Ընթերցանություն
Գլխավոր>Քարոզներ>Կիրակնօրյա քարոզներ> Ունեցողին ավելիով պիտի տրվի

Ունեցողին ավելիով պիտի տրվի

Եւ մինչ նրանք լսում էին այս, Յիսուս մի առակ էլ աւելացրեց նրա համար, որ ինքը մօտենում էր Երուսաղէմին, եւ նրանք կարծում էին, թէ Աստծու արքայութիւնը շուտով յայտնուելու է։ Նա ասաց. «Մի ազնուական մարդ գնաց հեռու աշխարհ՝ իր թագաւորութիւնը ստանալու եւ վերադառնալու համար։  Եւ կանչելով իր ծառաներին՝ նրանց տասը մնաս տուեց եւ ասաց. “Շահարկեցէ՛ք դրանք, մինչեւ որ գամ”։  Բայց նրա համաքաղաքացիները ատում էին նրան. պատգամաւորներ ուղարկեցին նրա յետեւից եւ ասացին. “Մենք չենք կամենում, որ դա մեր վրայ թագաւորի”։  Եւ ազնուականը վերադարձաւ՝ իր թագաւորութիւնն ստացած, եւ կանչեց այն ծառաներին, որոնց տուել էր դրամը, որպէսզի իմանայ, թէ ով ինչ էր շահել։ Եկաւ առաջինը եւ ասաց. “Տէ՛ր, քո մէկ մնասը տասը մնաս բերեց”։  Եւ տէրը նրան ասաց. “Ազնիւ եւ բարի ծառայ, քանի որ այդ փոքր բանի մէջ հաւատարիմ եղար, իշխանութիւն ունեցիր տասը քաղաքների վրայ”։  Եկաւ երկրորդը եւ ասաց. “Քո մէկ մնասը հինգ մնաս բերեց”։  Տէրը նրան ասաց. “Դու էլ՝ հինգ քաղաքների վրայ”։ Միւսն էլ եկաւ եւ ասաց. “Տէ՛ր, ահա քո մնասը, որ թաշկինակի մէջ ծրարած պահում էի.  վախենում էի քեզնից, որովհետեւ խիստ մարդ ես. վերցնում ես, ինչ որ չես դրել, եւ հնձում ես, ինչ որ չես սերմանել”։  Եւ տէրը նրան ասաց. “Հէնց քո բերանով քեզ պիտի դատեմ, անհաւատարի՛մ ծառայ. գիտէիր, որ ես մի խիստ մարդ եմ, վերցնում եմ, ինչ որ չեմ դրել եւ հնձում եմ՝ ուր չեմ սերմանել։  Հապա ինչո՞ւ իմ դրամը լումայափոխներին չտուիր, որպէսզի ես, գալով, տոկոսներով միասին պահանջէի այն”։  Եւ սպասաւորներին ասաց. “Վերցրէ՛ք դրանից մէկ մնասը եւ տարէ՛ք տուէք նրան, ով տասը մնաս ունի”։  Եւ ծառաները ասացին նրան. “Տէ՛ր, արդէն նա տասը մնաս ունի՛”։ - Ասում եմ ձեզ, թէ՝ “Ով որ ունի, նրան պիտի տրուի, իսկ նրանից, որ չունի, պիտի վերցուի եւ այն, ինչ որ ունի։ Բայց իմ այն թշնամիներին, որոնք չէին կամենում, որ ես թագաւորեմ իրենց վրայ, բերէ՛ք այստեղ եւ սպանեցէ՛ք իմ առաջ”»։  Եւ երբ այս ասաց, առաջ գնաց՝ Երուսաղէմ ելնելու համար։ (Ղուկաս 19:12-28)


