Ընթերցանություն
Գլխավոր>Խուլերի համայնք> Խոսք, որ սովորեցնում է ապրել և երջանկանալ

Խոսք, որ սովորեցնում է ապրել և երջանկանալ

Ավետարանական «Ուռկանի առակ»-ի համաձայն՝ ուռկանը՝ Աստծո խոսքը, ձկնորսների՝ Քրիստոսի, Իր առաքյալների և հետագայում հոգևորականների կողմից նետվել է և նետվում է ծով՝ աշխարհ: Եվ մնալու է այնքան ժամանակ՝ մինչև Քրիստոսի երկրորդ գալուստը, որ բոլոր ձկները՝ մարդիկ, ականջալուր լինեն Աստծո խոսքին: Այսպես են մեկնաբանում այս առակը եկեղեցական հայրերը:


Եվ այդ ուռկանը՝ Աստծո խոսքը, 2005թ-ից թափանցեց նաև  Նորքի թիվ 15-րդ և Զեյթունի թիվ 9-րդ դպրոցներ: Աստծո խոսքը այս դպրոցների երեխաներին՝ խուլերին, հասանելի դարձրեց Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եսայի քահանա Արթենյանը, նույն դպրոցի ժեստերի լեզվի մանկավարժ Զուբեյդա Մելիքյանի թարգմանությամբ: Երեխաները՝ փոքրից մինչև  մեծ, հայտնվեցին իրենց համար մի նոր և չբացահայտված աշխարհում, ինչը շատերի կյանքը շրջադարձային փոխեց: Հետագայում դպրոցները միավորվեցին, և այսօր էլ խուլ երեխաները Աստծո խոսքին ունկնդիր են լինում արդեն Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում (ԼԽՈՒԵ): Այս դասերը նպաստեցին, որ շատ խուլեր չանդամակցեն կրոնական այլ կազմակերպություններին, իսկ որոշ անդամագրվածներն էլ վերադարձան դեպի իրենց Մայր եկեղեցին: Դպրոցի երեխաները Սբ. Երրորդություն եկեղեցում հաճախակի մասնակցում են նաև Սուրբ Պատարագին:


«Այն, որ խուլերը հաճախում են եկեղեցի, դա իրենց վաստակն է: Իրենց ցույց է տրվել  աստվածահաճո ճանապարհը, և իրենք են որոշել քայլել այդ ճանապարհով՝ դրսևորելով կամքի մեծ ուժ, սեր մեկը մյուսի և մարդկանց նկատմամբ»,- նշում է Տեր Եսային:

Ծանոթանալով խուլ երիտասարդ  և ավագ սերնդի ամուսիների կյանքին՝ մեկ անգամ ևս համոզվում ես Աստծո խոսքի զորեղ նշանակության և ազդեցության մասին:


Աշխեն Մարտիրոսյանը 2008թ-ին դպրոցն ավարտելուն պես, սկսեց այցելել Սուրբ Երրորդություն եկեղեցի: Գալուց ի վեր ակտիվորեն մասնակցել է ՍԵԵՄ ակումբի դասերին, ուխտագնացություններին և միջոցառումներին: «Դեռևս դպրոցում Տեր Եսայից լսելով Աստծո խոսքը՝ ես ճաշակեցի այդ խոսքի քաղցրությունը, այն ամբողջովին սիրտս գրավեց: Իսկ հաճախելով եկեղեցի՝ ես գտա իմ Սուրբ Տունը՝ Սուրբ Երրորդությունը, և իմ հոգևոր հորը, իմ քահանային՝ Տեր Եսային: Այս եկեղեցում ես հանդիպեցի Աստծուն: Տիկին Զուբեյդան մեզ սովորեցրեց «Տերունական աղոթք»-ը, սկսեցի աղոթել ժեստերի լեզվով»,- պատմում է Աշխենը մեծ խանդավառությամբ:

Ապա նույն խանդավառությամբ շարունակում է. «Եթե իմ կյանքում չլիներ ժեստերի լեզուն իմացող Տեր Եսային, տիկին Զուբեյդան ես կմոլորվեի, չէր իմաստավորվի իմ կյանքը, չէի կարողանա աղոթել, միայն մոմ կվառեի և դուրս կգայի եկեղեցուց: Քահանան կա, թարգմանիչը կա, ես շատ գոհ եմ, քանի որ ժեստերի լեզվով ամեն ինչ հասկանալի է և պարզ: Սբ. Պատարագը սահուն երգի նման է ինձ համար: Ամեն անգամ Սբ. Հաղորդություն ստանալով ջերմանում եմ, զգում եմ Քրիստոսին իմ մեջ»:


2009 թ-ի սեպտեմբերին Աշխենը խուլերի մշակութային պալատում ծանոթանում է Արմենի՝ իր ապագա ամուսնու հետ և երկու ամիս անց նրան էլ է բերում իր Սուրբ Տունը՝ Սուրբ Երրորդություն: Իրենց ծանոթությունը ամրապնդվեց և իր շարունակությունը ունեցավ Աստծո տան օրհնության ներքո: Ամուսնության առաջարկ, ամուսնություն, ապա Աստծո օրհնությունը՝ իրենց սիրո պտուղը՝ իրենց հրաշք բալիկը: «Ամեն ինչ իմ կյանքում Աստծով է եղել»,- ուրախությամբ նշում է Աշխենը:

Ամուսնանալով Գյումրի՝ Աշխենը շատ է կարոտում իր Սուրբ Տունը, իր Տեր Հորը, իր թարգմանչին՝ իր մայրիկին՝ իր Զուբեյդային, խուլերին և բոլոր նրանց, որոնց հետ ծանոթացել է իր Սուրբ Տանը: Իր երազանքի և կարոտի մասին հաճախակի է գրում տիկին Զուբեյդային. «Ի՜նչ լավ կլիներ, որ Սուրբ Երրորդություն եկեղեցին իր ամբողջ կազմով հայտնվեր այստեղ»:


Հղիության ողջ ընթացքում Աշխենը Գյումրիից ամիսը մեկ անգամ եկել է Սուրբ Երորդություն եկեղեցի, աղոթել իր ընտանիքի և իր զավակի համար:

Աշխենի հավատքի հիմքը և շենքը կառուցվել է թե՛ դպրոցում և թե՛ Սուրբ Երրորդություն եկեղեցում իր ստացած հոգևոր գիտելիքների հիման վրա: Իսկ խուլ աղանդավորների փորձերը խարխլելու նրա և իր ամուսնու հավատի շենքը, ապարդյուն են անցնում: Աղանդավորի յուրաքանչյուր հարցին նրանց պատասխանները վստահ են և հաստատուն. «Մենք գտել ենք մեր Աստծուն, մե՛ր Սուրբ Տունը, մե՛ր թարգմանչին և մե՛ր քահանային»:
Աշխենը ցանկանում է, որ իր տղան լինի իր հայրիկի նման ոսկի մարդ, մեծանա Քրիստոսի առակների դաստիարակությամբ. «Քանի որ տղաս թարգմանչի կարիք չունի, նրան անպայման կտանեմ  Գյումրիի եկեղեցի, նաև կիրակնօրյա դպրոց, որ Աստծո խոսքը լսելով մեծանա»:
Նա մեկ ուրախություն ևս կիսեց մեզ հետ: Դիզայների և կարուձևի մասնագիտություններն ստացած Աշխենը այս տարվա սեպտեմբեր ամսից մի նոր մասնագիտություն ստանալու հնարավորություն ունեցավ: Նա հաճախում է դիմահարդարման դասընթացին, որ կազմակերպվել է Սուրբ Երրորդություն եկեղեցու կողմից «Վորլդ Վիժն Հայաստան» զարգացման և բարեգործական միջազգային կազմակերպության աջակցությամբ:


Աստծո խոսքը 52-ամյա Օֆելյա Նազարեթյանի կյանքը ևս շրջադարձային փոխեց: Շատ լավ է հիշում այն օրը, երբ ֆիզիկապես և հոգեպես շատ ծանր վիճակում էր, և իրեն այցելության եկավ Զուբեյդա Մելիքյանը: Նա Օֆելյային առաջարկեց միասին եկեղեցի գնալ:

«Չեմ մոռանա այդ օրը՝ 2012 թ Սբ. Զատկի տոնի օրը: Շնորհակալ եմ Զուբեյդայից, Տեր Եսայից, իմ հոգին զարթնեց, շատ քիչ էր մնացել, որ ես խորտակվեի: Մինչ եկեղեցի գալը, ես հաճախում էի կրոնական այլ կազմակերպություն: Այժմ ամեն կիրակի ամուսնուս հետ գալիս ենք Սբ. Պատարագի, Սբ. Հաղորդություն ստանում, երեկոյան մասնակցում ենք քարոզին: Սկզբից, երբ տեսա, որ բոլորը երիտասարդ են, չէի ուզում գալ, բայց հետո հասկացա, որ Աստծո խոսքի կարիքը ունեմ»,- պատմում է Օֆելյան:
Այժմ Օֆելյան և իր ամուսինը չեն պատկերացնում կիրակին առանց եկեղեցու, առանց Սբ. Պատարագի, առանց այս համայնքի. «Այստեղ մենք շատ լավ մարդկանց հանդիպեցինք, իսկ երիտասարդ խուլերից մենք շատ բան ունենք սովորելու: Շատ ենք սիրում բոլորին՝ թե՛ խոսող և թե՛ խուլ: Մենք հավասար ենք և նման ենք իրար»:


