Ընթերցանություն
Գլխավոր>Տոներ>Սրբոց տոներ> Մահվան գիտակցությամբ անմահացած հոգիներ

Մահվան գիտակցությամբ անմահացած հոգիներ

Անմահ է լույսը: Այն չի ոչնչանում: Ահա թե ինչու Աստված Լույս է: Քրիստոնեությունը այդ Լույսին որդեգրեց  մարդուն: Իսկ հայ հոգին մշտավառ պահեց իր Լույսը Լուսավորչի Կանթեղի մեջ: Մարդկանց մեջ հայտնվեց Աստված: Աստծո Որդին եղավ Մարդու Որդի, Իր հարությամբ սրբագործեց Անմահությունը:
Մարմիններ մահացած. որոնք, այո, քայքայվում են. բայց որքա՜ն կրակներ են բոցավառվում հոգիներում, որքա՜ն կայծեր սրտերում, և որքա՜ն լույսեր մտքերում: Հրաշալի մի կյանք, որ վերջ չունի:


Առանց մահի, չկա անմահություն: Մահը կյանք է: «Եթե ցորենի հատիկը հողի մեջ չընկնի և չմեռնի, ինքը կմնա որպես առանձին հատիկ, իսկ երբ մեռնի, բազմաթիվ հատիկներ կտա» (Հովհաննես 12:24): Ցորենի մահը վերածնում է հասկերի, որոնք նրա կյանքը դալարեցնում են, կրկնապատկում շարունակ, այսինքն անմահացնում: Ցորենը  չի մնում հողածածկույթում, այնտեղ Հարուցյալ է ննջում, որ հավերժացնում է կյանքը:


Արևը սպառվո՞ւմ է, իսկ եթե սպառվում է, անկասկած, այլ արևներ են ծագում: Կյանքն անիմաստ ու անբացատրելի պիտի լիներ առանց հավերժության հավատքի:
Մարդկությունը ունեցել է մահվան գիտակցությամբ անմահացած հոգիներ: Հայն էլ ունի իր անմահները՝ Վարդանանք: Հայ ժողովուրդը փառավորում է նրանց հաղթական մահը:


Անշուք, անզարդ, հաճախ մամռապատ քարերի տակ հանգչում են անմահների աճյունները: Այս քարերից անմահության հոտ է բուրում: Յուրաքանչյուր անբիծ հոգի և անկեղծ սիրտ լսում է այն լեզուն, որ քարերն են ասում. «Մահ իմացեալ՝ անմահութիւն է»:


Գայանե Սուգիկյան
ՍԵԵՄ լրագրողական ակումբ
 

Դիտվել է 4117
2015.02.12
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.