Ընթերցանություն

Մեծ խնջույքի առակը

Իրեն հրաւիրողին էլ ասաց. «Երբ ճաշ կամ ընթրիք ես տալիս, մի՛ կանչիր ո՛չ քո բարեկամներին, ո՛չ քո եղբայրներին, ո՛չ քո ազգականներին եւ ո՛չ էլ քո հարուստ հարեւաններին, որպէսզի նրանք էլ փոխարէնը քեզ չհրաւիրեն, եւ քեզ հատուցում լինի։ Այլ, երբ ընդունելութիւն անես, կանչի՛ր աղքատներին, խեղանդամներին, կաղերին ու կոյրերին եւ երանելի կը լինես, որովհետեւ փոխարէնը քեզ հատուցելու ոչինչ չունեն։ Եւ դրա փոխարէն քեզ կը հատուցուի արդարների յարութեան օրը»։ Երբ սեղանակիցներից մէկը այս լսեց, ասաց նրան. «Երանի՜ նրան, ով ճաշ կ’ուտի Աստծու արքայութեան մէջ»։ Եւ Յիսուս ասաց. «Մի մարդ ընթրիք սարքեց եւ հրաւիրեց շատերին։ Եւ ընթրիքի ժամին իր ծառային ուղարկեց՝ կանչելու հրաւիրուածներին, թէ՝ “Եկէ՛ք, որովհետեւ ահա ամէն ինչ պատրաստ է”։ Եւ ամէնքը մէկ-մէկ սկսեցին հրաժարուել։ Առաջինն ասաց. “Ագարակ գնեցի եւ պէտք է, որ գնամ տեսնեմ. խնդրում եմ քեզ, ինձ հրաժարուա՛ծ համարիր”։ Եւ միւսն ասաց. “Հինգ լուծ եզներ գնեցի. գնում եմ դրանք փորձելու. խնդրում եմ քեզ, ինձ հրաժարուա՛ծ համարիր”։  Իսկ միւսն ասաց. “Կին եմ առել, դրա համար էլ չեմ կարող գալ”։ Եւ ծառան եկաւ ու իր տիրոջը պատմեց այս։ Այդ ժամանակ, բարկանալով, տանտէրն իր ծառային ասաց. “Իսկոյն դո՛ւրս եկ քաղաքի հրապարակներն ու փողոցները եւ աղքատներին, խեղանդամներին, կաղերին ու կոյրերին բեր մտցրո՛ւ այստեղ”։ Եւ ծառան ասաց. “Տէ՛ր, ինչ հրամայեցիր՝ կատարուեց եւ էլի տեղ կայ”։ Եւ տէրը ծառային ասաց. “Դո՛ւրս եկ ճանապարհներն ու ցանկապատների առաջ եւ մարդկանց այստեղ մտցրո՛ւ, որպէսզի տունս լցուի”։ Ասում եմ ձեզ, որ այդ հրաւիրուածներից ոչ ոք իմ ընթրիքից չի ճաշակի»։ (14.16-24)

 

