Ընթերցանություն
Գլխավոր>Տոներ>Տերունական տոներ> Սուրբ Ծնունդը՝ հոգևոր ճանապարհորդության մեկնարկ

Սուրբ Ծնունդը՝ հոգևոր ճանապարհորդության մեկնարկ

«Այսօր տօն է սուրբ ծննդեան, աւետիս, Տեառն մերոյ եւ յայտնութեան, աւետիս...». եկեղեցում երգչախմբի փորձն է. պատրաստվում ենք Սուրբ Ծննդին նվիրված միջոցառմանը: Երգի հնչյունները տարածվում են եկեղեցու դահլիճում: Հետո եկեղեցու զանգերը պատարագի են կանչում: Ամեն ղողանջի հետ հիշում եմ. «Աստված այնքան սիրեց աշխարհը,  որ մինչև իսկ Իր միածին Որդուն տվեց,  որպեսզի ով Նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի Հավիտենական կյանքը»: Քաղաքը կորչում է ճրագների մեջ…  Մեր արժեքներ կորցրած ու մեղքերի մեջ խեղդվող հոգուն լույս ու հոգեղենություն, ապրեցնող հավատ, ապրելու տանող հավատ է ընծայում ամենաիրական տոնը, որի ժամանակ ցնծում է յուրաքանչյուր քրիստոնյա: Սուրբ Ծննդին  խաղաղվում են մեր հոգիները, որովհետև այսօր, առավել քան մեկ այլ օր մարդը մոտ է երկնքին: Հենց այսօր է տեղի ունենում մարդու և Աստծո հանդիպումն ու Կյանքի հաղթանակը, սիրո հաղթանակը: Ա՛յն սիրո հաղթանակը, որի շնորհիվ մեր մոլորակը  չի կործանվում ատելության, պատերազմների, խարդախության ու չարության մեջ, այլ շարունակում է պտտվել, ծաղկել, գարունվել:


Թվում է՝ 2000 տարին մի ամբողջ հավերժություն է, և այս տարիների ընթացքում ամեն բան պիտի փոխված լիներ, մարդիկ, ովքեր ապրում են մեր օրերում, պիտի լիովին տարբերվեին նրանցից, ովքեր խաչեցին Քրիստոսին, բայց ոչ... Ամեն ինչ առավել քան նույնն է մնացել: Մենք շարունակում ենք մեղքեր գործել՝ գիտակցորեն և անգիտակցաբար, երբեմն զղջալով, երբեմն լռեցնելով մեր խղճի ձայնը: Մենք շարունակում ենք խեղդվել մեր իսկ անկատարությունների  ու մեղավոր բնության մեջ, և միայն Քրիստոսով է, որ կարող ենք ազատվել, փրկվել, նոր կյանքով ապրել, մեռնել ու նորից ծնվել. այսօր էլ աշխարհը Փրկչի կարիք ունի:


Քրիստոս եկավ ու պատմեց մեզ Աստծո մասին, եկավ ու ցույց տվեց Աստծո սերը, գթասրտությունը, ներողամտությունը, իմաստությունը, խաղաղությունը, կատարելությունը: Քրիստոսի միջոցով մենք տեսանք, թե ինչպիսին պիտի լինի մարդը և ինչպիսին էր մարդը՝ մինչև ադամական մեղքը, ու քանի դեռ մեր մեջ Քրիստոս չի ծնվել, քանի դեռ մենք մեր ներսում չենք հանդիպել մեր Փրկչին, մենք չենք կարող ազատվել մեղքի կապանքներից, չենք կարող հաղթահարել մահը:

Սուրբ Ծնունդը հրաշալի առիթ է խորհելու այն մասին, թե արդյո՞ք մենք մեր ներսում կրում ենք Աստծո պատկերը, զգու՞մ ենք Քրիստոսի ներկայությունը մեր սրտում, վարվու՞մ ենք համաձայն Քրիստոսի պատգամների…


Սուրբ Ծննդի մեջ է, որ ամբողջ մարդկությունն, ասես, համախմբվում է. համախմբվում են մեր կարիքներն ու սպասումները, մեր հույսերն ու մեր հավատը:

Բնությունը, մարդիկ, օդը, քաղաքը. ամեն ինչ հասնում է  ներդաշնակության գագաթնակետին, որովհետև  «Այսօր տօն է սուրբ ծննդեան, աւետիս, Տեառն մերոյ եւ յայտնութեան, աւետիս...»: Այսօր Հիսուս ծնվում է մեր մեջ, մեզնով ու մեր կյանքն էլ խաչի ճանապարհ է: Այս ճանապարհին մեզ հանդիպում են անթիվ հրաշքներ, երբեմն բախվում ենք փորձությունների. այստեղ է, որ մենք սովորում ենք  կայսրին տալ կայսեր,  և Աստծունը՝ Աստծուն, սովորում ենք հոգս չանել վաղվա օրվա համար ու մեր հույսը կապել Աստծո հետ, այստեղ է, որ մենք փորձում ենք քիչ դատել ու շատ սիրել, սովորել ներել, հավատալ ու մշտապես հույս ունենալ: Մեր ամբողջ անցնելիք ճանապարհին Քրիստոս մեզ հետ է ու մեր մեջ, և աղոթքն այն կամուրջն է, որով մենք ականջալուր  ենք  լինում Քրիստոսին, միանում նրա հետ և ստանում նրա առաջնորդությունը: Այսպիսով, այսօր նաև մեր ծնունդն է, հոգևոր ճանպարհորդության նոր մեկնարկը, ուրեմն գտնենք մեր ներսում Քրիստոսին, խնդրենք նրա առաջնորդությունն ու զորությունը, ու քայլենք ըստ Նրա պատգամի. Սիրո պատգամի:

 

Անժելա Պողոսյան
ՍԵԵՄ լրագրողական ակումբ

Դիտվել է 9065
2015.01.06
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.