Ընթերցանություն
Գլխավոր>Քարոզներ>Կիրակնօրյա քարոզներ> Տնտեսի (Մեծ պահքի չորրորդ) կիրակի

Տնտեսի (Մեծ պահքի չորրորդ) կիրակի

«Մեծահարուստ մարդը» Աստված է, որի տունը բաղկացած է երկնքից և երկրից, ինչի վրա Բարուքը զարմանում է. «Որքա՜ն մեծ է Աստծո տունը» (Բարուք 3:24), Ինքն էլ ասում է. «Իմն են հարստությունը և փառքը, արծաթն ու ոսկին» (Առակ. 8:18-19): Արդ, Նա երեք տուն շինեց: Նախ նյութական աշխարհը և նրա մեջ մի տնտես կարգեց` հրեշտակների պետին, որի մասին ամբաստանություն եղավ, ուստի հանեց տնտեսությունից և խավարային կապանքներով փակեց տարտարոսի մեջ. «Եվ հրեշտակներին, որոնք չպահեցին իրենց իշխանությունը, հավիտենական կապանքներով պահեց խավարի մեջ մեծ օրվա այս դատաստանի համար» (Հուդա 1:6): Երկրորդ` ստեղծեց Եդեմը և նրա մեջ դրեց առաջին մարդուն` այն մշակելու և պահելու համար (Ծննդ. 2:15). նրա մասին ևս ամբաստանություն լսելով, թե պտուղը կերավ՝ հանեց և ուղարկեց այն դրախտից: Երրորդ` հաստատեց խորհրդավոր Եկեղեցին, որ Աստծո տունն է, ում տունը հենց մենք ենք: Սրա տնտեսներ կարգվեցին՝ նախ մարգարեները. «Մովսեսը Նրա տանը հավատարիմ եղավ իբրև ծառա» (Եբր. 3:5):


Երկրորդ` առաքյալները. «Տնտեսների մեջ փնտրվում է նա, ով հավատարիմ կգտնվի» (Ա Կորնթ. 4:2): Աստծո խորհուրդների տնտեսներ ենք. «Կիմանաս, թե ինչպե՛ս պետք է Աստծո տանը վարվես, որ Եկեղեցին է` ճշմարտության սյուն և հաստատություն» (Ա Տիմ. Գ 15): Երրորդ` վարդապետները, որոնք ճշմարտության խոսքը քարոզողներն են, որոնց մասին Տերն ասում է. «Ո՞վ է այն հավատարիմ և իմաստուն տնտեսը, որին տերն իր ծառաների վրա կարգեց` ժամանակին կերակուր տալու համար» (Ղուկ. 12:42): Սրանք հայրապետերն են, հովիվները և առաջնորդները. երանի՜ նրանց, ովքեր ժամանակին են կերակուրը տալիս առանց զրկանք պատճառելու: Իսկ եթե ուտում-խմում են և ծեծում ծառաներին՝ կա՛մ լեզվով և կա՛մ վատ վարքով, ապա շատերն են նրանց ամբաստանում, և այն ժամանակ տնտեսությունից զրկվում են: Դարձյալ` «Աստծո տունը» այս նյութական աշխարհն է, ուր տնտեսներ են կարգված թագավորները, ուստի պետք է սովորեն անսխալ դատաստան անել և զգուշանալ անիրավ զրկանքներից:


«Կանչեց և ասաց նրան. «Այս ի՞նչ եմ լսում քո մասին, տո՛ւր քո տնտեսության հաշիվը, որովհետև այլևս տնտես լինել չես կարող»(16: 2): Այստեղ նախ՝ զարմանում է Տերը` «Ի՞նչ է սա», ասես ասում է՝ ինչպե՞ս կարողացար վատնել իմ ունեցվածքը` չերկնչելով ինձանից, որ քո տերն եմ:
Երկրորդ՝ օտարի ունեցվածքը խնամքով չպահպանելը նաև արդարությանն է հակառակ. քանզի մարդ առավել խնամքով պիտի պահի օտարի ունեցվածքը, քան իրենը` երկու պատճառով. նախ` զգուշանալով անհավատարմությունից, երկրորդ` զրպարտությունից, որովհետև շատերն են մեծացնում կորածի չափը: Ուստի պատանին լալով դիմեց Եղիսեին կացնի համար, որ մաղախից ընկել էր Հորդանան գետը, և ասաց. «Ես այն ժամանակավորապես էի վերցրել» ( Դ Թագ. 6:5), այսինքն` փոխ էի առել. ասես ասում է. «Եթե իմը լիներ, խնդիր չէր»: Ուստի ով ուրիշներինն է վատնում, իրենը բոլորովին չի կարող պահել: Այս մտքով է ասվում. «Եթե օտարինը եղող բանի մեջ հավատարիմ չեղաք, ձերը ո՞վ կտա ձեզ» (Ղուկ. 16:12): Երրորդ՝ ասում է. «Տո՛ւր քո տնտեսության հաշիվը»:


Թեպետ Աստված է ամեն ինչի տերը և որքան տալիս է, այնքան հարստանում է, ոչ մի բանի կարիք չունի, սակայն արդարացիորեն պահանջում է Իր ունեցվածքի հաշիվը` տոկոսներով հանդերձ, ուստի քանքարը թաքցրած ծառան, վերցրածը մատուցելով, դատապարտվեց (Մատթ. 25:24-26): Իսկ Տերն ասում էր. «Հավաքե՛ք մնացած կտորները, որպեսզի ոչ մի բան չկորչի» (Հովհ. 6:12): Ունեցվածքը երկու տեսակ է՝ հոգևոր և մարմնավոր, և բոլորն Աստծուց է` ըստ այնմ. «Փառավորե՛ք Աստծուն ձեր հոգում և մարմնում, որ Աստծուց եք ստացել, և դուք ձեր տերը չեք» (Ա Կորնթ. 6:19-20): Ով օրինավոր կերպով չի բանեցնում սրանք, ունեցվածքը վատնող է:


Չորրորդ՝ ասում է. «Այլևս տնտես լինել չես կարող» որովհետև ով Աստծո ունեցվածքը վատնում է, տնտես լինելու արժանի չէ: Տնտեսությունից զրկելը երկու կերպ է լինում՝ կա՛մ աստիճանից, կա՛մ կյանքից. Աստված երկուսում էլ առավել պահանջում է խղճի հաշիվ: Տնտեսները երեք բան պետք է հոգան. նախ` չափավորապես և խնամքով ծախսել տիրոջ ունեցվածքը. երկրորդ` հավասար բաշխել ըստ յուրաքանչյուրի արժանիքի, և երրորդ` առևտրի առքն ու տուրքը գրանցելու մատյան ունենալ` հաշիվը տալու համար: «Տնտեսն իր մտքում ասաց. «Ի՞նչ անեմ, որովհետև իմ տերն ինձ տնտեսությունիցս զրկում է... հողի վրա աշխատել չեմ կարող, մուրալ ամաչում եմ» (15:3): Նկարագրապես` երբ կառավարիչ մեկը պաշտոնից զրկվում է, արդարև աշխատել չի կարող, մուրալ էլ ամաչում է: Ելքն է` բարեկամներ ունենալ և ձեռք բերել, որպեսզի իրենց տներում իրեն ընդունեն: Հոգևոր առումով նույնպես, երբ մեկը կյանքից զրկվում է, աշխատել չի կարող, որովհետև գործելու ժամանակն անցել է, ինչի մասին ասվում է.  «Ամառն անցավ, և հնձի ժամանակը վերջացավ» (Երեմ. 8:20): Մուրալ էլ ամաչում է, որովհետև բոլորը նախատում են և չեն տալիս:


Տնտեսը իմաստնաբար եզրակացնում է` ասելով. «Գիտե՛մ, թե ինչ պիտի անեմ, երբ տնտեսությունիցս հեռացվեմ, և նրանք իրենց տներն ինձ ընդունեն» (16:4). իր տիրոջ ունեցվածքի միջոցով բարեկամներ է ցանկանում ձեռք բերել: «Եվ իր տիրոջ պարտապաններից յուրաքանչյուրին մեկ առ մեկ իր մոտ կանչելով` առաջինին ասաց. «Իմ տիրոջն ինչքա՞ն պարտք ունես»: Պատասխանեց. «Հարյուր մար ձեթ»: Տնտեսը նրան ասաց. «Ա՛ռ քո մուրհակը և նստիր ու անմիջապես գրիր` հիսուն»: Դարձյալ մյուսին ասաց. «Դու ինչքա՞ն պարտք ունես»: Եվ նա պատասխանեց. «Հարյուր քոռ ցորեն»: Տնտեսը նրան ասաց. «Ա՛ռ քո մուրհակը և նստիր ու գրիր` ութսուն» (16:5-7): Նկարագրապես` մուրհակները նրանց ձեռքն է տալիս` ասելով` ա՛ռ, այսինքն` վերցրո՛ւ քո գրությունը և հրամայում է նվազեցնել պարտքերը, որպեսզի նրանք հասկանան նրա բարերարությունը և իրենց տներն ընդունեն նրան: Այսպես պետք է յուրաքանչյուր ոք անի, անգամ եթե անիրավ տնտես լինի. տնտեսությունից մահվամբ վտարվելու ժամանակ իր անիրավ ունեցվածքից աղքատներին բաժանի և բարեկամներ ձեռք բերի, որպեսզի իրենց տներում ընդունեն, այսինքն` արքայության հարկերի մեջ, որ աղքատների սեփական տունն են` ըստ այնմ. «Երանի՜ հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը»(Մատթ. 5:3): Այսպես է եզրափակում Տերն առակը` ասելով. «Եվ Ես ձեզ ասում եմ անիրավ մամոնայից ձեզ բարեկամնե՛ր արեք, որպեսզի, երբ այն պակասի, հավիտենական հարկերի մեջ ձեզ ընդունեն» (16:9):