Ընթրիքը Աստծո ներկայությունն է, Աստված Ինքն է, որ իր ներկայությամբ լցնում և լիացնում է Իր զավակներին: Այլ մեկնիչներ «ընթրիքը» Քրիստոսի Ավետարանը, Աստծո կենսատու խոսքն են համարում: Քրիստոս Իր խոսքով հագեցրեց մարդու էության մեջ գոյություն ունեցող Աստվածադիր ծարավը: Ընթրիքը փառավոր է, որովհետև «ընթրիքը» նույն Ինքն Քրիստոսի Անձն է: Արդարև, «մեծ ընթրիք» ասվածի բացատրությունն այն է, որ Քրիստոս Ի՛նքն է իսկական կերակուրը, ճշմարիտ հացը, որ կարող է հագեցնել մարդու սիրտն ու հոգին: Ընթրիքին «շատերը հրավիրվեցին», Փրկչի գալուստն ու փրկությանը ընդգրկվելու հրավերը ուղղված չէ մարդկանց որոշ դասակարգին միայն, այլ անխտիր բոլորին: Բազմաթիվ են Աստվածաշնչյան վկայություններն այս մասին, Պողոս առաքյալը հաստատում է. «Ա՛յդ է բարին, և ա՛յդ է փափագում Աստված՝ մեր Փրկիչը: Նա ուզում է, որ բոլոր մարդիկ փրկվեն և հասնեն ճշմարտության ճանաչմանը, թե մե՛կ Աստված կա միայն, և մե՛կ միջնորդ Աստծո և մարդկանց միջև՝ Հիսուս Քրիստոս մարդը, որ Ինքն իրեն տվեց որպես փրկագին բոլոր մարդկանց համար» (Ա Տիմոթեոս 2.3-6):


Առակում «շատերը» բառն է ասված և ոչ թե «բոլորը», որովհետև Քրիստոս Իր երկրային կյանքի ընթացքին իր փրկությունը ուղղեց միայն հրեաներին և ոչ թե աշխարհի բոլոր ժողովուրդներին: Երբ Իր աշակերտներին ուղարկեց քարոզելու, պատվիրեց չմտնել հեթանոսների շրջանները և սամարացիների քաղաքները, այլ գնալ հատկապես Իսրայելի տան կորած ոչխարների մոտ (Մատթեոս 10.5-6): Բայց Իր հարությունից հետո, Հիսուս պատվիրեց իր փրկությունը տարածել բոլոր ժողովուրդների մեջ: Ընթրիքը օրվա ավարտին է տեղի ունենում: Ինչպես օրվա ծանր աշխատանքից հետո հաջորդում է ընթրիքը և հանգիստը, այնպես էլ, երբ մեր երկրավոր կյանքի հավատքի ու աշխատանքի օրերը իրենց ավարտին հասնեն, Տիրոջ պարգևած ընթրիքի և հանգստի առջև դեմ հանդիման  պիտի կանգնենք:


Կյուրեղ Մեծը բացատրում է, թե Քրիստոսի կողմից տրվածը «ընթրիք» է կոչվել, որովհետև ընթրիքը երեկոյան և գիշերվա միջև է տեղի ունենում, և որովհետև մեր իսկական «ընթրիքը»՝ Քրիստոս, Ինքն ևս այդ նույն ժամին ընծայվեց խաչին: «Ընթրիքի ժամին» արտահայտությունը երկու իմաստ ունի. այն ժամանակների ավարտին, երբ Աստված մարդկանց փրկության համար աշխարհ ուղարկեց Իր Որդուն, նաև երբ ապաշխարելու և փրկության գալու կոչ է ուղղվում մարդ անհատին: Պողոս առաքյալը ասում է. «Բայց հիմա հարմար ժամանակը հասած համարելով՝ Աստված աշխարհ ուղարկեց իր Որդուն» (Գաղատացիներ 4.4): «Իր ծառային ուղարկեց». ծառա ասելով`Քրիստոս նկատի ունի առաքյալներին: Ծառան երեք անգամ է ուղարկվում հրավիրյալներին ընթրիքի կանչելու: Քրիստոս Իր աշակերտների միջոցով երեք անգամ փրկության հրավեր ուղղեց հրեաներին: Առաջին անգամ ուղարկեց իր 12 առաքյալներին (Ղուկաս 9.1-6), երկրորդ անգամ՝ 72 աշակերտներին (Ղուկաս 10.1), իսկ երրորդ անգամ իր հարությունից հետո ուղարկեց իր առաքյալներին (Մատթեոս 28.18-20), որոնք, հակառակության հանդիպելով, գնացին ողջ աշխարհով մեկ քարոզելու. «Բայց երբ Սուրբ Հոգին իջնի ձեզ վրա, զորությամբ կլցվեք և իմ վկաները կլինեք Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում ու Սամարիայում և մինչև աշխարհի ծայրամասերը» (Գործք Առաքելոց 1.8): «Ուղարկեց, որ հրավիրվածներին ասի», շատ կարևոր է ուղարկել բառը, Պողոս առաքյալը ասում է. «Ինչպե՞ս քարոզեին՝ առանց Աստծուց առաքված լինելու»(Հռոմեացիներ 10.15): Առաքյալի այս խոսքը հաստատում է, որ Քրիստոսին քարոզող մարդը անպայման Աստծո կողմից ուղարկված պիտի լինի: «Եկե՛ք». ամբողջ Աստվածաշունչը ուղղակի և անուղղակի կոչ է անում գնալու դեպի Աստված և դեպի փրկություն:


Տարբեր առիթներով Հիսուս դարձյալ ասում էր. «Եկե՛ք, ինձ մոտ» (Մատթեոս 11.28): Հիսուս մեզ չի հրավիրում դեպի Իրեն, որովհետև մեր կարիքն ունի, ընդհակառակը, մեզ հրավիրում է դեպի Իրեն գնալու, որովհետև գիտի, որ մե՛նք է, որ Իր կարիքն ունենք: «Ամեն ինչ պատրաստ է». ցույց է տալիս, որ Հիսուս Իր փրկությունը տվեց մարդկանց ձրիաբար և առանց պայմանի, Ինքն անձնապես պատրաստեց մեր փրկությունը, Ինքը կամովին մեզ փրկեց: Կյուրեղ Մեծը այս մասին ասում է.«Մեր երկնավոր Հայրը Ի՛նքն է, որ մարդկանց համար պատրաստում է այն շնորհները, որ Իր Որդու միջոցով տրվեցին բոլորին, որոնք են՝ մեղքերի թողություն, Սուրբ Հոգու հաղորդակցություն, որդեգրություն և երկնքի արքայություն, Քրիստոս բոլոր ազգերից առաջ նախ Իսրայելին հրավիրեց իր օրհնություններին Ավետարանի միջոցով»: Առակում երեք անձեր երեք տարբեր պատճառաբանություններով մերժում են հրավերը: Առաջինը ասում է. «Արտ գնեցի, պիտի գնամ տեսնեմ», «արտը» աշխարհն է խորհրդանշում: Արտ գնողը աշխարհին կապված մարդն է., որ չի կարող ընդառաջել Ավետարանի հրավերին, հրեաները ակնկալում էին երկրային թագավորություն: «Գնամ» և «տեսնեմ» գործողություն ցույց տվող բառերը ներկայացնում են այն մարդկանց, որ գործում են աշխարհի և աշխարհայինի համար, ովքեր բոլորովին կուրացած են հոգևոր ճշմարտությունից:


Մյուսն ասաց. «Հինգ զույգ եզ գնեցի, պետք է գնամ դրանք փորձելու, հետևաբար խնդրում եմ, որ ներողամիտ լինի», եթե արտ գնող մարդը աշխարհին կապված մարդն է, ապա «հինգ զույգ եզ գնողը» աշխարհային ցանկություններով, մտահոգություններով և գործերով տարված մարդն է: Եզը խորհրդանշում է աշխարհային գործերը, մտահոգությունները, ցանկությունները, փափագները և այլն: Երրորդն ասաց. «Դեռ նոր եմ ամուսնացել, հետևաբար չեմ կարող գալ», եթե առաջին երկուսը ասացին, որ ներողամիտ գտնվեն, իսկ երրորդն ասաց՝ չեմ կարող գալ: Ոչ թե չէր կարող, այլ չէր ուզում գնալ: Եթե մարդ «չի կարող» ընդառաջել արքայության հրավերին, ապա մեղադրելի կլինի Աստված, իսկ եթե մարդ «չի ուզում» ընդառաջել այդ հրավերին, ապա ինքն է մեղադրելի:


Ամուսնությունը արգելք չէ Քրիստոսի հրավերը  ընդունելու համար, որովհետև այն օրհնվում է Աստծո կողմից: Բայց ճշմարտությունն այն է, որ ընտանեկան խնդիրները, հարազատները, ազգականները կարող են արգելք հանդիսանալ, որ մենք հետևենք Աստծուն: Ամուսնությունը այստեղ հասկացվում է նաև որպես աշխարհի հետ ամուսնություն: «Ծառան վերադարձավ և իր տիրոջը պատմեց նրանց ասածները: Այն ժամանակ տան տերը վրդովված ասաց ծառային. «Իսկույն գնա՛ քաղաք և հրապարակների վրա ու փողոցներում որքան աղքատ, խեղանդամ, կաղ և կույր մարդ տեսնես, բոլորին էլ այստե՛ղ բեր»,: Ծառայի վերադարձն իր տիրոջը հիշեցնում է մեզ, որ հոգևոր առաքելության մեջ կանչված ամեն անհատ մի օր պիտի կանգնի Քրիստոսի ատյանի առաջ և հաշիվ տա իր արած և չարած գործերի համար: «Տերը»՝ Քրիստոս, վրդովվում է և տրտմում, որ հրեաները մերժեցին ընդառաջել փրկության կոչին: «Քաղաքը» Երուսաղեմն է, փրկության հրավերը առաջին անգամ այստեղ էր, որ պիտի հնչեր և տարածվեր դեպի «հրապարակները ու փողոցները», ապա դառնար սեփականությունը ողջ Հրեաստանի, Սամարիայի և աշխարհի:


Հրապարակ, փողոց, աղքատ, խեղանդամ, կաղ և կույր բառերը պարզում են այն, որ հասարակ խավը, այլ խոսքով՝ աղքատ և անուս խավին պատկանող հրեաների մի մասը ընդառաջեց արքայության հրավերին, մերժողները եղան ընդհանրապես ուսյալ ու հարուստ մարդիկ, առաջին հերթին՝ փարիսեցիները, օրենքի ուսուցիչները: Աղքատ, խեղանդամ, կաղ և կույր մարդիկ հեթանոս աշխարհն են խորհրդանշում, որ կույր էր հոգով: Նրանք շուտով ընդառաջում են արքայության հրավերին, որովհետև կապված չեն աշխարհին, նյութականին: Ծառան վերադառնում է, և Տիրոջը ասում, որ իր հրամանը կատարել է, և դեռ տեղ կա: Տերն էլ ասում է ծառային, որ ճանապարհների վրա և դաշտերում ում որ գտնի, ստիպի, որ գան, որպեսզի տունը լցվի: Ճանապարհների վրա և դաշտերում գտնվող մարդիկ հեթանոսներն են, ստիպել նշանակում է. համոզել, որ գան ընթրիքի, քանի որ. «Փրկությունը…Աստծո պարգևն է» (Եփեսացիներ 2.8): «Որ տունը լցվի», սա Աստծո սիրո արտահայտությունն է մարդկանց հանդեպ: «Ասում եմ ձեզ, որ առաջին հրավիրվածներից ոչ մեկն իմ ընթրիքից չի ճաշակի», առաջին հրավիրվածները փարիսեցիներն ու օրենքի ուսուցիչներն էին, բայց սա բացարձակ իմաստով չենք կարող հասկանալ, նրանցից օրինակ՝ Նիկոդեմոսը (Հովհաննես 3.1-4),Պողոս առաքյալը (Փիլիպեցիներ 3.5) և նույնիսկ քահանաներ(Գործք առաքելոց 6.7) հավատացին Հիսուսին»:

 

Վաղինակ վրդ. Մելոյան «Հիսուս Քրիստոսի առակների բացատրությունը»

Դիտվել է 807
2014.12.07
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.