Հիսուս Իրեն նմանեցրեց մի ազնավականի «որ գնաց հեռավոր երկիր, որպեսզի թագավորական իշխանություն ստանա և վերադառնա իր երկիրը»: Ինչո՞ւ Հիսուս Իրեն նմանեցրեց «ազնվական մարդու», «ազնվական» բառը ցույց է տալիս Իր աստվածային և թագավորական ծագումը: Այս մասին Կյուրեղ Մեծն ասում է.«Բանն Աստված մարդ եղավ: Մեղավոր մարդկանց մարմնին նմանվող մարմին առնելով` կոչվեց «ծառա» (Փիլիպեցիներ 2.7), բայց ազատ ծնվեց, այդ է, որ ցույց է տալիս նրա ազնվական լինելը, որովհետև Աստծո Որդի է: Կոչվեց «ազնվական ծնունդ», ոչ թե արդար լինելու կամ մարդկանց հանդեպ ունեցած սիրո համար, այլ որովհետև Ինքը բնությամբ ազնվական է, ծնված Հորից, բարձր ամբողջ ստեղծագործությունից»:


«Հեռավոր երկիր»-ը երկինքն է,  Հիսուս երկինքը երկիր կոչեց ցույց տալու համար, որ Աստծո թագավորությունը այստեղ՝ երկրի վրա է, որ պիտի հաստատվի: Երկիրը, ուր պիտի վերադառնա Հիսուս ֆիզիկապես՝ մեր աշխարհն է. «իր երկիրն է» կոչում, որովհետև ամբողջ աշխարհի Արարիչն է Ինքը: «Նախքան մեկնելը կանչեց իր ծառաներից տասը հոգու, յուրաքանչյուրին տասը ոսկի դրամ տվեց և ասաց. «Շահեցրե´ք այս դրամը, մինչև վերադառնամ», աշակերտները ակնկալում էին, որ Հիսուս Իրեն պիտի հայտարարի որպես Տեր ու Թագավոր, և իրենք որպես Իր հավատարիմ հետևորդներ, իրենց հատուկ տեղն ու դիրքը պիտի ունենան այդ թագավորության մեջ: Հիսուս Իր հետևորդներին սովորեցնում է, թե արքայություն մտնելուց առաջ, պետք է աշխատել: Տասը հոգին Իր բոլոր հետևորդներն են անխտիր, հրեա թե հեթանոս, որոնք կոչված են աշխատելու Աստծո թագավորության տարածման համար: Քրիստոս իր հետևորդներին «ծառա» է կոչում սովորեցնելու համար, թե ծառայություն ունեն մատուցելու և որ այս աշխարհում կանչված չեն տեր և տիրակալ լինելու:


«Յուրաքանչյուրին տասը ոսկի դրամ տվեց», ցույց է տալիս, որ Աստված Իր պարգևները, հատկապես փրկության պարգևը, բոլոր մարդկանց՝ հրեա թե հեթանոս, հավասարապես է բաշխում առանց խտրության: Տասը ծառաներին տասը ոսկի դրամ տալը ցույց է տալիս, որ Քրիստոսով հրեաները դադարեցին Աստծո ընտրյալ ժողովուրդը լինելուց, և Աստված աշխարհի բոլոր ժողովուրդներին Իր համար որպես նոր ժողովուրդ ընտրեց: «Տասը ոսկի դրամը» ներկայացնում է Աստծո կողմից մեզ տրված պարգևներն ու շնորհները, ձիրքերն ու կարողությունները, մարդու մեջ եղած ամեն բարի տրամադրություն, փափագ և ցանկություն, առավել ևս Քրիստոսի կողմից Իր հետևորդներին տրված փրկության պարգևը և այն տարածելու կոչումը: «Ոսկի դրամը» ցույց է տալիս, որ Աստծո կողմից մարդկանց տրվածը մեծ արժեք ունի և թանկագին է: Հիսուս այս ոչ մեծ գումարի օրինակով ցույց է տալիս, որ Իր հետևորդները խոնարհ, համեստ և հեզ պետք է լինեն, և հետևաբար Աստծո կողմից իրենց տրվածով չպետք է հպարտանան: «Շահեցրե´ք այս դրամը, մինչև վերադառնամ», այսինքն՝ Աստծո կողմից տրված բոլոր շնորհներն ու պարգևները օգտագործել: «Ձեզնից յուրաքանչյուրը, որպես Աստծո բազմատեսակ պարգևների իսկական տնտես, թող իր ստացած շնորհը մատակարարի ուրիշներին» (Ա Պետրոս 4.10):


