Ընթերցանություն
Գլխավոր>Քարոզներ>Կիրակնօրյա քարոզներ> Ով որ ձեր բոլորի մեջ փոքրագույնն է, նա է մեծը

Ով որ ձեր բոլորի մեջ փոքրագույնն է, նա է մեծը

Նա դառնալով իր աշակերտներին ասաց. «Լավ լսեցեք այս և մի մոռացեք. Մարդու Որդին մարդկանց ձեռքն է մատնվելու»: Սակայն աշակերտները չհասկացան այս խոսքի իմաստը…. Աշակերտներն սկսեցին վիճել իրար հետ, թե իրենցից ով է մեծը: Հիսուս իմանալով նրանց մտածումը, վերցրեց մի մանուկ և իր մոտ կանգնեցնելով ասաց. «Ով ընդունի այս մանկանը իմ անունով, ինձ ընդունած կլինի, և ով որ ինձ ընդունի, ընդունած կլինի ինձ ուղարկողին, որովհետև ով որ ձեր բոլորի մեջ փոքրագույնն է, նա է մեծը» (Ղուկաս 9:44-50)


Այսօրվա ավետարանական հատվածը նվիված է Երկնքի Արքայությանը, թե ինչպես են պատկերացնում այն Հիսուսի աշակերտները և ինչպիսին է այն իրականում:

Հիսուս տարբեր օրինակներով փորձում է բացատրել Երկնքի Արքայության խորհուրդը:  Այսօրվա օրինակում Հիսուս նախ խոսում է Իր չարչարանքների և խաչելութան մասին: Ինչպես տեսնում ենք Հիսուսի աշակերտները կրկին  սխալ են հասկանում Քրիստոսին: Նրանց պատկերացմամաբ Երկնքի Արքայությունը երկրային թագավորության նման հիմնված է ուժի և իշխանության վրա, որով և չափվում է մարդու մեծությունը: Նրանց վեճը, թե ով է մեծը Երկնքի Արքայության մեջ, սրա վկայությունն է:


Քրիստոս Իր կարճ ակնարկով ցույց տվեց երեխայի օրինակը, թե ով ձեր մեջ փոքրագույնն է, նա է մեծը: Այս կեպ Նա սովորեցրեց, որ Արքայության ճանապարհը կարող ենք անցնել խոնարհությամբ, ծառայությամբ և սիրով:  Ամեն երկրային թագավորություն կառուցված է ուժի և զորության վրա, իսկ Երկնքի Թագավորությունը՝ սիրո: Այդ Թագավորությանը մաս կազմելու համար կարևոր է մեր արձագանքն այդ սիրուն: Իսկ երեխաներն իրականում բաց են աստվածային սիրո և ներգործության առաջ, ոչ թե նրա համար, որ անմեղ են, այլ որորվհետև պարզ են ու անկեղծ: 


Քրիստոս կանխատեսելով և պատմելով Իր խաչելության մասին, ամենքիս հրավիրում է հետևելու խաչի սրբագործող ճանապարհին՝ մեզ տալով խոնարհության և ծառայության օրինակը: Ավետարանի այսօրվա հատվածը ևս ընդգծում է Քրիստոսի ցանկությունը ամենքիս փրկելու և Երկնքի Արքայություն առաջնորդելու: Պարզապես կարևոր է մեր ցանկությունը և պատրաստակամությունը ընդունելու Տիրոջ փրկության հրավերը: Մեղքի արդյունքնում մենք կորցնում ենք այդ ցանկությունը: Ապրում ենք այնպես, ասես ավելի շատ կախված ենք մեր և մարդկանց՝ մեր սեփական անձի գնահատականներից, ինչն արտահայտվում է նույն  այն մտահոգությամբ, որը կար Քրիստոսի աշակերտների մոտ, թե ով է մեծը: Այսօր ավելի մեզ հետաքրքրում է այս հարցը, փոխարենը ինքներս մեզ հարցնելու, թե որքանով մենք մոտ ենք կանգնած Տիրոջը, որքանով հետևում ենք Տիրոջ օրինակին: Մեզ համար մեծության չափանիշը դրամ և պաշտոն ունենալն է, այստեղից էլ մեր նյութական մյուս բոլոր մտահոգությունները:


