Ընթերցանություն
Գլխավոր>Տոներ>Հայսմավուրք> Քրիստոսի՝ մեր Աստծո Ծննդյան և Հայտնության Տոնի յոթներորդ օրվա պատճառ (ըստ Հայսմավուրքի)

Քրիստոսի՝ մեր Աստծո Ծննդյան և Հայտնության Տոնի յոթներորդ օրվա պատճառ (ըստ Հայսմավուրքի)

Ինչպես որ 6 օրից յուրաքանչյուրին, առանձին-առանձին, Աստված պատվեց արարչագործությամբ, այսպես և յոթներորդ օրվանը Աստված արեց պատիվ, օրհնություն և հանգիստ, որպես Մովսեսն է ասում, թե. «Աստված օրհնեց յոթներորդ օրը ու սրբացրեց այն, որովհետև նրանում հանգստացավ Իր բոլոր գործերից, որ սկսել էր անել Աստված» (Ծննդոց 2:3): Եվ հայտնի է, որ յոթներորդ օրը` պատկեր է այս կյանքի յոթներորդ դարի, որում ընտրվեցին սուրբերը և արդարները, որոնցում հանգչեց Աստծո կամքը: Նրանց է ասում Քրիստոս. «Եկե´ք, իմ Հոր օրհնյալներ, ժառանգեցեք ձեզ համար պատրաստված Արքայությունը» (Մատթեոս 25:34):


Է-ն անեղ է և անսկիզբ, անծին և անժամանակ, անեզր և անմահ (* «Է» տառը նշանակում է Աստծուն, հայոց այբուբենի «Է» տառը նշանակում է 7 թիվը): «Է»-ն կույս է` չի ծնում ուրիշներին, որովհետև «բ»-ն (* 2) մեկից է գոյանում (* 1+1=2), «դ»-ն (* 4)` երկուսից (* 2+2=4), «զ»-ն (* 6) ` երեքից (* 3+3=6), «ը»-ն (* 8)` չորսից (* 4+4=8), և «ժ»-ն (* 10)` հինգից (* 5+5=10): Իսկ 7-ը 10-ից գերազանց չէ (* 0-ից մինչև 9-ը տասը թվանշաններից մեկն է), և նախորդ վեց թվերով չի կազմվում, այդ պատճառով ասվում է անեղ (* անստեղծ), քանզի ոչ ոքի կարոտ չէ, ոչ ոքից չի  գոյանում:


Յոթն են մարմնի զգայությունները (* ճանաչողության գործիքները): Եվ 7 օր է շաբաթվա մեջ: Յոթներորդը Ադամից` Ենոքը, փոխվեց երկինք: 7-են Կայենի մեղքերը, 7 անեծք նրա և 70 անգամ 7` նրա սպանողին (Ծննդոց 4:24): 7-7 անասուններից Նոյը վերցրեց տապան: 7 օր Նոյի տապան մտնելուց հետո այն մնաց ցամաքում: 7 օր Նոյը սպասեց ագռավին բաց թողնելուց հետո և ապա բաց թողեց աղավնուն (Ծննդոց 8:10): 3 անգամ 7 սերունդ Ադամից մինչև Աբրահամ: 7 կարգ Սամսոնի: 7 ջիլեր (Դատավորներ 16:7-9):Եվ 7 գիսակ (Դատավորներ16:14): 7 կանգուն: 7 ցից: 7 կորյուն: 7 քահանաներ (Հեսու 4:6): 7 փող (Հեսու 6:13): 7-երորդ տարին հոբելյանական էր: 7 հոգի աղաղակում էին: 7 պարիսպ: 7 վտավանով  (* ասպարեզով) հեռացած` քահանաներից առանձին էին: 7 երինջ (Ծննդոց 41:2): 7-7 հասկեր (Ծննդոց 41:5): 7 տարի լիության և սովի (Ծննդոց 41:26-27):