«Բայց նրա համաքաղաքացիներն ատում էին նրան, ուստի և պատգամավոր ուղարկեցին նրա հետևից՝ ասելով. «Չենք ուզում, որ նա թագավոր դառնա մեզ վրա»: «Համաքաղաքացի» բոլոր հրեաներն են, բայց մասնավորաբար փարիսեցիները, հրեա իշխանավորները, ավագ քահանաները, որոնք չէին ուզում, որ Քրիստոս իրենց թագավորը դառնա: Հիսուսի կողմից այս բառի գործածումը պատիվ է ամբողջ մարդկային սերնդին, հատկապես հրեաներին և փարիսեցիներին, ովքեր չանդրադարձան աստվածատուր այս պատվին, նաև ցույց է տալիս, որ Հիսուս Իրեն չի զատում մարդկային ցեղերից, և Իրեն մարդկային ընտանիքի հետ միասին մի ամբողջություն է նկատում: Պատգամավորները հասարակ ժողովուրդն են, որոնց Քրիստոսի դեմ հանեցին փարիսեցիները, հրեա իշխանավորները, ավագ քահանաները, սադուկեցիները: Նրանք նաև Քրիստոսի մահից և հարությունից հետո էին շարունակում պայքարը բոլոր նրանց դեմ, ովքեր Քրիստոսի Ավետարանն էին քարոզում: «Երբ ազնվականը թագավորական իշխանություն ստացավ, վերադարձավ», այս խոսքերը պարզում են, որ Քրիստոս որպես թագավոր պիտի վերադառնա այս աշխարհ Իր գալստյան օրը. «Եվ երբ Մարդու Որդին Իր փառքով գա բոլոր հրեշտակների հետ, այն ժամանակ նա պիտի նստի Իր թագավորական գահի վրա» (Մատթեոս 25.31):


Քրիստոսի կողմից ծառաների կանչվելը և նրանցից հաշիվ պահանջելը Նրա դատավոր լինելու բացարձակ իշխանության մասին է խոսում. «Եվ հայրը ոչ մեկի չի դատում, այլ դատելու իշխանությունը ամբողջությամբ հանձնել է Որդուն» (Հովհաննես 5.22): «Առաջինը եկավ և ասաց. «Տե´ր, քո մեկ տվածի դիմաց տասը շահեցի»: Տերն ասաց.«Ապրե´ս, բարի´ ծառա, քանի որ այդ փոքր բանի մեջ հավատարիմ եղար, քեզ տասը քաղաքների վրա կառավարիչ եմ նշանակում»: Երկրորդ ծառան էլ եկավ և ասաց. «Քո մեկ տվածի դիմաց հինգը շահեցի»: Տերն ասաց.«Քեզ էլ հինգ քաղաքների վրա եմ կառավարիչ նշանակում»: Ինչո՞ւ մի ծառան իրեն տրված տասը ոսկիի դիմաց տասը ևս շահեց, իսկ մյուս ծառան՝ հինգը: Տերը ցույց է տալիս, որ ժրաջան և անխոնջ աշխատողը մեծ արդյունքի է հասնում, իսկ քիչ աշխատողը՝ քիչ արդյունքի: Պողոս առաքյալն ասում է.«Մարդ ինչ որ սերմանում է, այն էլ կհնձի» (Գաղատացիներ 6.8): Նաև հետևյալ մեկնությունն էլ կա, որ երկուսն էլ նույն ժրաջանությամբ աշխատեցին, բայց նույն արդյունքի չհասան. նրանցից մեկը շատ հալածանքների հանդիպեց, իսկ մյուսը հակառակը՝ իրեն քաջալերողների հանդիպեց: Տարբեր թվով քաղաքների կառավարիչ նշանակվելը, Աստծո կողմից Արքայության մեջ տարբեր վարձատրություններն է ցույց տալիս:


