Ընթերցանություն
Գլխավոր>Քարոզներ>Կիրակնօրյա քարոզներ> Կանայի հարսանիքը: Սբ. Հովհան Ոսկեբերանի մեկնությունը

Կանայի հարսանիքը: Սբ. Հովհան Ոսկեբերանի մեկնությունը

Գալիլիա հասնելու երրորդ օրը Կանա քաղաքում հարսանիք կար։ Եւ Յիսուսի մայրը այնտեղ էր։ Հարսանիքի հրաւիրուեցին նաեւ Յիսուս եւ իր աշակերտները։  Եւ երբ գինին պակասեց, մայրը Յիսուսին ասաց. «Գինի չունեն»։  Եւ Յիսուս նրան ասաց. «Ի՞նչ ես ուզում ինձնից, ո՛վ կին, իմ ժամանակը դեռ չի հասել»։ Նրա մայրը սպասաւորներին ասաց. «Ինչ որ ձեզ ասի, արէ՛ք»։  Այնտեղ կային քարէ վեց թակոյկներ՝ հրեաների սովորութեան համաձայն մաքրուելու համար. նրանցից իւրաքանչիւրը շուրջ հարիւր լիտր տարողութիւն ունէր։  Յիսուս նրանց ասաց. «Լցրէ՛ք այդ թակոյկները ջրով»։ Եւ լցրին բերնէբերան։ Եւ ասաց նրանց. «Հիմա վերցրէ՛ք եւ տարէ՛ք սեղանապետին»։ Եւ նրանք տարան։  Եւ երբ սեղանապետը ճաշակեց գինի դարձած ջուրը ու չէր իմանում, թէ որտեղից է (բայց սպասաւորները, որոնք ջուր լցրին, գիտէին),  խօսեց փեսայի հետ ու ասաց. «Ամէն մարդ նախ ընտիր գինին է մատուցում, եւ երբ հարբած են, այն ժամանակ՝ վատը։ Իսկ դու ընտիր գինին մինչեւ հիմա պահել ես»։ Յիսուս այս առաջին նշանն արեց Գալիլիայի Կանա քաղաքում որպէս սկիզբը նշանների եւ յայտնեց իր փառքը, ու նրա աշակերտները հաւատացին նրան։ (Հովհաննես 2.1-11)


«Հիսուսի Գալիլեա հասնելու երրորդ օրը Կանա քաղաքում մի հարսանիք կար, և Հիսուսի մայրն այնտեղ էր: Հարսանիքին հրավիրվել էին նաև Հիսուսը և Նրա աշակերտները» (Հովհաննես 2.1-2): Քրիստոս առավել ևս հայտնի էր Գալիլեայում, այդ պատճառով էլ Նրան կանչեցին հարսանիքի: Քրիստոսին հարսանիքի հրավիրողները, իհարկե, չգիտեին Նրա մասին հարկ եղածը, նրանք հրավիրել էին Նրան ոչ որպես հայտնի մարդու, այլ  ուղղակի հասարակ և ծանոթ մի մարդու, ինչը և մատնանշում է ավետարանիչը` ասելով, որ հարսանիքի հրավիրված էին թե՛ Հիսուս, թե ՛ Նրա Մայրը և թե՛ Նրա աշակերտները:


Այստեղ պետք է ուշադրություն դարձնել այն բանի վրա, թե որտեղի՞ց Նրա Մոր մոտ ծագեց իր Որդու մեծության մասին միտքը: Մինչ այդ Նա դեռ ոչ մի հրաշք չէր գործել, ավետարանում ասվում է. «Հիսուսն Իր այս առաջին հրաշքը կատարեց Գալիլեայի Կանա քաղաքում» (Հովհաննես 2.11): Եթե որևէ մեկն ասի. «Այստեղ չկան անհրաժեշտ ապացույցներ, թե Կանայի հրաշքն առաջինն էր, որ կատարեց Հիսուս և որպես հիմնավորում ավելացնի՝ «Գալիլեայի Կանան» ցույց է տալիս միայն, որ այդ հրաշքը Կանայում էր առաջինը և ոչ ընդհանրապես Նրա հրաշքներից առաջինը: Հավանաբար, Քրիստոս մինչ այդ ուրիշ տեղերում էլ է հրաշքներ գործել»:

 

