Ընթերցանություն
Գլխավոր>Տոներ>Հայսմավուրք> Քրիստոսի՝ մեր Աստծո Ծննդյան և Հայտնության Տոնի հինգերորդ օրվա պատճառ (ըստ Հայսմավուրքի)

Քրիստոսի՝ մեր Աստծո Ծննդյան և Հայտնության Տոնի հինգերորդ օրվա պատճառ (ըստ Հայսմավուրքի)

Այսօր հիշատակ է Սուրբ Սիմեոն ծերունու, Աննա մարգարեուհու և Եղիսաբեթի` Հովհաննես Մկրտչի մոր: Այս օրը նույն խորհուրդն ունի, ինչ Տեառնընդառաջը և Սուրբ Աստվածածնի վերափոխումը ի փառս Քրիստոսի մեր Աստծո:


Արդ, արարչագործության հինգերորդ օրում, Աստված հրամայեց ջրերին ծնել երկու տեսակ կենդանիներին` ոմանց ջրերում լողալ և ոմանց օդում սավառնել:
Եվ հինգերորդ դարում Աստված հրամայեց Մովսեսին ավազան պատրաստել և քահանաների լվացարան` մարմնի սրբության համար: Եվ նախ ժողովուրդը ծովի միջով անցավ, ինչը պատկերն էր մկրտության (Ելք 14:15-30), իսկ երբ Նոր Ուխտի շնորհները մեզ հասան, նոր օրենքների մաքրությունը պայծառացավ` Քրիստոսի Մկրտությամբ, Սուրբ Հոգու շնորհներով, որ տրվեցին մարդկանց, ովքեր Քրիստոսի Հարությունից հետո, աստվածաստեղծ թևեր առած, բարձրանում են Տիրոջն ընդառաջ, վերնային օդ (*Երկինք):
Սակայն հայտնի է, որ աղավնիների և տատրակների հետ նաև սողուններ և զեռուններ առաջացան, որպես և Սուրբ Առաքյալների աղավնիների երամում` Հուդան, Նիկողայոսը և Աղեքսանդրոսը:


Արդ, այս տոնախմբության հինգերորդ օրը սահմանված է «լեռների և բարձունքների» հոգևոր երգը երգել, որովհետև առաջին կույսի (* Եվայի) միջոցով դաշտացավ (* ցածրացավ) մարդկային բնությունը և թշնամու ոտքերի կոխան եղավ, ու մենք, մեղքի մեջ ընկնելով, մահացանք հինգ զգայարաններով, և սատանայի չարությունը բարձրացավ մարդու որդիների վրա: Ըստ այն խոսքի, թե. «Ո՞վ ես, մեծ լեռ, որ կանգնել ես ընդդեմ Զորաբաբելի» (Զաքարիա 4:7): Այս պատճառով մեր Տերը հակառակը հակադիրով մերժեց, և Սուրբ Կույսի միջոցով առաջնորդեց մեր բնությունը` ոտնակոխ անելու մեր բնությունը ոտնահարողին: Որպես և Տերն ասաց. «Ահա տվեցի ձեզ իշխանություն ոտնակոխ անել օձերին և կարիճներին և թշնամու ամեն զորությունը» (Ղուկաս 10:19): Նաև այսօրվա սաղմոսն ասում է. «Բա´րձր արեք մեր Տեր Աստծուն և երկրպագեք նրա Սուրբ լեռում» (Սաղմոս 98:9): Եվ Պողոսն ասում է թե. «մոտեցել եք ոչ թե շոշափելի լեռան, այլ մոտեցել եք Սիոն լեռին» (Եբրայեցիներ 12:22): Նաև Ավետարանն է ասում. «Մարիամը վեր կացավ ու շտապով գնաց դեպի լեռնակողմը» (Ղուկաս 1:39): Իսկ Սողոմոնն ասում է. «Իմ եղբորորդին լեռների վրա խունկ բերեց»: Եվ մենք ոչ թե շոշափելի լեռը բարձրացանք Մովսեսի հետ, այլ իմանալի լեռը Քրիստոսի հետ:
Եվ այս հինգերորդ օրը Քրիստոս նորոգեց մեր հինգ մեռյալ զգայարաններն Իր Մկրտության շնորհիվ, քանզի Աստծո` Հորդանանի ջրերի մեջ իջմամբ ջրերը զորացան և ծնում են ո´չ թե օդում թռչող թռչունների, այլ վերստին ծնում են մարդկանց մտավոր և բանական (* հոգևոր) բնությունը: Ովքեր Սուրբ Հոգուց տրված թևերով բարձրանում և խառնվում են հրեշտակների գնդերին:


Այդ պատճառով այսօր սահմանված է լեռների և բարձունքների հիշատակը, քանզի վսեմացանք հինգ զգայարաններով առավել քան նախնիները: Եվ որպես ջրերը չեն կարող վնասել նրանցում ապրողների, այլ ընդհակառակն` օգնում են, նույնպես փորձությունները չեն կարող վնասել հավատացյալներին: Ինչպես որ վերին օդը չի արգելում թռչուններին սլանալ նրանում, այլ առավել օժանդակում է, այսպես և օդային չար դևերը չեն կարող արգելել Քրիստոսին հավատացողների ելնել և մտնել Երկինք Քրիստոսի մոտ:
Եվ արդ հայտնի է, որ այս տոնախմբության հինգերորդ օրը հիշեցնում է մեզ Ավետման, Ծննդյան և Մկրտության տոները, Տեառնընդառաջի և Սուրբ Աստվածածնի վերափոխման տոները: Ինչը, կարծում եմ, խոհեմները դյուրությամբ կարող են հասկանալ շարականներից:
Որդի Աստծո, շնորհիվ Քո ամենապայծառ Հայտնության լուսավորի´ր այս գիրը կարդացողի հոգին:

 

ՍԵԵՄ լրագրողական ակումբ

Դիտվել է 9723
2015.01.10
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.