Ընթերցանություն
Գլխավոր>Երիտասարդաց Միություն >Միջոցառումներ> Դրախտային խնջույք: Բուն բարեկենդան

Դրախտային խնջույք: Բուն բարեկենդան

Մարդը պատվիրան ստացավ Տիրոջից. «Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող եք ուտել, բայց բարու ու չարի գիտության ծառից մի՛ կերեք» (Ծննդոց 2:16-17): Ըստ այդմ ամեն ծառից ուտելը խորհրդանշում է Բարեկենդանը, իսկ մեկից չուտելը` Պահքը:
Բուն Բարեկենդանը նախորդում է Մեծ Պահքին: Այն առավելապես ժողովրդական տոն է, որը ժամանակին տոնում էին մեծ շուքով:

 
«Ծիրանի մշակութային հինգերորդ դպրոց»-ի նախաձեռնությամբ մի խումբ երիտասարդներ համախմբվել ու փորձել են վերստեղծել տոնի այն մթնոլորտը, որը եղել է հնում:
««Ծիրանի մշակութային հինգերորդ դպրոց» ծրագրի ավարտին մենք պետք է ներկայացնեինք մշակութային ծրագիր և որոշեցինք անդրադառնալ հայկական ազգային տոներին: Քանի որ առաջիկայում Բուն Բարեկենդանն էր, ցանկացանք մարդկանց ևս մեկ անգամ հիշեցնել տոնի ավանդույթների մասին: Փորձել ենք այնպիսի մթնոլորտ ստեղծել, որ հանդիսատեսը ևս անմիջականորեն մասնակցի տոնին բնորոշ տիկնիկների ու դիմակների պատրաստմանը, երգին ու պարին»,-բացատրում է Անի Ավետիսյանը:
Հրավիրատոմսերը բաժանված են, կազմակերպիչները պատրաստ, իսկ Սուրբ Երրորդություն եկեղեցու դռները միշտ բաց են այսպիսի նախաձեռնությունների համար:


Սիրանուշ Անդրեասյանը, ով միջոցառման կազմակերպիչներից է, բացատրում է այս գաղափարի ստեղծման և տոնի մասին, որից հետո սկսվում է Բարեկենդանի խնջույքը:
«Հայկական ավանդական տոները նշելու գաղափարը ծագեց այն ժամանակ, երբ ես տեսա, թե ինչ մեծ թափով ենք մենք նշում այլ ազգերի տոները: Բարեկենդանը ժամանակին նշվել է մեծ շուքով: Կազմակերպվել են պարահանդեսներ, խաղեր, մարդիկ դիմակներ են կրել, պարել են, երգել: Նաև, իհարկե, չպետք է մոռանալ հյուրասիրությունների ու սեղանի առատության մասին: Որպեսզի ցույց տանք, որ ամենևին էլ դժվար չէ կազմակերպել այսպիսի տոներ»:


Ավանդական զուռնա-դհոլ: Տարազով երիտասարդները արդեն բեմում են ու սկսվում է պարը: Դահլիճում հին հայկական մթնոլորտ է: Հանդիսատեսը այլևս ժամանակակից աշխարհում չէ, այլ մուտք է գործել պատմության մեջ ու զգում է նախնիների ավանդույթի համն ու հոտը:
Տոնը շարունակվում է և այժմ ուշադրության կենտրոնում ծիսական տիկնիկներով ու դիմակներով զարդարված սեղանն է: Եթե որոշել ենք վերադառնալ ավանդույթներին, ապա չենք կարող անտարբեր մնալ հայկական մշակույթի խորհրդավոր ու հետաքրքիր արժեքներից մեկին` ծիսական տիկնիկներին, որոնք ուղղակիորեն կապված են Բարեկենդանի հետ: Վերջիններիս մեջ առավելագույնս խտացված են ժողովրդի մտածելակերպն ու բարքերը: Այդպիսի ծիսական տիկնիկներից է Ուտիս տատը:


Այն պատրաստում էին երիտասարդ տղաները: Ուտիս տատը  կնոջը կերպարանավորող, գզգզված, քրքրված տիկնիկ էր, որ Բարեկենդանի վերջին օրը, երեկոյան, հանդիսավոր կերպով գլորում էին սարի գլխից, այլ կերպ ասած` վռնդում էին, ներս հրավիրելով Պաս պապին: Ուտիս տատը խորհրդանշում է կնոջ տիրապետության շրջանը, ուտիս օրերը, իսկ Մեծ պասի ծիսական տիկնիկը` Ակլատիզը կամ Պաս պապը, արական տիրապետության և պաս օրերի շրջանը: Ուտիս տատը և Պաս պապը գտնվում են մշտական ծիսական պայքարի մեջ: Նրանց վեճն արտահայտվում է Լոռվա բանահյուսության հետևյալ պատառիկի մեջ` «Տատը գնաց շերեփը ձեռքին, պապը եկավ չոմբախն ուսին»:


Միջոցառման մասնակիցները հնարավորություն ունեցան իրենց ձեռքով պատրաստել ավանդական տիկնիկներ և վզնոցներ, թևնոցներ:
Իսկ խնջույքը շարունակվում է:
«Պուռմատիկինն էկեր էր, ույ, ույ, ույ աղամ: Շարե շապիկ հագեր էր, ույ աղամ»: Երգում է ամբողջ դահլիճը, որից հետո անցնում են հյուրասիրությանը, քանի որ Բարեկենդանին բնորոշ է ուտելիքի առատությունը: Հյուրասիրության սեղանին դրված էին նաև բաղադրատոմսեր, որոնք կօգնեն մասնակիցներին տանը փորձել պատրաստել դրանք: Ոգևորությունն ու տոնական տրամադրությունը  շարունակվում է Թամզարա երգով ու պարով:
Միջոցառման մասնակիցները բացի ոգևորության և ուրախության զգացողությունից իրենց հետ տարան նաև փոքրիկ հուշանվերներ, որոնք միշտ կհիշեցնեն ավանդույթների մասին:


Հասմիկ Թամամյան
ՍԵԵՄ լրագրողական ակումբ

Դիտվել է 6782
2015.02.08
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.