Դրան կպատասխանենք հետևյալ կերպ. Հովհաննես Մկրտիչը Հիսուսի մասին վկայում է. «Ես ինքս էլ չէի ճանաչում Նրան, բայց ես եկա և մկրտեցի ջրով, որպեսզի Նա հայտնվի Իսրայելի ժողովրդին» (Հովհաննես 1.31): Եթե Քրիստոս պատանեկության տարիքում հրաշք գործեր, ապա իսրայելացիները կարիք չէին ունենա ուրիշ մարդու, ով կվկայեր Նրա մասին: Եթե Քրիստոս արդեն երեսուն տարեկանում հայտնի լիներ Իր հրաշքներով և շարունակեր հրաշագործել Իր կյանքի վերջին երեք տարիների ընթացքում, ապա Նա այդ երեք տարիների կարիքը չէր ունենա, որպեսզի Իրեն հայտներ աշխարհին:


Նա կարճ ժամանակում էլ փառավորվեց բազմաթիվ հրաշքներով, ու Նրա անունը հայտնի դարձավ ոչ միայն Հուդայի երկրում, այլև Սիրիայում, ուրիշ տեղերում, առավել ևս Նա չէր կարող այդքան երկար ժամանակ անհայտության մեջ մնալ, եթե հրաշքներ գործեր պատանեկության տարիներից: Նա ոչ մի հրաշք չի գործել պատանեկության տարիներին, բացի նրանից, ինչի մասին պատմում է Ղուկաս ավետարանիչը, երբ Նա տասներկու տարեկանում, տաճարում, ուսուցիչների կողքին նստած, լսում էր և Իր հարցերով զարմացնում նրանց:


Եթե Հիսուսին կատարյալ տարիքում էին հրաշքների առումով կասկածում, ապա առավել ևս, եթե Նա հրաշագործեր պատանեկության տարիքում, այդ պատճառով Նա ոչ մի հրաշք չգործեց մինչ երեսուն տարեկանը: Բացի դրանից, հրեաները նախանձով լցված, ավելի արագ և ժամանակից շուտ կխաչեին Նրան, այդ կերպ մեր ամբողջ փրկագործությունը չէր ընդունվի հավատքով:


Քրիստոս Աստվածամորը Իրեն հայտնեց Հովհաննես Մկրտչի վկայություններով և նաև նրանով, թե ինչ էր ասում Ինքը աշակերտներին: Նախ և առաջ Քրիստոսի ծնունդը և նրան հաջորդող իրադարձություններն էին ներշնչել Աստվածամորը՝ իր Որդու մասին բարձր պատկերացում ունենալու: Գուցե ասեն, թե ինչո՞ւ Աստվածամայրը այդ մասին առաջ չէր արտահայտվում: Այն պատճառով, ինչպես ասացի, որ Քրիստոս միայն այդ ժամանակ սկսեց բացահայտել Իրեն: Իսկ մինչ այդ Նա ապրում էր որպես հասարակ մի մարդ:


Շուտով Մարիամը լսեց, որ հանուն Նրա է եկել Հովհաննեսը, տալով Նրա մասին վկայություն, և որ Նա արդեն ունի աշակերտներ, այդ պատճառով էլ գինու պակասության դեպքում համարձակորեն դիմում է Նրան: Այդ ժամանակ էլ Քրիստոս նրան պատասխանեց՝ մա´յր, մե´զ ինչ: Նա ցանկանում էր, որ Իր կողմից գործված հրաշքը կասկածելի չդառնա: Նրան հրաշքի համար պետք է խնդրեին նրանք, ովքեր ունեին դրա կարիքը, այլ ոչ թե Իր մայրը: Ինչո՞ւ: Ինչ որ արվում է բարեկամների խնդրանքով, անգամ եթե կարևոր է, հաճախ կողմնակի անձանց կողմից դատապարտելի է համարվում: Երբ խնդրում է հենց կարիք ունեցողը, այդ դեպքում հրաշքը դառնում է ամեն կասկածից վեր:


Փրկչի պատասխանը մերժում չէր Իր Մորը: Մարդուն ոչ մի օգուտ չի բերի այն, եթե նա ունենա առաքինի և պատվավոր հայր, եղբայր կամ որդի, սակայն ինքը հեռու լինի նրանց առաքինություններից: Երբ Մայրը Հիսուսին ասաց, որ գինի չկա, Քրիստոս պատասխանեց. «Մա´յր, մե´զ ինչ, Իմ ժամանակը դեռ չի հասել»: Այդ կերպ Նա ցանկանում էր ցույց տալ, որ ամեն ինչ անում է իր ժամանակին և ոչ հանկարծակի, քանի որ այստեղից կարող էին առաջ գալ խառնաշփոթություն և անկանոնություն: Նա է սահմանել ժամանակների կարգավորությունը, Նա է այդ ամենի ստեղծիչը:


Բայց Հովհաննես ավետարանիչը, մեջբերելով Քրիստոսի խոսքերը՝ Իմ ժամանակը դեռ չի հասել, ցույց է տալիս, որ այդ ժամանակ Նա դեռ բոլորին հայտնի չէր և չուներ աշակերտների խումբ: Նրան հետևում էր միայն Անդրեասը, նրա հետ Փիլիպոսը, և նրանցից բացի ուրիշ ոչ ոք: Եվ նրանք նույնպես չէին ճանաչում Նրան ինչպես հարկն է, ոչ Իր Մայրը, ոչ եղբայրները: Շատ հրաշքներից հետո միայն ավետարանիչը հիշատակում է Նրա եղբայրներին. «Արդարև, Նրա եղբայրներն իսկ դեռևս չէին հավատացել Նրան» (Հովհաննես 7.5): Նրան չէին ճանաչում նաև հարսանիքին ներկա գտնվողները: Հակառակ դեպքում նրանք կարիքի մեջ կդիմեին Քրիստոին խնդրանքով:


Այստեղից սովորում ենք, որ եթե անգամ մենք անարժան ենք, սակայն անդադար աղոթքներով կարող ենք դառնալ արժանի՝ ստանալու մեր խնդրանքը: Այդ պատճառով էլ Մայրը հույս ուներ և սպասավորներին բերեց հենց այդ նպատակով, որպեսզի խնդրանքը լինի մեծ թվով մարդկանց կողմից. ապա ավելացրեց. «Նա ինչ որ ասի, արե´ք»: Մարիամը գիտեր, որ Նա հրաժարվեց ոչ թե անկարողությունից, այլ խոնարհությունից և նրա համար, որպեսզի այն մտայնությունը չլինի, թե Նա շտապում է հրաշագործել:


Հրեական ծիսական մաքրության սովորույթի համաձայն, այնտեղ կային քարե վեց կարասներ, որոնցից յուրաքանչյուրն ութսունից հարյուր լիտր տարողություն ուներ: Հիսուսն ասաց սպասավորներին. «Այդ կարասները ջրով լցրե´ք»: Ավետարանիչը հենց այնպես չի նշում՝ «հրեական մաքրության համաձայն», այլ նրա համար, որ անհավատներից որևէ մեկը չկասկածի, թե կարասների մեջ գինու մնացորդ կար, և երբ ջուրը լցվեց խառնվեց դրա հետ, ապա ստացվեց թույլ գինի: Քրիստոս Ինքը ջուրը չլցրեց, այլ սպասավորներին ասաց, որպեսզի նրանք լինեին հրաշքի վկաները:


Գուցե մի քանիսը համարձակվեն ասել. «Այնտեղ հարբած մարդիկ էին հավաքված, գինին գնահատողների համի զգացողությունը այն չէր արդեն, և նրանք ի վիճակի չէին ո´չ հասկանալու, ո´չ դատելու, թե ի՞նչ էր այդտեղ կատարվում: Նրանք չէին կարող որոշել ջուր էր, թե գինի, քանի որ հարբած էին»: Բայց ավետարանիչը ցրում է այդ կասկածը ևս: Նա նշում է, որ ոչ թե հյուրերն էին իրադարձության մասին կարծիք հայտնում, այլ սեղանապետը, որ սթափ էր և դեռ ոչինչ չէր խմել: Այդ պատճառով էլ հրաշքի վկայության համար Քրիստոս օգտագործեց սեղանապետի սթափ զգացումը: Նա չասաց՝ տարեք գինին և տվեք մյուսներին, այլ ասաց՝ տարեք և սեղանապետին տվեք: Սեղանապետը համտես արեց գինու փոխված ջուրը, բայց չիմացավ, թե որտեղից էր. թեև սպասավորները, որոնք լցրել էին ջուրը գիտեին այդ: Այն ժամանակ սեղանապետը կանչեց փեսային: Ինչո՞ւ նա չկանչեց սպասավորներին:


Այդ կերպ կբացահայտվեր հրաշքը: Պատճառն այն էր, որ Ինքը Քրիստոս չբացահայտեց հրաշքը, քանի որ ցանկանում էր, որ Իր զորությունը ճանաչվի ոչ միանգամից, այլ՝ կամաց-կամաց: Իսկ որ ջուրը իրապես փոխվել էր ամենալավ գինու, այդ մասին կարող էին վկայել ոչ միայն սպասավորները, այլ սեղանապետը և փեսան, և որ դա արեց Քրիստոս, այդ մասին կարող էին վկայել ջուրը լցնող սպասավորները:

Դիտվել է 4996
2015.01.18
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.