Ընթերցանություն
Գլխավոր>Լրագրության խմբակ>Տասը պատվիրանները> Մի՛ շնացիր. վտանգվում է հոգին և մարմինը

Մի՛ շնացիր. վտանգվում է հոգին և մարմինը

Բոլորիս քաջ հայտնի է, որ եթե խոստում է տրվում, ապա այն պետք է կատարել: Հակառակ պարագայում մարդը հայտնվում է տարբեր իրավիճակներում՝ մեծ ու փոքր խնդիրների, անգամ ավերների առջև:
Այժմ անդրադառնանք մի կարևոր խոստմանը, երբ ամուսինները Աստծո և մարդկանց առջև խոստանում են մինչև մահ՝ թե՛ երջանկության և թե՛ թշվառության օրերին միմյանց սիրել և ի վկայության այդ խոստման, միմյանց են մեկնում իրենց աջ ձեռքերը: Աստված, Ով օրհնում է այդ միությունը, ցանկանում է, որ տղամարդը և կինը սիրեն միմյանց մինչև կյանքի վերջ:


Հնուց ասված մի խոսք կա. «Աստծով սկսի՛ր և Աստծով էլ վերջացրու»: Երբ այս խոսքի համաձայն հիմքը դրվում է Աստծով, ապա ընթացքն էլ է գեղեցիկ լինում: Իսկ երբ հիմքում արտաքին գեղեցկությունն է կամ փողը, ապա գեղեցիկ ընթացքը խափանվում է. գեղեցկությունը ժամանակի ընթացքում կարող է անցնել, հարստությունն էլ խաղաղություն չբերելով, սեր էլ չի բերում, կիրքն էլ այլևս չկա: Այսպիսով գեղեցիկ ընթացքը վերածվում է զարտուղու՝ տանելով ամուսիններին անհավատարմության՝ շնության: Զարտուղու ընթացքի սկիզբը դրվեց, քանի որ սերն էր բացակայում, իսկ սիրո բացակայությամբ սկսեցին բացակայել նաև երջանկությունը, խաղաղությունը, օրհնությունը և ամենակարևորը՝ Աստված: Անհանդուրժողականության և կռիվների արմատին հասնելով՝ մտորելու առիթ է ստեղծվում, արդյո՞ք սիրտը հարմարվել էր սրտին, ի՞նչն էր իրենց միավորել և այդքան կարևոր խոստման առջև կանգնեցնել:


Սուրբ Գրքում տասնաբանյա պատվիրաններից մեկը՝յոթերորդը, մարդուն ասում է՝ մի՛ շնացիր:

Այս պատվիրանով Աստված հրահանգում է, որ ամուսինները փոխադարձ հավատարմությամբ ապրեն, իսկ ոչ ամուսնացածները՝ իմաստուն կյանքով՝ մաքուր պահելով իրենց ցանկությունները, միտքը, խոսքերը և գործերը:
«Բոլոր մեղքերը, որ մարդ գործում է, կապ չունեն նրա մարմնի հետ. բայց ով պոռնկություն է անում, իր մարմնի դեմ է մեղանչում» (Ա Կորնթացիներ 6:18):
Պատվիրանի խախտումից խուսափելու համար պետք է փախչել այն ամենից, ինչը մարդու մեջ կարող է արթնացնել ոչ մաքուր մտքեր, զգացումներ, նման աղբյուներն են՝ ոչ պատշաճ անեկդոտները, երգերը, պարերը, ֆիլմերը, նկարները:


Աստվածաշնչում գործածվող երկու եզրեր կան, որոնք ունեն պարզ զանազանում՝ պոռնկություն և շնություն: Ո՞րն է սրանց տարբերությունը. շնությունը ծածուկ է գործվում, իսկ պոռնկությունը՝ հայտնապես:
«Բոլորդ էլ պատվեցե՛ք ամուսնությունը և սո՛ւրբ պահեցեք ամուսնական կապը, որովհետև Աստված դատապարտում է շնացողներին և պոռնկություն անողներին» (Եբրայեցիներ 13:4):


«Անառակությունը աշխարհում ամենատարածված ախտն է, որ սահմաններ չի ճանաչում: Այս մեղքը մարդուն գցում է անասնական վիճակի մեջ: Սա այն մեղքն է, որ օգտագործում է մարդու ցանկությունները, մարդու մարմինը: Այս մեղքի մեջ մարդը կորցնում է այն, ինչ պատկանում է Աստծուն»,- ասում է Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եսայի քահանա Արթենյանը:


«Մի՞թե չէր կարող Աստված բազում կանայք ստեղծել մեր հայր Ադամի համար, սակայն Ադամի կողից միայն Եվային ստեղծեց և  տվեց նրան» (Վարդան Այգեկցի):

