Դաշտերում առաջանում են քաղաքները, իսկ քաղաքում մարդն աղճատվում է, հեռանում է իր նախնական վիճակից, առևտուրն ու շահն է առաջանում, ուստի  մարդը նորից  հեռանում է լեռներ և ամեն ինչ նորից է սկսում:


Այսօր երևանյան փողոցներում և անգամ Երևանից  դուրս կարելի է հանդիպել իրենց նախնական տեղանքից տարհանված վիշապաքարերի. «Սա մեծ սխալմունքի արդյունք է. հնագիտական այս կարևոր հուշարձաններն իրենց մայր լանդշաֆտից, մայր հողից հանել են և տեղափոխել տարբեր տեղեր: Այժմ դրանք  միայնակ ու լքված վիճակում են գտնվում:


Շատ կարևոր է նախնական տեղերի վերականգնումը: Հայաստանի տարածքում արդեն վերականգնվել են շուրջ 10 վիշապաքարերի տեղեր և դրանք վերադարձվել են իրենց մայր հողին»,- քննարկման ժամանակ հայտնեց պարոն Բոբոխյանը: Հնագետը նշեց նաև, վիշապաքարերն օժտված են  յուրահատուկ  էներգետիկայով  և մեծ կարևորություն ունեն հայկական մշակութային իրականության մեջ: Դրանք կամուրջներ են մեր և մեր նախնիների միջև: «Այսօրվա շատ տարածված տենդենց կա.  ինքներս մեզ համեմատում ենք այլոց հետ, մեր և այլ ժողովուրդների մշակույթների հետ փորձում ենք զուգահեռներ տանել, մեր աշխարհը ստորադասում ենք դրսի աշխարհին: Սակայն ինքներս մեր մեջ պիտի փնտրենք հավերժական մասունքը, զուգահեռը, մերը:


Մեր աշխարհը պարզ է և հասարակ, դրանով է այն յուրահատուկ, ինքնատիպ, հարուստ: Երբ մենք չենք ճանաչում մերը, սկսում ենք փնտրել այլոց մեջ: Բայց այն ինչ ունենք, արդեն իսկ հրաշալի է և կարող է ապահովել մեր տեղն այս մոլորակի վրա: Պարզապես պետք է փնտրել ու գտնել, բացահայտել ու ճանաչել»,- հանդիպման ավարտին նշեց պարոն Բոբոխյանը: Նա նաև հույս հայտնեց, որ վիշապաքարերը կդադարեն կամայականությունների զոհ դառնալ և կօգնեն մեզ ճանաչելու մեր տեսակը և կշարունակեն սնել մեր ժողովրդին ու մեր մշակույթը:

 

Անժելա Պողոսյան
ՍԵԵՄ լրագրողական ակումբ

Դիտվել է 6206
2014.11.12
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.