Օֆելյայի անկեղծ  հավատքը հիացրել է երիտասարդաց միության անդամ Արաքսին. «Ինձ միշտ ցնցել է երեխայի նման իր հավատքը: Աղոթելիս նա կարծես ճախրում է երկնքում: Երանի Օֆելյայի նման հավատք ես էլ ունենայի»:

«Ինչպես բոլոր խուլերի, այնպես էլ ժպտերեսիկ, աշխույժ, անկեղծ Աշխենի հետ իմ ծանոթությունը ցանկություն  առաջացրեց սովորելու ժեստերի լեզուն, քանի որ կարիք ունեի ճանաչելու նրանց անկեղծ ու մաքուր աշխարհը: Առ այսօր տարբեր պատճառներով լիարժեք չեմ ուսանել այդ աստվածատուր լեզուն, բայց և հույսով եմ, որ Աստծո օգնությամբ ինձ համար հաղթարելի կդառնան բոլոր դժվարություններն ու խնդիրները»,- ասաց  Սուրբ Երրորդություն եկեղեցու երիտասարդաց միության անդամ Կարինեն:


Իսկ խուլերից Գրետա Ավագյանի համար Օֆելյան մեծ կամքի ուժի, մեծ հավատքի, հերոսության մի օրինակ է. «Երբ իր անցած ճանապարհի մասին կիսվեց ինձ հետ, մտածեցի, որ նույն սխալները չպետք է կրկնեմ, չպետք է վախենամ դժվարություններից: Կարող է լինեն սխալներ, բայց պետք է անցնել սխալների, փորձությունների միջով Աստծո օգնությամբ: Շատ ուրախ եմ, որ իմ կողքին նման ընկեր ունեմ, հիմա մենք ընտանիքի նման ենք: Նա մեր մայրն է, քույրը, ավագ ընկերը, շատ եմ սիրում իրեն: Միշտ մասնակցում է Սբ. Պատարագին, անգամ հիվանդ է գալիս և ապաքինված գնում է: Նա իր հավատքով եկավ եկեղեցի, կայացավ, ինքը ուղղակի լավ օրինակ է մեզ համար»:


Տեսնելով խուլերին Սբ. Պատարագին, կիրակնօրյա քարոզներին՝ Զուբեյդա Մելիքյանը մեծ ուրախություն է ապրում. «Գոհություն եմ հայտնում Աստծուն, որ հնարավորություն ունեմ Աստծո խոսքը թարգմանել խուլերին: Խուլերի սերը իմ նկատմամբ պարտավորեցնող է: Ես կամուրջ եմ, որի միջոցով Աստված հասնում է խուլերին: Գալով խուլերի դպրոց՝ Տեր Եսային բացեց խուլերի հոգևոր դուռը: Ես հպարտ եմ, որ 2005թ-ից Տեր Հոր կողքին կանգնելով՝ Աստծո խոսքն եմ թարգմանում: Միայն Աստված գիտի, ես չեմ կարող բառերով նկարագրել, թե ինչ է խուլի հոգում լույս վառելը, ջերմացնելը այն աչքերը, որոնցով նրանք լսում են»:


Ամեն կիրակի՝ Սբ. Պատարագին, Զուբեյդա Մելիքյանը անմիջականորեն է զգում Աստծո օգնությունը. ո՛չ մի հոգնություն և ո՛չ մի խնդիր չկա նրա համար, թարգմանությունն անցնում է սահուն և հեշտ: Ապա հավելում է. «Աստված ինձ նոր կյանք է տվել, տիեզերք է տվել, ինձ ֆիզիկապես առողջացրել է: Երբ դու կաս և ծառայում ես ուրիշին, քո գործն առանձնահատուկ է»:


Անչափ կարևոր ճանապարհներ և կամուրջներ, որոնց ընթացքի վերջնակետը մի դուռ էր, որ կարիք ուներ բացվելու, որ կարիք ուներ Աստվածային լույսով ողողվելու, ջերմանալու և այդ Լույսը տարածելու: Ակնհայտ է այն գիտակցումը, որ ամեն մարդ հարուստ է իր տվածով:

Մի իմաստուն ասել է. «Ծառայության մեծագույն շնորհն այն է, որ ծառայությունն օգնում է նաև ծառայողին»:

 

Կարինե Սուգիկյան
ՍԵԵՄ լրագրողական ակումբ

Դիտվել է 7287
2014.12.19
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.