Ընթերցանություն
Գլխավոր>Տոներ>Հայսմավուրք> Վերստին Քրիստոսի Աստծո Ծննդյան և Հայտնության Տոն է. Հիշատակ Սուրբ Ղազարոսի (ըստ Հայսմավուրքի)

Վերստին Քրիստոսի Աստծո Ծննդյան և Հայտնության Տոն է. Հիշատակ Սուրբ Ղազարոսի (ըստ Հայսմավուրքի)

Այսօր Հիսուս Քրիստոսի սիրելի բարեկամի` Սուրբ Ղազարոսի հիշատակն է, ով, չորս օր մահացած լինելով, հարություն առավ Քրիստոսի խոսքով` Ադամի բնությամբ, և դրանից հետո Ղազարոսը ապրեց 15 տարի ու այլևս ո´չ ծիծաղեց և ո´չ էլ բնավ ժպտաց այս 15 տարում` հոգեվարքի ահից: Այն 15 տարում Ղազարոսը շրջելով քարոզեց Քրիստոսի Ավետարանը և Պետրոս Առաքյալի կողմից ձեռնադրվեց եպիսկոպոս Կիտվան քաղաքի, որը գտնվում է Կիպրոս կղզում: Ղազարոսը, բարվոք հովվելով ժողովրդին, խաղաղությամբ հանգչեց ի Քրիստոս, դրվեց մարմնով մարմարե տապանում և թաղվեց այնտեղ:


Շատ ժամանակ անց Վասիլ Մեծի հունաց բարեպաշտ արքայի որդին` Լևոնը, Կոստանդնուպոլսում Սուրբ Ղազարոսի անունով կառուցեց շքեղ ու գեղեցիկ եկեղեցի: Սուրբ եկեղեցու օրհնության նավակատիկի օրը թագավորին երազում երևաց Տիրոջ հրեշտակը և ասաց նրան, թե` ուղարկիր ծառաներիդ Կիպրոս ու կգտնեն Աստծո սիրելիի` Ղազարոսի, հողով ծածկած տապանը և, բերելով, կդնես այն եկեղեցում, որ կառուցեցիր նրա անունով, որովհետև հրաման եղավ Աստծուց` հայտնել նրա նշխարները: Եվ արքան, զարթնելով, հույժ ուրախացավ ու պատմեց հրեշտակի երևման մասին պատրիարքին ու բոլոր իշխաններին: Շուտափույթ ուղարկեց ընտիր այրերին, պատվավոր իշխաններից, ովքեր, գնալով, գտան տապանը ու նրա վրա փորագրված այսպիսի գիր, թե. «Սա է Քրիստոսի բարեկամ Ղազարոսի տապանը, ում, չորսօրյա մեռյալ, հարություն տվեց Քրիստոս»:


Եվ երբ բացեցին տապանը, սաստիկ անուշահոտություն բուրեց, ու եղավ բազում հիվանդությունների բժշկություն, որոնց համար հիանալով փառք էին տալիս Աստծուն: Հանելով մարմարե տապանից` սուրբի մարմինը դրեցին նավ շինված տապանով, որ ունեին իրենց հետ, ու տարան մեծ պատվով և ուրախությամբ: Երբ նրանք հասան Կոստանդնուպոլիս, բոլոր քաղաքացիները և թագավորը իր բոլոր մեծամեծներով մեծ ուրախությամբ` խունկերով ու մոմերով ելան սուրբին ընդառաջ: Հանդիպելով սուրբ տապանին` երկրպագությամբ, բազում ախտաժետներ ընդունեցին բժշկություն իրենց ցավերից, ովքեր հավատով և սրբությամբ մոտեցան տապանին: Եվ այնպես պատվով բերվելով` սուրբը հանգստարան գտավ իր եկեղեցում: Ումից բազում բժշկություններ են լինում ի փառս Քրիստոսի մեր Աստծո:


ՍԵԵՄ լրագրողական ակումբ
 

Դիտվել է 6969
2015.01.11
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.