Քրիստոս մեզ տալով խոնարհության օրինակը, թե մեծը նա է ով ձեր մեջ փոքրագույնն է, նպատակ չունի մեզ թերագնահատել, այլ՝ ցույց է տալիս ծառայության և թույլին օգնելու անհրաժեշտությունը: Չէ՞ որ Ինքը ևս այդպես ապրեց. խոնարհվեց, որպեսզի ծառայի մեզ:
Առանց ծառայասիրության, թույին ու անտեսվածին օգնելու պատրաստակամության, մեծ լինելու հարցը կորցնում իր իմաստը: Մեր կյանքի օրինաչափությունն այլ է: Մեր պատկերացմամաբ  մեծ է նա, ով զորեղ է կամ հարուստ, իսկ Երկնքի Արքայության մեջ սեփական զորությունը ոչինչ չի նշանակում և որքան մարդը նյութական իրականությանը քիչ է ուշադրություն դարձնում և կարևորում, այնքան Աստծո զորությունն է գործում իր կյանքում: Իսկ Աստծո զորությունը ուժով չէ, որ հայտնվում է մեր կյանքում, ինչպես մտածում էին առաքյալները, երբ Սամարիայի գյուղերից մեկը մերժեց Հիսուսին և աշակերտները ցանկություն հայտնեցին երկնքից իջած կրակով պատժեն այդ մարդկանց: Գյուղը ոչնչացնելով պարզապես սեփական ուժդ ու զորությունդ ես ի ցույց դնելու և ոչ թե՝ Աստծո զուրությունը: Դրա համար Հիսուս թույլ չտվեց ասելով, որ Մարդու Որդին չեկավ կորստյան մատնելու: Երկնքի Արքայությունը բռնությամբ չէ, որ տիրելու է մարդկանց: Երկնքի Արքայություն մտնելու համար մարդը պետք է կենդանի հարաբերություն ունենա Տիրոջ հետ, որը արտահայտվում է սիրով ու վստահությամբ: Երկնքի Արքայությունը բաց է բոլորի համար, սակայն կա մեկ պայման. այն պետք է ամենակարևոր և առաջին տեղում լինի բոլոր այն մարդկանց, ովքեր ցանկանում են արժանանալ փրկության: Այնտեղ մեծության խնդիր չկա, քանի որ Աստծո արքայության մեջ մարդիկ պարզապես ապրում են, ոչ թե գոյատևում: Այս կյանքում է, որ գոյության պայքար ենք մղում՝ իրար ոչնչացնելով սեփական զորությունն ու մեծությունը փաստելով:


Ինչո՞ւ Երկնքի Արքայության մեջ մեծության հարցը իրական չէ, քանի որ այնտեղ չկան ղեկավարներ կամ պաշտոնյաներ, կա միայն ծառայության պահանջ և ով այն կկատարի նվիրումով, նա էլ մեծ կհամարվի, որին Երկնքի Արքայության մեջ ոչ թե լավագույն տեղերը բաժին կհասնի, այլ ավելի պատասխանատու ծառայություն կտրվի:
Այսօրվա մեր կյանքի ամենասարսափելի իրողություններից մեկն այն է, որ դիմացինին անընդհատ ինչ որ բան ենք ցանականում ապացուցել: Սա մեծության հասնելու մեր խղճուկ պատկերացումն է, սրանից ավելին մարդուց չենք կարող ոչինչ ակնկալել: Սակայն Քրիստոս Իր սիրով մեզ տալիս է հնարավորությունն ավելին անելու՝ ծառայելու մանուկներին, ովքեր տարիքով փոքր երեխաները չեն միայն, այլ նաև՝ անտեսված, կարիքավոր և թույլ մարդիկ են: Եթե երեխաների մաքուր ու անկեղծ հոգիները այն հայելիներն են, որոնց մեջ Աստված տեսնում է Իր հանդեպ ունեցած մեր սերը, ապա անտեսված, կարիքավոր և թույլ մարդիկ այն անդաստանն են որտեղ գործնականում արտահայտվում է մեր սերն առ Աստված, որին վայելում է փառքը և պատիվը հավիտյան. ամեն:

 

Տ. Եսայի քհն. Արթենյան    
 

Դիտվել է 506
2014.11.16
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.