Ընթերցանություն
Գլխավոր>Խուլերի համայնք> Երբ ժպիտ են նվիրում խուլերը. բարեգործական այց դեպի սահմանամերձ գյուղ

Երբ ժպիտ են նվիրում խուլերը. բարեգործական այց դեպի սահմանամերձ գյուղ

«Երբ դու Երևանում՝  քո տաք ու ապահով տան մեջ ես,  չես պատկերացնում, թե ինչ է կատարվում սահմանում. ովքե՞ր են ապրում այնտեղ և ի՞նչ գնով են պահում հայրենիքիդ սահմանները: Միայն սեփական աչքերով տեսնելուց, զգալուց ու ապրումակցելուց  հետո ես ամբողջովին ընկալում իրականությունն ու դառնում դրա մի մասնիկը»,- ասում է ժեստերի լեզվի մասնագետ տիկին Զուբեյդան ու ոգևորված պատմում խուլերի այցի մասին դեպի սահմանամերձ Վազաշեն գյուղ:


«Դեռ մեկ տարի առաջ խուլերի համայնքը պատրաստակամություն էր հայտնել բարեգործական միջոցառումներով  հանդես գալ  և ֆինանսական օգնություն ցուցաբերել դրա կարիքն ունեցող մարդկանց: Մենք պատրաստ էինք ցանկացած նախաձեռնության: Այսպիսով,  մեկ տարի անց, «Հայ Ձմեռ Պապ» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ իրականացավ խուլերի ևս մի երազանք-նպատակ»,- պատմում  է տիկին Զուբեյդան:


Դեկտեմբերի 27-ին խուլերի համայնքի ներկայացուցիչները մեկնել էին սահմանամերձ Վազաշեն գյուղ՝  ներկայացնելու իրենց մշակույթն ու ունեցած տաղանդները և պարազապես ժպիտներ նվիրելու Հայաստանի սահմանամերձ գյուղերում ապրող մարդկանց: Միջոցառումից հավաքված ողջ գումարը ծառայելու էր կարիքավոր և հիվանդ երեխաների աջակցությանը:  «Հատկանշական էր այն փաստը, որ խուլերը հանդես եկան լիարժեք մարդկանց համար՝ փորձելով ուրախացնել նրանց: Այն գիտակցությունը, որ ինչ-որ մեկին պետք ես, արդեն իսկ ուրախության զգացումով է լցնում հոգիդ:


Խուլերն այստեղ իրենց կայացած ու հզոր էին զգում, որովհետև տեսնում էին իրենց դերն ու նշանակության շատ կարևոր առաքելության մեջ»,-ասում է տիկին Զուբեյդան ու հավելում, որ Վազաշենում տեղի ունեցած միջոցառումը լոկ հանդես կամ բարեգործական ակցիա չէր, այլ նախապատմություն ունեցող իրադարձություն. «Եկեղեցին այն հասարակական վայրն է, որտեղ լիարժեք ինտեգրացիա կա. այստեղ են խուլերը կայացել ու լիարժեք դարձել իրենց տեսակի մեջ: Հենց այդ լիարժեքությունն էին խուլերը տարել գյուղ»:


Միջոցառման ընթացքում խուլերը ժեստերի լեզվով  մի շարք հայրենասիրական երգեր  են ներկայացրել են, ինչպես նաև «Վազաշեն-Երևան ավտոբուս»  կատակ-ներկայացումը, որն իսկապես զվարճացրել է հանդիսատեսին.  «Դահլիճն ուղղակի պայթում էր ծիծաղից: Մեզ շատ ոգևորեց նաև այն փաստը, որ երբ հանդիսատեսին տեղեկացրինք՝ խուլերին ձեռքերի թափահարումով են ծափահարում, նրանք  սիրահոժար կերպով ամբողջ ընթացքում դարձան խուլերի մշակույթի մի մասը՝ մեզ ծափահարելով հե՛նց ձեռքերի թապահարումով»:


«Տարբեր գյուղերից եկած երեխաներ կային, բայց բոլորի աչքերի մեջ նույն անսահման տխրությունն էր, բայց դա քաջ տխրություն էր… Վախկոտություն չկար:  Արդեն իսկ կայացած մարդիկ էին նստած դահլիճում: Ինքս շատ անգամներ եմ լսել սահամանամերձ գյուղերի մասին, շատ անգամներ եմ դրանց վերաբերող գրառումներ  «լայքել»  ֆեյսբուքում, բայց ամեն ինչ փոխվում է սեփական աչքերով տեսնելիս… Երբ տեսնում ես՝ ինչպես են մարդիկ վախենում  իրենց իսկ մշակույթի կենտրոնում միջոցառում կազմակերպել, իսկ երեխաները կրակոցների ձայների տակ դպրոց են գնում:  Բառերով հեշտ է ասելը, նկարագրելը,  բայց պետք է զգաս սեփական մաշկի վրա»,- եզրափակում  է տիկին Զուբեյդան ու ավելացնում, որ խուլերը խոնարհումի մեծ զգացումով և սահամամերձ գյուղի բնակչության քաջությամբ  հիացած են վերադարձել Երևան:

 


Անժելա Պողոսյան
ՍԵԵՄ լրագրողական ակումբ

 

Դիտվել է 390
2014.12.27
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.