Ընթերցանություն
Գլխավոր>Լրագրության խմբակ>Սնոտիապաշտություն> Սնահավատություն: Որովհետև չճանաչեցին Աստծուն

Սնահավատություն: Որովհետև չճանաչեցին Աստծուն

Անգլիացի հայտնի պատմաբան Առնոլդ Թոյնբին ասում է. «Անհավատ մարդ չկա: Բոլորն էլ ունեն հավատ՝ գիտակցված կամ անգիտակից»:
Սնահավատություն բառն ինքնին ամեն ինչ ասում է՝ հավատալ սին, փուչ երևույթների: Ճիշտ է, Աստվածաշնչում ասվում է ՝ «Առանց հավատքի անհնար է հաճելի լինել Աստծուն» (Եբրայեցիներ 11.6), սակայն այստեղ առանցքային է ոչ թե զուտ «հավատք» բառը, այլ այն, թե ինչին ես հավատում:


Սնահավատ մարդը սկսում է հավատալ ոչ թե Աստծուն, այլ տարատեսակ նշանների և երևույթների: Իսկ երբ երևույթներին տրվում է ավելի մեծ իմաստ և նշանակություն, քան Աստծո խոսքին, ապա դրանք վերջիվերջո սկսում են իշխել մարդուն:
«Որովհետև ճանաչեցին Աստծուն, բայց իբրև Աստված չփառավորեցին Նրան, այլ իրենց մտածումների մեջ նանրացան, և նրանց սրտերը անմտությամբ խավարեցին» (Հռոմեացիներ 1.21):
Կատվի գույնով կամ նվիրած ծաղկի զույգ կամ կենտ լինելով որոշվում է, թե ինչպես կանցնի օրը: Փաստորեն, ի՞նչ արժեք ունի մեր որոշումը, եթե սև կատուն կարող է փոխել այն: Աղը թափվեց՝ կռիվ կլինի: Մարդիկ այնքան են սկսում հավատալ այս նշաններին ու կենտրոնանալ դրանց վրա, որ ուզած թե չուզած օրվա ընթացքում մի կռիվ կստեղծեն, վերջում էլ ամեն ինչ կբարդեն թափված աղի վրա:


«Սնահավատ չեմ, բայց զգուշանում եմ նշաններից: Ինձ շատ են պատմել, մանավանդ տատիկներս, որ դրանք հորինված չեն, այլ ճիշտ են: Չեմ հավատում, բայց ներքուստ ինչ-որ վախ կա մեջս»,-ասում է Կարինեն, ով երկար պատմեց տարբեր դժբախտ դեպքերի մասին, սակայն  վերջում կրկին պնդեց, որ սնահավատ չէ, այլ զգուշավոր:
«Սնահավատությունը անկալունակություն է: Երբ մտածում ես, օրինակ, առանց թալիսմանի կամ սիմվոլի չես կարող ոչինչ անել: Կամ, եթե դրանք կորցնես, դժբախտություն կլինի»,- բացատրեց հոգեբան Անի Մուրադյանը:


Ճշմարիտ հավատը հույս է ծնում, իսկ սնահավատությունը՝ վախ: Այս դեպքում մարդ շղթայվում է իր արարքների մեջ, սկսում է առաջնորդվել ոչ թե Աստծո պատվիրաններով, այլ փուչ երևույթներով: Վախենում է այնտեղ, որտեղ պետք է հավատալ և հավատում  է այնտեղ, որտեղ պետք է վախենալ:
Մարդ իրեն քրիստոնյա անվանելով սայթաքում է հենց առաջին պատվիրանի առաջ. «Ես եմ քո Տեր Աստվածը, Ինձնից բացի այլ աստվածներ թող չլինեն քեզ համար»:
«Սնահավատությունը շատ արագ է տարածվում, որովհետև մարդիկ շուտ են հավատում հորինված բաներին: Ու ընդհանրապես մանավանդ հայերիս մեջ նստած է բնավորության այն գիծը, որ ամեն ինչ փորձում ենք գցել ուրիշի վրա ու խուսափել պատասխանատվությունից: Ինձ թվում է, դա է այս երևույթի այսքան տարածված լինելու պատճառը»,-ասաց Մարին:
18-րդ դարի լուսավորիչ Ֆ. Վոլտերը ասել է. «Սնահավատ մարդը հասարակության մեջ նույնն է, ինչ վախկոտ զինվորը զորքի մեջ: Նա թեև իրենից ոչինչ չի ներկայացնում, սակայն հեշտորեն խուճապ է տարածում իր շրջակայքում»:


«Մի թևնոց ունեի, որի հետ շատ էի կապված: Դրա վրա պտտվող քար կար ու ամեն անգամ, երբ տխուր էի լինում այդ քարի հետ խաղում էի և հանգստանում: Վերջերս թևնոցս կորցրեցի ու ամեն ինչ գլխիվայր  շուռ եկավ: Խուճապի մեջ էի, չգիտեի ինչ անել: Ոնց որ առանց ձեռք ու ոտքի լինեի: Բայց հիմա մտածում եմ, որ ուղղակի շատ էի կենտրոնացել թևնոցի վրա»,- պատմեց 19-ամյա Լիլիթը:


«Թալիսմանը իր է, որը վստահություն է ներշնչում և մտածում ես, որ նրա հետ միասին դու կարող ես ամեն ինչ հաղթահարել: Սա ավելի հաճախ չկայացած անձանց մոտ է դրսևորվում, երբ առանց թալիսմանի նրանք ընկնում են խուճապի մեջ»,-պարզաբանեց հոգեբանը:
Սնահավատությունն այն է, որ անգամ եկեղեցի գնալիս մտածում ես ոչ թե Աստծո, Նրա պատվիրանների, այլ այն մասին՝  զույգ մոմ վառես, թե՝ կենտ: Իսկ եթե մոմը կեսից հանգչի, ուրեմն վերջ, դժբախտությունն անխուսափելի է: Սակայն. «Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել. կա՛մ մեկին կատի և մյուսին կսիրի, կա՛մ մեկին կմեծարի և մյուսին կարհամարհի» (Մատթեոս 6.24):


«Սնահավատություն: Որովհետև չճանաչեցին Աստծուն» շարքի հետագա հոդվածներում կանդրադառնանք մի շարք «սին» երևույթների՝ փորձելով տալ դրանց ճշմարիտ բացատրությունները:

 


Հասմիկ Թամամյան
ՍԵԵՄ լրագրողական ակումբ

Դիտվել է 493
2014.12.02
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.