Ընթերցանություն
Գլխավոր>Խուլերի համայնք> Մեծ ընտանիքի ընդհանուր ուրախությունները. Եկեղեցում ամփոփում են անցնող տարին

Մեծ ընտանիքի ընդհանուր ուրախությունները. Եկեղեցում ամփոփում են անցնող տարին

Եկեղեցին մեծ ընտանիք է, նույնիսկ երբ կյանքը քամել է քեզնից ունեցած-չունեցածդ հավատը, պիտի ունենաս քո՛ եկեղեցին. այն վայրը, որտեղ դու տան ու ընտանիքի զգացողություն ունես, որտեղ խնդիրները հաղթահարվում են միասնականության ուժով, որտեղ ուրախությունը միշտ բաշխում են, բարին՝ տարածում, ժպիտը՝ նվիրում:


Սուրբ Ծննդից հաշված օրեր առաջ Սուրբ Երրորդություն Եկեղեցու Երիտասարդաց միության անդամներն ու խուլերի համայնքի ներկայացուցիչները  համատեղ ուժերով մաքրեցին և զարդարեցին եկեղեցու բակը:  Ընդհանուր մի բան անելը մտերմացնում է մարդկանց, ջերմացնում և առողջացնում է հարաբերությունները, եկեղեցու ներսը դարձնում է ընտանիք, և հենց այդ ընտանիքի ներսում է ծնվում բարին, դրականը, լուսավորը:


Եկեղեցու բակը զարդարելուց հետո տեղի ունեցավ կիրակնօրյա դպրոցի սաների մասնակցությամբ միջոցառումը՝ նվիրված Սուրբ Ծննդին: Նոր ձևավորված երգչախումբը ներկայացրեց մի քանի տոնական-հոգևոր երգեր: Անգլերենի խմբակի սաները ասմունքեցին Սուրբ Ծննդին նվիրված բանաստեղծություններ: Միջոցառման ավարտին Տեր Եսայի քահանա Արթենյանը ողջունեց կիրակնօրյա դպրոցի սաներին, իսկ նրանց ծնողներին հորդորեց  ավելի շատ մասնակցել եկեղեցու համայնքային կյանքին և երեխաների կրթական ծրագրերին:


Կիրակնօրյա դպրոցի սաների միջոցառմանը հաջորդեց մեկ այլ միջոցառում՝ այս անգամ խուլերի համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ: Միջոցառումը տոնական էր և խորհրդանշական էր խուլերի համար. համայնքն ամփոփում էր անցած տարին, ունեցած ձեռքբերումներն ու հաղթանակները: Անցնող տարվա ընթացքում «Արտ Հաուզ» ուսումնական կենտրոնի հետ համատեղ խուլերի համայնքի երիտասարդ ներկայացուցիչները մասնագիտություններ ձեռք բերեցին. «Սա շատ կարևոր քայլ էր, որովհետև այսօր մեր հասարակությունում հատկապես խուլերի համար շատ դժվար է աշխատանք գտնել: Հուսով եմ, որ նախագիծը շարունակական կլինի և էլ ավելի շատ խուլ երիտասարդներ կապահովվեն մասնագիտությամբ»,- նշեց  Տեր Եսայի քահանա Արթենյանը:


Երեկոյի գեղարվեստական մասն ինչպես միշտ հիացրեց ու ջերմացրեց ներկաներին:

Երգ, երաժշտություն, պար, ասմունք, հումորային ներկայացումներ. այս անգամ խուլերը հանդես եկան իրենց մասնագիտական գիտելիքներ փոխանցած մասնագետների առաջ:
«Այնտեղ, ուր կա Աստծո օրհնությունը, ավարտը չի կարող վատը լինել: Երեք ամիս շարունակ մենք շփվել ենք խուլերի հետ, դարձել նրանց յուրահատուկ աշխարհի մի մասնիկը, նրանց հետ հուզվել ենք, նրանցով ուրախացել, այսօր էլ մեծ հպարտություն ենք ապրում, որ հենց մենք ենք մասնագիտական գիտելիքներ փոխանցել իսկապես տաղանդավոր այս երեխաներին»,- նշեց ուսումնական կենտրոնի տնօրենն ու ուսուցչական ողջ անձնակազմի անունից շնորհավորեց խուլերին: Դրան հաջորդեց դիպլոմների հանձնման արարողությունը: Խուլերը պարգևատրվեցին նաև հատուկ պատվոգրերով:


Միջոցառումն ավարտվեց ջերմության, բավարարվածության  ու հարազատության մթնոլորտում:

 


Անժելա Պողոսյան
ՍԵԵՄ լրագրողական ակումբ

Դիտվել է 5940
2014.12.28
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.