Մարգարեների 7 խումբ: 7 շնորհներ: 7 անգամ պատանին վերադարձավ Եղիայի մոտ: 7 անգամ կորացավ Եղիսեն մեռյալ պատանու վրա: Ամուլը ծնավ 7-ին (Ա Թագավորություններ 2:5): 7 անգամ օրվա մեջ օրհնվում է Աստված (Սաղմոս 118:164): 7 անգամ լվանալով հողից` ստանում են արծաթ (Սաղմոս 11:7): 7 դար այս կյանքի: Յոթնապատիկ իրենց գիրկը վերադարձրու (Սաղմոս 78:12): 7 աչք վեմի վրա (Զաքարիա 3:9): Սեղանի 7 աստիճաններ: 7 ճրագ և 7 բերան ճրագների (Զաքարիա 4:2): 7 կանայք պիտի բռնեն մեկ տղամարդու (Եսայի 4:1): 7 տղամարդ եկան: 70 տղամարդ լաց էին լինում թամուզի համար: 7 օր չեն կերակրվել առյուծները, որոնց մեջ գցեցին Դանիել մարգարեին: 7 անգամ 7 կանգուն բարձրության հնոցի բոցը (Դանիել 3:19): 7000 այր չերկրպագեցին բահաղին: 7 հովիվ (Միքիա 5:5): 7 զամբյուղ (Մարկոս 8:8): 7 դևերը ելան (Մարկոս 16:9), և 7 արփյան շնորհները մտան: Մովաբի 7 ձորերը: Եվ Պետրոսի 7 խնդրանքները: 7 անգամ 70 շնորհվեց (Մատթեոս 18:22): Յոթներորդ ժամում թողեց նրան ջերմը (Հովհաննես 4:52): 7 անգամ մկրտեցին Նէեմանին (Դ Թագավորներ 5:14): 7 մատյաններ: 7 կաթուղիկէ (* եկեղեցի) (Հայտնություն 1:4):  7*2 Պողոս Առաքյալի թղթերը:


Վեցապատիկ 7 չարիքները հեթանոսների խափանեց: 70 ծեր (Ելք 24:1): 70 արմավենիներ (Թվեր 33:9) և Գեդեոնի որդիները (Դատավորներ 8:30): Քրիստոսի 70 աշակերտները (Ղուկաս10:1-20): 7 նկանակ (Մատթեոս 15:34): Մեծ Պահքի 7 շաբաթներ, 7` Հինանց, 7` Հիսնակաց: 7 սյուներ (Առակներ 9:1): 7 առաքինություններ: 7 մոլություններ: 7 մահացու մեղքեր: 7 ողորմություններ: 7 պարգևներ: Աստվածուսույց աղոթքի 7 խնդրանքները: Սուրբ Աստվածածնի 7 խոսքերը Ավետարանում: Քրիստոս 7 խոսք ասաց խաչի վրա: 7 անգամ 2 հավատքի դավանություններ Հավատամքում: 7 հրեշտակներ (Հայտնություն 8:2): 7 եկեղեցիների (Հայտնություն 1:11): 7 պատրիարք: Փիլոնի 7 գիրք: 7 սարկավագներ (Գործք Առաքելոց 6:3): 7 ամսեկան ծնված երեխան ապրում է: 7 ամսեկան հասակում ատամներն է հանում: 7 տարեկան դարձած պատրաստ է ուսման:


Եվ արդ` տեսնենք այս յոթներորդ օրվա խորհուրդը, որ Աստծո հանգիստն է և բոլոր օրերի գլուխը, քանզի օրհնյալ է Աստծո հանգստի օրը: Որովհետև Աստված կամեցավ հաղորդ անել արարածներին Իր բարերարությանը և սահմանեց 7 օր, 6-ը`աշխատելու համար և մեկը` հանգստի (Ելք 20:10-11): Աստված 5 օրում Իր Խոսքով ստեղծեց արարածներին, իսկ վեցերորդ օրը ո´չ թե Խոսքով, այլ Իր ձեռքերով ստեղծեց Ադամ մարդուն և փչմամբ կենդանացրեց նրան:


Աստծո ողորմությունը, որ կամենում էր անել մարդուն, այն ժամանակ խափանվեց հանցանքների պատճառով: Սակայն Աստված ոխ չպահեց և չանտեսեց մարդուն, այլ մարդասեր կամքով և գթությամբ մեր կյանքի և փրկության սկիզբն արեց. մեկ օրը 1000 տարի եղավ, ու ամեն մի 1000 տարում նոր գործ արեց Աստված ըստ արարչագործության առաջին օրերի:

Առաջին հազարամյակում Աստված ընտրեց Սեթի որդիներին` նման հրեշտակների և նրանցից Ենոքին երկինք փոխադրեց, որպեսզի երևա Տերը և Աստվածը ամենքի` երկնքի և երկրի:


Երկրորդ հազարամյակին ջրհեղեղ արեց Աստված, որպեսզի ցույց տա, թե Ով սկզբում ցամաքեցրեց երկիրը, դարձյալ ծածկեց այն ջրով` բնակիչների անօրենությունների պատճառով, ու Իր գթությամբ կրկին ցամաքեցրեց:
Երրորդ դարում (* նույնն է, ինչ հազարամյակ) դարձյալ ամբարշտացան մարդիկ մեղքերով և անհավատությամբ` չհավատալով Աստծուն, ու վախենալով ջրասույզ լինել նոր ջրհեղեղից, միաբանվելով, աշտարակ կառուցեցին (* Բաբելոնի աշտարակը): Իսկ Սուրբ Հոգին, ցրելով նրանց չար միաբանությունը, բաժանեց մեկ լեզուն 72 լեզվի և Իր բարերար ողորմության գութը ցույց տվեց Եբեր նահապետին` պահելով նրանով առաջին լեզուն:


Իսկ չորրորդ հազարամյակում երկրի երեսը ծաղկեց Աբրահամի հավատով ու նրա որդիներով` առավել քան բույսերով և տնկիներով:
Հինգերորդ դարում Աստծո հրամանների լույս օրենքները խառնվեցին Աստծո օրինադրության գրին ի ձեռն Մովսեսի, և լուսավորվեց մարդկանց որդիների ազգը: Նույն հազարամյակում Աստված հրամայեց կենդանածնել` դարձմամբ հրեաների Բաբելոնի գերությունից: Ովքեր, իբրև ջրերի սասանությունից ծածկված, գերվեցին բաբելացիներից: Որոնց հրամայում է աստվածպաշտության թևերով շրջել և թռչել:


Իսկ վեցերորդ հազարամյակում ո´չ հրամանով, այլ անձամբ Իրենով ստեղծագործեց և կատարեց Աստված, առավել քան առաջին մեր կենդանությունը (* մարդ ստեղծելը). Կույսից մարմին առնելով` ստեղծագործվեց որպես և Ինքը կամեցավ` ծնվելով մարդ Մարիամից, որպեսզի մեզ սուրբ ավազանի ծննդյամբ աստվածացնի: Եվ Բանն Աստված կատարեց այն ամենը, ինչ կամեցավ անել: Եվ բարձրանալով Խաչը` ասաց. «Ահա ամեն ինչ կատարված է, որ սկսեցի անել» (Հովհաննես 19:30):
Այդ պատճառով Խաչից մինչև Երկրորդ Գալուստը Քրիստոսի յոթներորդ հազարամյակն է` օր յոթներորդ` Աստծո հանգստի, օրհնության և սրբության ի փառս Ամենասուրբ Երրորդությանը:


Ճգնությամբ միանձնականների դասի, Քրիստոս Աստված, ողորմիր այս գիրը կարդացողին:

 

ՍԵԵՄ լրագրողական ակումբ
 

Դիտվել է 6186
2015.01.12
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.