Ընթերցանություն
Գլխավոր>Տոներ>Հայսմավուրք> Քրիստոսի՝ մեր Աստծո Ծննդյան և Հայտնության Տոնի ութներորդ օրվա պատճառ (ըստ Հայսմավուրքի)

Քրիստոսի՝ մեր Աստծո Ծննդյան և Հայտնության Տոնի ութներորդ օրվա պատճառ (ըստ Հայսմավուրքի)

Այս տոնի ութներորդ օրվա խորհուրդը կկատարվի հարության ժամանակ: Ինչպես որ Քրիստոս  Հարություն առավ կիրակի օրը, այդպես էլ մարդկանց ազգը պիտի կանչվի հարությամբ գերեզմաններից կիրակի օրը: Եվ ութներորդ օրը` պատկեր է հանդերձյալ կյանքի, որում Աստված կհանգստացնի բոլոր սուրբերին և Իր անունը սիրողներին լուսո հարկում` զատելով ոչխարներին այծերից ըստ թլփատության օրինակի, ասելով. «Եկե´ք, Իմ Հոր օրհնյալներ, ժառանգեցեք ձեզ համար պատրաստված Երկնքի արքայությունը» (Մատթեոս 25:34):


Ութօրեկան երեխայի թլփատությունը այն պատճառով սահմանվեց, որովհետև ութներորդ օրը մեղավորները կթլփատվեն (* կբաժանվեն) արդարներից` առանձնացվելով ձախակողմը` անշեջ հրի մեջ: Եվ Քրիստոսի թլփատությունն Աբրահամի հետ կնքած Աստվածային ուխտի ճշմարտության պատճառով էր` հաստատելու համար հայրերին տրված Ավետիսը: Քանզի հավատարիմ է Աստված, Ով տվեց նրանց, որպես անկատարների, թլփատության պատգամը (Ծննդոց 17:11-14) ի նշան ուխտի (Ծննդոց 17:1-10)` զատվելու համար հեթանոսներից: Տերը մեր հանձն առավ կատարելու այս պատգամը, որպես Իրենով իսկ ավանդված և խոտան չհամարեց, նաև որպեսզի չբամբասվի հետո իբրև օրինազանց:


Բայց մկրտվելով` արգելեց թլփատությունը, ինչպես որ ասաց Հովհաննեսին, թե. «այսպես վայել է, որ մենք կատարենք ամեն արդարություն» (Մատթեոս 3:15), և Պողոսի միջոցով հոգևոր թլփատություն օրինադրեց մեզ:
Սուրբ Կույս Մարիամը և Հովսեփը թեպետև մեծամեծ բաներ լսեցին Նրա մասին հրեշտակից, հովիվներից և մոգերից, սակայն չարգելեցին Նրան ըստ օրենքի թլփատվել: Այլ Զաքարիան` Հովհաննես Մկրտչի հայրը, գալով թլփատեց Նրան Հովսեփի բազուկների վրա և կոչեց Նրան Հիսուս: Եվ ոչ հատեցին, այլ միայն ճեղքեցին` անդրանիկների օրենքին համաձայն: Եվ այն այդպես Քրիստոսի պատճառով օրինադրվեց, քանզի արժան չէր հատել աստվածացեալ Մարմնից:


Եվ Նրա անունը դրվեց Հիսուս, ինչպես ասաց հրեշտակը, մինչև որ հղացավ Նրանով Սուրբ Կույսը: Նման և խորհրդավոր է Հիսուս անունը, որ եբրայերեն նշանակում է փրկիչ և ըստ էլլադացիների` բժիշկ Ադամի բեկման, փրկիչ անեծքներից, մեղքերից, կուռքերից և դժոխքից, և ամեն վտանգից:
Որ և մեզ ևս փրկի և բժշկի` սատանայից խոցվածներս` տալով դեղը կյանքի, ևս առավել այս գիրը կարդացողին:

 

ՍԵԵՄ լրագրողական ակումբ
 

Դիտվել է 5594
2015.01.13
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.