Ընթերցանություն
Գլխավոր>Տոներ>Տերունական տոներ> Սբ. Գրիգոր Տաթևացի. քարոզ Սբ. Ծննդյան

Սբ. Գրիգոր Տաթևացի. քարոզ Սբ. Ծննդյան

Եթե մեկը տարակուսելով հարցնի թե ինչու համար Աստված մարդ եղավ, նրան ասում ենք, որ ոչ թե իր կարիքների համար կամ փառքի համար մարդ եղավ, այլ Իր բարերար մարդասիրության համար, ինչպես որ Նա, ով ստեղծեց աշխարհը, երկինքը, հրեշտակներին և մարդկանց ոչ թե Իր կարիքի, այլ բարերարության համար ստեղծեց ամեն ինչ, որպեսզի արարածները հաղորդվեն Իր բարերարությանը: Այդպես էլ Իր բարերարության համար մարդ եղավ և մարդկանց ցեղը Իր փրկությանը հաղորդակից արեց: Նրա բարերարությունը ցույց կտանք տասը գլխով.


Առաջին. Աստված արդար է և մարդուն՝ բարու և չարի միջև ընտրություն կատարող ստեղծեց, բայց նա անձնիշխան կամքով հետևեց չարի պատրանքներին, որի պատճառով էլ Աստծո արդարությունից դատապարտվեց, որից հետո նրա ծնունդների մեջ ոչ ոք չեղավ այնպես արդար, որ նրան փրկեր, այլ էլ ավելի չարիքի մեջ աճեցին, առաջ գնացին: Որի համար արդար Աստված, որ նրան ստեղծեց, մարդ դարձավ նրա ծնունդների մեջ և արդարացրեց նրան:


Երկրորդ՝ Բանն Աստված, որ դատապարտեց նախաստեղծներին, և ոչ ոք չէր կարող վերցնել նրա վճիռը, որովհետև բոլորը դատաստանի տակ էին, այդ պատճառով Բանն Աստված, որ դատապարտեց, այդ նույն Աստված մարդ եղավ և վերացրեց իր դատավճիռը:


Երրորդ՝ սատանան չարախոսում էր մարդուն, թե մեղանչում են բնությամբ և կամքով և այս չարախոսությունը նախ վերաբերում էր մեր բնությունների Արարչին և ապա մեր անձնիշխան կամքին, որ ինքն էր կամքի հորդորիչը և չկար մի մարդ, որ սուտ հաներ նրան, որովհետև բոլորը մեղանչեցին: Որի համար Բանն Աստված մարդ եղավ՝ մեր հոգին և մարմինը անմեղ պահելով նրա կրքից, դատապարտեց չարախոսին և պաշտպանեց Աստծո ստեղծածին՝ մարդուն, և փրկեց մեզ:


Չորրորդ՝ այն անմեղ մարմինը մեր մեղքերի համար Հոր Աստծուն պատարագ մատուցեց և Իր անմեղ մահվամբ ցույց տվեց, թե մարդուն վնասողն ու դավաճանողը սատանան է, որի համար Հայր Աստված դատավոր եղավ և արդարադատությամբ արդարացրեց Որդուն, Նրանով պատռեց մեր հանցանքները և դատապարտեց սատանային:


Հինգերորդ՝ այն յոթ տեսակ շնորհները, որ Աստված փչեց մարդու վրա , նրան ստեղծելու ժամանակ, դրանք վերցրեց մեղքերի և մարմնական լինելու պատճառով և անհաշտելի թշնամություն սկսվեց մարդու և Աստծու միջև, որի համար Բանն Աստված հաշտության միջնորդ եղավ Աստծո և մարդու միջև և մահվան միջոցով հաշտեցրեց Հորը և ետ տվեց հոգին: Քանի որ Քրիստոսի մահը անմեղ էր և կամավոր, Հայրը հաշտվեց՝ դարձյալ պարգևեց հոգին:


Վեցերորդ՝ մահը զորացավ և կուլ տվեց մարդկային բնությունը և ոչ մեկ չէր կարող ազատվել, որովհետև բոլորը մահվան տակ էին: Դրա համար անմահ Բանն Աստված վերցրեց մեր մահկանացու բնությունը և անմահը՝ մեռնելով մարմնով մեր մահը վերացրեց, ջնջեց և մեր մեջ անմահությունը հաստատեց ասելով. «Ո՞ւր է մահ քո հաղթությունը և ո՞ւր է մահ քո խայթոցը» (Ա Կորնթացիներ 15:55) :


Յոթերորդ՝ առաջին Ադամը մահ գցեց մեր բնության մեջ և ոչ ոք հարության հույս չուներ, այդ պատճառով Բանն Աստված եղավ երկրորդ Ադամ և գործով հաստատեց հարության հույսը Նրա համար, ով եղավ մեռելներից առաջինը, որովհետև.«Ինչպես որ Ադամով բոլորս մեռանք, նույնպես էլ Քրիստոսով բոլորս կկենդանանանք ըստ առաքյալի խոսքի» (Ա Կորնթացիներ 15:22):


ՈՒթերորդ՝ մարդիկ մեռած էին մեղքերի մեջ և բնավ չգիտեին այն պատուհասների մասին, երբ Աստված դատելու էր մարդկանց գաղտնիքները, որի համար Քրիստոս արդարությամբ հայտնեց մարդկանց և նրանց սովորեցրեց արդարություն գործել: Քանի որ եթե հոժար կամքով շեղվեին ինչպես  սատանան, ճշմարիտ զրկումը այն կլիներ, որ նրանք փրկվեին, իսկ եթե ակամա, ապա հարկավոր էր նրանց սովորեցնել, որի համար Աստված մարդ եղավ:


Իններորդ՝ առաջին Ադամը մեղքը սփռեց մեր մեջ և ապականությունը, քանի որ ըստ մարմնի նրանից ծնվեցինք, որի համար Բանն Աստված, Երկրորդ Ադամը մեր Հայրը եղավ և ըստ հոգու նրանից ծնվելով սրբվեցինք առաջին Ադամի մեղքերից և ապականությունից: Արդ երկու հայր ունենք, այսինքն՝ Ադամին և Քրիստոսին և, ինչպես մարմնով նախ հին հոր հետ մեռնել և ապա նոր հոր հետ հարություն առնել, և դարձյալ, ինչպես Քրիստոս նախ մեռավ և հետո կենդանացավ, նույնպես էլ մենք:


Տասներորդ՝ կրկնակի է մահը, այսինքն՝ հոգու և մարմնի, նույնպես էլ կրկնակի է կյանքը ՝ հոգու և մարմնի: Հոգու մահը, որ մեղքն է, մահ է պատճառում մարմնին, իսկ մարմնի մահը կյանք է պատճառում հոգուն: Արդ Ադամ կրեց հոգու մահը, որի պատճառով մեռանք մարմնով, իսկ Քրիստոս մարմնի մահը կրեց, որի հետևանքով հոգով կենդանացանք: Արդ Քրիստոս նախ մեր հոգիները կենդանացրեց առաջին գալուստով, իսկ հետո մարմիններս՝ երկրորդ գալուստով:Սա և սրանից ավելի է Աստծո խոսքի մարդ լինելու պատճառը, ինչպես ավետարանիչն է ասում. «Բանը մարմին եղավ»: 

Դիտվել է 5566
2015.01.06
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.