Ընթերցանություն
Գլխավոր>Տոներ>Հայսմավուրք> Քրիստոսի՝ մեր Աստծո Ծննդյան և Մկրտության Տոնի չորրորդ օրվա պատճառ (ըստ Հայսմավուրքի)

Քրիստոսի՝ մեր Աստծո Ծննդյան և Մկրտության Տոնի չորրորդ օրվա պատճառ (ըստ Հայսմավուրքի)

Այսօր հիշատակ է Սուրբ Աստվածածնի Ավետման Գաբրիէլ հրեշտակապետից


Արդ, արարչագործության չորրորդ օրում աննյութ լույսը միավորվեց արեգակի նյութի հետ ու եղավ մի` լույսը նյութով հանդերձ, միատեսակ, բոլորակ գունդն արեգակի. և միավորումից հետո հնարավոր չէ բաժանել դրանք միմյանցից հավիտյանս հավիտենից: Նույնպես և Բանն Աստված` Լույսն անստեղծ, նյութեղեն մարմին առավ ամենամաքուր Սուրբ Կույս Մարիամի արգանդում. անբաժանելի, անփոփոխ հավիտյան և մշտնջենավոր հավիտենականության մեջ:


Եվ արդ` չորրորդ օրում, Աստված ստեղծեց արեգակն ու լուսինը, աստղերը և զարդարեց երկնքի երեսը: Ինչից իմանում ենք, թե և մենք նախ պետք է զարդարենք առաքինությամբ մեր երկրավոր մարմինը և ապա կարողանանք «հագնել» երկնային մարդուն, որ մեր երկրային բնության հետ խառնվեց: Արդ տեսնենք այս նոր արարչագործության խորհուրդը, որի չորրորդ օրում սահմանված է նշել Սուրբ Աստվածածնի Ավետումը: Որովհետև չորեքշաբթի օրը սատանայի դրդմամբ օձը խոսեց Եվայի հետ: Որի խոսքը Եվան, իբրև չարության խմոր ընկալելով, հղացավ ցավը և ծնեց անօրենություն. ուստի ամբողջ մեր բնությունը ապականվեց: Այդ պատճառով պետք է Կույսը գերազանց լիներ և հաղթեր առաջին չարին: Եվ Բանն Աստված կամեցավ մարմին առնել նրանից, որպեսզի երկրորդ կույսի` Մարիամի միջոցով, մեր բնությունը բարձրանար առաջին փառքին: Ուստի և այս չորրորդ օրը Գաբրիէլը ուղարկվեց Մարիամ Կույսի մոտ` տալու նրան ավետիսը, որ կծնի որդի` Աստծո Որդուն:


Քանզի որպես առաջին արարչագործության ժամանակ չորեքշաբթի օրը երեք օրվա լույսը արեգակի նյութին միացավ ու նրանից անբաժանելի է մինչև այսօր, այսպես և Լույսն ճշմարիտ` Միածին Որդին Աստծո,  միանալով նյութին, մարմին առավ Կույսի արգանդում, և Էնն Աստված եղավ մարդ կատարյալ: Եվ ծագեց մեզ Արեգակն արդարության բարձունքներից` լուսավորելու մեր խավարը, լինելով մեկ, անբաժանելի մինչև հավիտյան: Որպես ասում է Պողոսը. «Հիսուս Քրիստոս երեկ և այսօր նույնն է և հավիտյան» (Եբրայեցիներ 13.8):


«Զարև ի յերկինս իմա´ , և լուսոյն  նազար Դուն արա,
Որպես որ ճարակ չկայ, ի նիւթոյն լոյսն, որ հեռանայ:
Յորտեղ որ արևն երթայ` լոյսն անճառ աղբիւր ցոլանայ:
Հուրն և ճառագայթն և նիւթն, միացեալ, որ երկու չէ´ նա:
Այսպէս ի Քրիստոս ասա´, դաւանումն է, սերտ հաւատա´:
Եւ մի լինիցիս թերի դու տխմար տղայ ւանիմայ»:


«Արևը երկնքում և լույսի փայլը Դու ստեղծեցիր,
Ինչպես որ, երբ լույսը հեռանա, փրկություն չկա,
Որտեղ որ Արևն երթա, անճառ լույսի աղբյուր կցոլա:
Ճառագայթ հրի ու նյութի միացյալ`երկու չէ´ Նա:
Այսպես Քրիստոսի մասին ասա, դավանումն է, անխախտ հավատա´:
Եվ մի լինիր դու թերահավատ, անմիտ և անուս երեխա»:


Արդ հայտնի է, որ Աստված ստեղծեց արեգակը չորրորդ օրը առավոտյան, իսկ լուսինը և բոլոր աստղերը` երեկոյան. և երեք օրվա լույսը, որ ցիր ու ցան էր, Աստված ժողովեց (* հավաքեց) ` վճիտն ու հրաշատը, պարզն ու պայծառը, և դրեց այն արեգակի ամանում: Արդ հայտնի է, որ արեգակի լույսը նշանակում է Քրիստոսին, և տարրեղեն ամանը նշանակում է Սուրբ Կույս Մարիամին: Քանզի որպես պայծառ լույսը, ժողովվելով, արեգակի ամանում շրջափակվեց, այսպես և ճշմարիտ Լույսը` Բանն Աստված, Սուրբ Կույսի արգանդում բովանդակվեց:


Եվ դարձյալ, պայծառ աստղերը օրինակ են Սուրբ Կույսի Ավետման, լուսինը` Քրիստոսի Ծննդյան, և արեգակը` Մկրտության: Ինչպես որ աստղերը սակավ լույսով գիշերը լուսավորում են, այսպես և Գաբրիէլի Ավետիսը, որ բերեց Կույսին, այս կյանքի գիշերը լուսավորեց: Եվ ինչպես որ լուսինը առավել քան աստղերը լուսավորում է գիշերը, այսպես և Քրիստոսի Ծնունդը առավել փայլեց այս կյանքի խավարում, քան Ավետիսը: Իսկ արեգակի ծագմամբ ամենևին հալածվում է խավարը: Նույնպես և Քրիստոսի Մկրտությունը մարդկանց մեղքերի ու անգիտության խավարը փախստական դարձրեց:


Եվ որպես չորրորդ դարում Աբրահամին ավետիս եղավ, այսպես և այս տոնի չորրորդ օրը Սուրբ Կույսի Ավետումով ենք պայծառանում: Արդ հայտնի է, որ Աբրահամը խորհրդանշում է Հայր Աստծուն, Սառան` Սուրբ Կույս Մարիամին, և Իսահակը` Քրիստոսին: Բայց թե ինչո՞ւ չենք տոնում այժմ Ավետումը, պատճառն այս է. ինչպես որ Քրիստոսի Խաչելությունն ու Թաղումը ամփոփվում են Հարությամբ, այսպես և Ավետումն ու Քրիստոսի Ծնունդը կապված են Մկրտության: Եվ արժան չէ մեծն ու պայծառը թողնել և փոքրն ու նվազը տոնել:


Հայտնի է, որ Գաբրիէլը նախ ծերի կերպարանքով երևաց Սուրբ Կույս Մարիամին, և երբ նա ընտելացավ, ապա նրան երիտասարդ երևաց ու դրանից հետո` լուսեղեն կերպարանքով հայտնվեց: Բայց թե ինչո՞ւ ոչ հրեշտակ, այլ հրեշտակապետ: Որովհետև հրեշտակապետ էր սադայելը, որ առաջին կույսի` Եվայի հետ խոսեց: Եվ ինչպես որ Եվայի միջոցով մարդիկ մահվան գերի դարձան, նույնպես շնորհիվ Սուրբ Կույս Մարիամի մարդիկ կյանքի արժանացան ի փառս մեր համար մարդացյալ Քրիստոսի:

Քրիստոս Աստված, բարեխոսությամբ մոր Քո և Կույսի ողորմի´ր այս գիրը կարդացողին:


ՍԵԵՄ լրագրողական ակումբ
 

Դիտվել է 8414
2015.01.09
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.