Քրիստոսի բոլոր հետևորդները խոնարհությամբ խոստովանում են, որ ինչ որ ունեն, Տիրոջն է պատկանում և Նրա կողմից է տրված: Այդ ժամանակ միայն կարող ենք ամեն փառք Տիրոջը վերառաքել, ինչպես Պողոս առաքյալը.«Բայց հիմա ինչ որ եմ, պարտական եմ Աստծո շնորհին»(Ա Կորթացիներ 15.10): Տերը բարի է կոչում բոլոր այն մարդկանց, որ Իր փառքի համար հավատարմությամբ են աշխատել, փոքրի մեջ հավատարիմ են եղել: «Փոքր» է Տերը կոչում, քանի որ ի համեմատություն վարձատրության փոքր է աշխատանքը: «Եկավ երրորդը և ասաց.«Տե´ր, ահա քո տված դրամը, այն պահել էի մի թաշկինակի մեջ ծրարած: Վախենում էի քեզնից, որովհետև խիստ մարդ ես. վերցնում ես, ինչ որ քոնը չէ, և հնձում ես, ինչ որ չես սերմանել»: Քրիստոնյայի պարտականությունն է ոչ միայն չարիք չգործել, իրեն տրված շնորհներն ու պարգևները պահել, այլ հակառակը՝ նրանք զարգացնել, աճեցնել և ուրիշի օգտի համար ծառայեցնել:


Քրիստոնեական մոտեցումով բարի մարդը բարին գործողն է: «Ով որ գիտի ճիշտը և չի անում այն, մեղք է գործում»(Հակոբոս 4.17): «Վախենում էի քեզանից, որովհետև խիստ մարդ ես», եթե ծառան վախենար, դրամը կգործածեր և չէր պահի թաշկինակի մեջ: Նա ոչ մի պատճառ չուներ վախենալու. իրեն տրված էր անհրաժեշտ գումարը և ժամանակը, ինչպես մյուսներին: Ժամանակը կար, բայց գործի համար անհրաժեշտ պատասխանատվությունը չկար: Աստված խիստ է ծույլի հանդեպ, բայց մեղքը սիրող, ծույլ և  անտարբեր մարդը նախ ինքն է իր հանդեպ խիստ և անողորմ: Ինչ որ ունենք, Աստված Ինքն է պարգևել և իրավունք չունենք ասելու.«Վերցնում ես, ինչ որ քոնը չէ, և հնձում ես, ինչ որ չես սերմանել»: Աստծո տվածը օգտագործելով՝ հասնել առավելությունների, չի նշանակում դա համարել մեր սեփականությունը՝ չմոռանալով, որ դա չէր լինի, եթե Աստված չտար: «Չար ծառա» բառերը պարզում են, որ չարություն է Աստծո կողմից տրված պարգևներն ու շնորհները չօգտագործել Իր փառքի և մեր նմանների բարօրության համար: Ծառան իր խոսքերով է դատվում, քանի որ այս կյանքում Աստծո կողմից իրեն տրված էր ամեն բարիք և շնորհ: «Իմացեք,-ասաց Քրիստոս,-ունեցողին ավելիով պիտի տրվի, իսկ չունեցողից պիտի վերցվի իր ունեցած ամենափոքր բաժինն էլ»:

 

Վաղինակ վրդ. Մելոյան
«Հիսուս Քրիստոսի առակների բացատրությունը»

Դիտվել է 4898
2014.12.28
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.