Ընթերցանություն

«Ասում են ողջերից վախեցեք»

«Ասում են…»: Ի՞նչ են ասում, ովքե՞ր են ասում, ճի՞շտ են ասում, ոչ ոքի սա չի հետաքրքրում: Հետաքրքիր է միայն այն, որ ասում են: Իսկ եթե ասում են, ուրեմն «մի բան կա»: Յուրաքանչյուր ազգ ունի իր ավանդույթները, սովորույթները, որոնք կարևոր են ինքնատիպության ու առանձնանալու համար: Այս առումով կարևոր են նաև «ասում են…»-ները:


Քանի որ մահվան և ծնվելու երևույթը բնական և անխուսափելի երևույթներ են, ապա շատ «ասում են…»-ներ կան՝ կապված թաղման ծեսի, հանգուցյալի հետ: Թաղումը երբեք չի ընկալվում որպես սոսկ հանգուցյալին հրաժեշտ տալու արարողություն: Հոգևորի մասին մտածելու փոխարեն սկսում ես մտածել մահացածը «իր ետևից մարդ կտանի՞, թե՝ չէ», դագաղի ետևից պիտի քայլես, թե՞ առջևից, թաղման արարողությանը պատուհանից հետևես, թե՞ ընդհանրապես չնայես, նորածին երեխային հասցնես անպայման թաղման ժամանակ տանից դուրս հանես և այսպես շարունակ:


Երևի թե, չկա մի հայ, ով իր տատիկից չի լսել իրենց ադաթների, ավանդույթների, սովորույթների մասին: Կամ, երբ քաղաքից դուրս ես գալիս, չես կարող չնկատել ճանապարհի քարին  կամ տան բակում նստած տատիկների, ովքեր    «ասում են…»:


«Չի կարելի տանը հանգուցյալի իրերից թողնել»:


«Հին ժամանակներում ուշադրություն էին դարձնում, թե որ ոտքով քահանան ներս կմտնի: Եթե աջով է մտնում, ուրեմն ամեն ինչ լավ կլինի, եթե ձախով՝ ոչ»:


«Քանի դեռ մահացածի մարմինը տանն է, ջրի դույլի մեջ դանակ էին գցում, որպեսզի վերջինս գիշերը դույլից ջուր չխմի: Այդ ընթացքում նաև տանից ոչինչ չէին տալիս ուրիշներին: Տան մեջ դուռ լուսամուտ չէին բացում: Եթե տան տերը կամ տիրուհին էր մահացել, ապա բոլոր դռներից կարմիր թել էին կապում: Ասում են, որ հանգուցյալը իր հետևից ունեցվածքը չտանի»:


«Շատ պետք է լացել, որ իմանան՝ հարգված մարդ էր, շատ էին սիրում»:


«Մեր գյուղում Կաշտան անունով  մի տատիկ կա: Գյուղի բոլոր թաղումներին ներկա է լինում նա ու ցանկացողի համար գումարով լացում է: Մի անգամ հետաքրքրության համար գումար տվեցի ու նա էնպես լաց եղավ, որ դրանից հետո թաղման ժամանակ լացող մարդ տեսնելիս  կասկած է մտնում մեջս»,- պատմում է Արթուրը:


«Այս տունը, որտեղ մարդ է մահացել՝ փակում են բոլոր հայելիները: Ասում են մահացածի հոգին կարող է մեջը մտնել կամ էլ այլ չար հոգիներ կարող են մտնել»:


«Դագաղը պետք է առջևում լինի, իսկ մարդիկ քայլեն ետևից: Ասում են, եթե մարդ ինչ-որ հիվանդությունից է մահացել, ապա նրա դիմացով անցնողը իր վրա կվերցնի այդ հիվանդությունը»:


«Չի թույլատրվում որևէ իր բերել գերազմանատնից, իսկ այդտեղից դուրս գալիս պետք է մեջքով կանգնել դեպի գերեզմանը ու ոտքերը սրբել: Դա արվում է, որ գերեզմանոցից ոչինչ չբերվի տուն»:


«Եթե մահացած մարդու նկարը երկար ես պահում պատից կախված, ապա այն դժբախտություն է բերում»:


«Պապիկիս նկարը կախված էր մեր տան պատից: Մեզ միշտ ասել են հանենք այն, որ չի կարելի մահացածի նկարը պատից կախված պահել, մանավանդ բաց վիճակում: Ասում են մահացածի հետ կապը միշտ պահպանվում է: Չգիտեմ, այնքան ասացին, որ տան մթնոլորտը սկսեց ճնշվել: Փորձանքները անպակաս էին և մենք ամեն ինչ կապում էինք նկարի հետ: Քույրս սկսեց անընդհատ իրեն վատ զգալ, առանց պատճառի, և հայրիկը որոշեց հանել նկարը: Բայց դա ոչինչ չփոխեց, ամեն ինչ նույնն է: Ես միշտ խոսում էի նկարի հետ ու մտածում, որ պապիկը ողջ է ու ինձ լսում է»,- ասում է Նելլին:


«Թաղման օր գերեզմանատնից վերադառնալիս ձեռքերը լվանալ դրսում: Ասում են այլ կերպ վիշտը ներս ես բերում»:


Ըստ հոգեբան Լիլիթ Մկրտչյանի, մահը ընդհանրապես այն երևույթն է, որից մարդ վախենում է, քանի որ չի հասկանում և չի կարող բացատրել այն: Մարդ շատ է մտածում մահվան մասին: Արդյոք կա՞ կյանք մահից հետո, ի՞նչ է մահը և այլն: Այդ պատճառով ինչ-որ կերպ փորձում է պայքարել իր վախերի դեմ: Երբ նայելով հանգուցյալի նկարին՝ վախենում է, ապա դա կապված է մարդու հոգեկան մտածողության ու հավատի հետ:


«Մի անգամ ամուսնուս հետ թաղման էի գնացել: Տատս ծեր, հին ադաթների տեր կին է, այնքան ասեց սա չանես, նա չանես, այսպես կքայլես, այնտեղ կնստես, որ շատ նյարդային ու վախեցած  գնացի այնտեղ: Ներս մտանք, լույսերն անջատված էին: Ամուսինս գնաց տղամարդկանց մոտ, իսկ ես մնացի մենակ: Սենյակ գնալու համար անհրաժետ էր անցնել հանգուցյալի կողքով: Հիշեցի, որ տատս ասել էր հայելու մեջ չնայեմ: Բայց հենց մտածում էի չնայեմ ո՛չ հանգուցյալին, ո՛չ հայելուն, ինքնաբերաբար երկուսին էլ նայեցի: Այդ պահին ինձ թվաց հանգուցյալը հայելու միջից ինձ է նայում: Վազելով դուրս եկա ու խնդրեցի ամուսնուս ինձ տուն տանել: Ամբողջ ճանապարհին հանգուցյալը կարծես հետևում էր ինձ: Ես շատ ուժեղ սթրես տարա: Անգամ հոգեբուժարանում եմ եղել: Հետո հոգևորականի միջոցով  կարողացա ապաքինվել»,- պատմեց Սեդան (անունը փոխված է վերջինիս խնդրանքով):


Մահացած մարդն արդեն ոչինչ չի կարող անել քեզ, ժողովուրդն «ասում է ողջերից վախեցեք»:

 

Հասմիկ Թամամյան
ՍԵԵՄ լրագրողական ակումբ

Դիտվել է 3373
2015.02.05
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.