Մարդ կարող է այս պատվիրանը խախտել նաև մտովի: Լեռան քարոզում Քրիստոս շնության հետ կապված ասել է. «Լսել եք, թե ինչ է ասվել. «Մի՛ շնանա»: Իսկ ես ասում եմ ձեզ, թե ով որ ցանկությամբ նայի որևէ կնոջ, արդեն իսկ իր սրտում շնություն արած կլինի նրա հետ»: Շարունակության մեջ, մեղքն հաղթահարելու համար, Քրիստոս հորդորում է. «Եթե քո աջ աչքը գայթակղեցնում է քեզ, հանի՛ր և դե՛ն գցիր այն, որովհետև նախընտրելի է, որ քո անդամներից մեկը կորցնես, քան թե քո ամբողջ մարմնով դժոխք նետվես» (Մատթեոս 5:27):

 

Շնությունը կործանում է մարդուն թե՛ հոգեպես, թե՛ մարմնապես


Ամենասարսափելի հիվանդությունները, որ հայտնի են բժշկության մեջ բազմապատկվում և տարածվում են շնության պատճառով: Եվ ամենավատթարն այն է, որ այս մեղքը գործողների հիվանդությունները շատ անգամ ժառանգում են նրանց երեխաները, թոռները: Պատկերը սարսափելի է դառնում, երբ բազմաթիվ հիվանդություններից առաջ եկած տանջանքներին ավելանում է նաև հոգու տանջանքները՝ թուլացնելով և խախտելով հոգու ուժերը: Շնության և «ազատ սիրո» մեջ գտնվողի ապագան դաժան է: Մարդկության անցյալն կարդալով՝ կարելի է իմանալ, թե ինչպիսի դաժան պատիժների են հանդիպել շնացող սերունդներն ու ազգերը: Սուրբ Գրքից կարդում ենք, թե ինչպես Սոդոմն ու Գոմորը կործանվեցին սոդոմական մեղքի՝ արվամոլության, պատճառով, այնտեղ չգտնվեցին անգամ տասը արդարներ:


Պատվիրանի խախտումը յոթ մահացու մեղքերից՝ բղջախոհության հիմքում է: Տեր Եսային նշում է, որ մարմնի մաքրությունն անմիջական կապ ունի հոգու մաքրության հետ: Երբ մարդու միտքը պիղծ է, նրա հոգևոր կյանքն էլ է անմաքուր, ապա հավելում է. «Ամեն ինչ սկսվում է մտքից, Քրիստոս մեզ սովորեցնում է մի պարզ ճշմարտություն, որ ցանկացած մեղքի արմատ մտքի մեջ է»:


Իսկ վատ մտքերը հաղթահարելու համար Տեր Հայրը երկու ճանապարհ է նշում. «Աղոթել կամ ավելի բարի, դրական և աստվածահաճո բաների մասին մտածել, այսինքն` այլ կերպ ասած` չար մտքերը փոխարինել բարի մտքերով: Մեր առաքինություններն ուղղված չեն չար մտքերի դեմ պայքարելու, այլ կոչված են վերահսկելու միտքը, թե ի՛նչ կամ ինչպե՛ս ենք մենք մտածում: Հետևաբար բղջախոհությունը կարող է մեզ կատարելությունից ետ պահել կամ խոչընդոտել մեր ընթացքը դեպի կատարելություն»:


«Աստվածաշունչ գրքերի սովորությունն է հանդգնորեն և լրբաբար գործված ամեն մի չար մեղք պոռնկություն անվանել: Ինչպես Եսավին են պոռնիկ անվանում, որը մի քիչ կերակուրի հետ վաճառեց առաջնեկությունը: Նաև մարգարեն շուն է անվանում Երուսաղեմը, որովհետև ծածուկ կուռքեր էին պաշտում: Եվ Սամարիան է պոռնիկ անվանում, որտեղ հայտնապես և համարձակորեն պաշտում էին կուռքերին՝ ըստ այն խոսքի. «Քարի ու փայտի հետ է շնանում Երուսաղեմը, իսկ Սամարիան պոռնկում էր լրբաբար» (Երեմիա 3:9)» (Վարդան Այգեկցի):


«Մարդկային գործերը հայտնի են, ինչպես՝ շնություն, պոռնկություն, անբարոյություն, կռապաշտություն, կախարդություն, թշնամություն, կռիվ, նախանձ, բարկություն, հակառակություն, երկպառակություն, բաժանումներ, չարակամություն, սպանություն, հարբեցողություն ու սրանց նման ուրիշ բաներ: Եվ ես նախազգուշացնում եմ ձեզ, ինչպես նախապես էլ արել եմ, որ այսպիսի բաներ անողները չեն ժառանգելու Աստծո Արքայությունը» (Գաղատացիներ 5:19-21):


Յուրաքանչյուր մարդ արարվել է Աստծո պատկերով և նմանությամբ, «Չգիտե՞ք, որ Աստծո տաճար եք դուք, և Աստծո Հոգին է բնակվում ձեր մեջ» (Ա Կորնթացիներ 3:16): Ուստի, երբ խախտվում է այս պատվիրանը, ապականվում է Աստծո պատկերը և Աստծո տաճարը:

  

Կարինե Սուգիկյան
ՍԵԵՄ լրագրողական ակումբ

Դիտվել է 1607
2015.02.17
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.