Ընթերցանություն
Գլխավոր>Տոներ>Սրբոց տոներ> Քրիստոնյան՝ սիրո մարտիկ

Քրիստոնյան՝ սիրո մարտիկ

«Նոր պատվիրան եմ տալիս ձեզ՝ սիրե՛ք միմյանց: Ինչպես ես ձե՛զ սիրեցի, դուք էլ միմյա՛նց սիրեք» (Հովհ.13:34):
Այս օրերին,  երբ առավոտները ճերմակ են, օդը՝ սառը, ու մենք  ձմեռ ենք ապրում, սիրո տոն է. ևս մեկ առիթ՝  սիրո մասին խորհելու, սերը մեր մեջ գտնելու, սեր բաշխելու, ընծայելու, սերը մեր ներսում զորացնելու համար:

Այսօր  սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն է:

Սիրելու համար տոներ հարկավոր չեն. սերն արդեն իսկ տոն է, սակայն տոնը ևս մեկ առիթ է ստուգելու-համոզվելու՝ արդյո՞ք մեր կյանքում գործում է միմյանց սիրելու, սիրով առաջնորդվելու պատգամը:
Քրիստոնեությունն այն եզակի կրոնն է, որն իր մեջ սիրո և սիրելու ուղերձ է կրում: Պատահական չէ, որ Սուրբ Սարգիսը նահատակվեց հանուն քրիստոնեության և այսօր մեզ համար սե՛ր է բարեխոսում: Մենք  բոլորս կարիք ունենք գիտակցելու, որ եթե նույնիսկ կարողանանք խոսել մարդկանց ու հրեշտակների լեզուներով, ունենանք բազում գիտելիքներ, տիրապետեք մի շարք գիտությունների, լցված լինենք հավատով, բայց զրկված լինենք սիրելու կարողությունից, ապա մենք ոչինչ ենք, մեր կյանքը ոչինչ է, դատարկություն, անիմաստ օրերի շղթա: Ամեն ինչ միանգամից արժեզրկվում-իմաստազրկվում է, երբ մենք բաց ենք թողնում ամենակարևորի գիտակցությունը, իսկ ամենակարևորը սերն է՝  մեծագույն արժեքը, որն ամեն մարդ կրում է իր ներսում: Սերն Աստծո մի մասնիկն է մեր մեջ:


Հատկանշական է նաև, որ Սուրբ Սարգիսը երիտասարդների բարեխոսն է:

Յուրաքանչյուր տարիքում սերն իր ուրույն երանգն ունի, արտահայտման-դրսևորման կերպը: Երիտասարդների կյանքում  սերն ամենավառն կերպով է արտահայտվում. այստեղ է, որ այն դառնում է ուսուցիչ և սովորեցնում է համբերել, անվայել վարմունք չունենալ, չնախանձել, չարը չխորհել, անիրավության վրա չուրախանալ, չգոռոզանալ, մշտապես հույս ունենալ:

Սուրբ Սարգսի տոնը ընտանեկան տոն է. ընտանիքի ներսից դուրս եկող և դեպի ընտանիք տանող տոն: Սա էլ վկայում է այն մասին, որ ընտանիքում պիտի սերը իշխի: Եվ միայն սիրո գերիշխանության մեջ մեծացած երեխաներն են կարող  սեր բաշխել ու կազմել իրենց ընտանիքը սիրո հիմքի վրա:


Հայտնի է, որ Սուրբ Սարգիսը զինվորական էր, բայց նա զբաղվում էր  նաև քրիստոնեության քարոզչությամբ: Այսօր քրիստոնյան սիրո մարտիկ է, սիրո ուղերձի կրողն ու տարածողը: Այսօր մենք չունենք նահատակվելու, հանուն քրիստոնեության մահանալու խնդիր: Սուրբ Սարգսի ժամանակներից շատ դարեր են անցել, խնդիրը փոխվել է:  Այսօր մենք պիտի ունենանք այն գիտակցությունը, որ հոգի՛ն  է մեռնում առանց սիրո, առանց ճշմարտության, առանց ճշմարիտ հավատքի: Հոգին ու հոգևորը ցամաքում է մեր ներսում, երբ բաց ենք թողնում սերն ու դրան փոխարինիչներ գտնում:


Պետք է պարզապես պայքարել սիրով և հանուն սիրո: Հայտնի է նաև, որ Սուրբ Սարգսի միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այնտեղ, ուր առկա է սերը, երբեք հրաշքների պակաս չկա: Մեզ անհրաժեշտ է բարեխոս, որը մեզ կառաջնորդի դեպի սերը, կօգնի մեր մեջ բացահայտելու սիրո աղբյուրը և ապրել դրան ներդաշնակ կյանքով: Ուրեմն սիրենք և թող սերը մեզ համար ամենօրյա տոն դառնա. սիրենք ինքներս մեզ ու մեզ շրջապատող մարդկանց. այդժամ մենք կգտնենք Աստծուն:

Թող բարեխոսը մեզ հետ լինի ողջ տարվա ընթացքում, սովրեցնի մեզ սիրել:  Թող սերը մեզ հետ լինի մեր կյանքի բոլոր շրջաններում՝ երիտասարդությունից մինչև կյանքի ձմեռ:

 

Անժելա Պողոսյան

Դիտվել է 7431
2015.01.31
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.