«Անիրավ» է կոչում, ոչ թե որ ունեցվածքը ըստինքյան է այդպիսին, քանի որ բարի է, այլ որ այդպիսին է դառնում ըստ ձեռք բերման, որովհետև մեծ մասամբ անիրավությամբ է ձեռք բերվում և անիրավամբ պահվում: Նաև` եթե մեկն իր տիրոջ ունեցվածքից է բաշխում աղքատներին, անիրավաբար է տալիս, բայց քանի որ աղքատներին է տալիս, ուստի անմեղադրելի է և գովասանքի արժանի. դրա համար էլ տերը գովեց անիրավ տնտեսին: Խորհրդանշաբար` տնտեսը միտքն է` իշխանական պատվով պերճացած, տիրոջ երկու պարտապանները՝ հոգին ու մարմինը: Հոգին, ծայրաստիճան մեղավոր լինելով, պարտք է հարյուր մար ձեթ, այսինքն` ընդդեմ Սուրբ Հոգու, որին ձեթն է խորհրդանշում: Իսկ մարմինը, նույնպես ծայրաստիճան մեղավոր լինելով, պարտք է հարյուր քոռ ցորեն՝ ընդդեմ Տիրոջ Մարմնի, որ ցորենից է փոխարկվում: Որովհետև ինչպես որ հարյուր քոռ ցորենի բերքը սրբերի գործերի գագաթնակետն է նշանակում, այսպես էլ հարյուր թիվն այստեղ մեղքերի չափի լրումն է, որ լինում է այս երկուսով մեղանչելուց: Ուստի առաքյալը խստորեն ասում է. «Իսկ որչա՜փ ավելի խիստ պատժի արժանի պիտի համարեք նրան, ով անմաքուր համարեց նոր ուխտի արյունը»(Եբր. Ժ 29). Սա՝ ցորենի վերաբերյալ. «անարգեց շնորհի Հոգին» (Եբր. Ժ 29). սա էլ՝ ձեթի վերաբերյալ:


Արդ, թե ինչո՞ւ է ձեթի պարտքն ավելի թողություն գտնում, իսկ ցորենինը` սակավ, նկարագրական պատճառն այն է, որ ձեթն ավելի թանկ է և դժվարությամբ է վաճառվում, իսկ ցորենը` էժան, որը հեշտությամբ է վաճառվում, ուստի նրանը շատ է թողնվում, իսկ սրանը` քիչ: Իսկ խորհրդաբանական պատճառն այն է, որ մարմինը տկար լինելով, որքան ջանում է իրեն ըստ արժանվույն պատրաստել Սուրբ Խորհրդին, տակավին չի կարողանում, այդ պատճառով այնքան էլ մեղադրելի չէ: Ուստի թեպետ սրան թողնվում է, բայց մնացածը հեշտությամբ վճարվում է մի մեղայով: Իսկ հոգին, լինելով իմացական և իր գործերի տերը, երբ անձնիշխանաբար մեղանչում է ընդդեմ շնորհի Հոգու, նախանձ՝ ընդդեմ եղբայրական սիրո, և ընդդեմ ճշմարտության ջատագովելով, որոնք հայհոյություններ են ընդդեմ Սուրբ Հոգու, ավելի ծանր է մեղանչում: Այդ պատճառով շնորհի Ավազանի հանդեպ ծանր պարտքի տակ է մնում: Ուստի նրան քաջալերելու համար թողնում է կեսը, որպեսզի հույս ստանալով` Աստծո ողորմությանը դիմի: Այսպես նաև Շնորհալին է գրում` «Հոգունը՝ հիսուն մար ձեթ, մարմնին՝ 20 քոռ ցորեն»: Մարը հեղուկների չափ է, ինչպես օրինակ՝ ձեթի, իսկ քոռը՝ չոր բուսամթերքի, ինչպես օրինակ՝ ցորենի: «Եվ տերը գովեց անիրավ տնտեսին, որովհետև իմաստությամբ գործեց, քանի որ այս աշխարհի որդիներն ավելի իմաստուն են, քան լույսի որդիներն իրենց սերնդի մեջ» (16:8): Յուրաքանչյուր տնտես հաշիվ տալիս ճշգրտորեն է պահանջում իր տիրոջ պարտապաններից, որպեսզի թերևս ազատվի պատժից: Բայց այս մեկը, իրավիճակից հասկանալով, որ անպատճառ տնտեսությունից վտարվելու է, մտածում ու հնար է գտնում: Տիրոջ այնքան ունեցվածքը վատնելուց հետո էլ դեռ շարունակում է վատնել, բայց իմաստնաբար, որպեսզի բարեկամներ ձեռք բերի, ուստի արժանի է գովասանքի, որովհետև ավելի իմաստուն գտնվեց. քան լույսի որդիները՝ ապրելու ձև գտնելով և ապաշխարության դիմելով, նրանով, որ հոգուն և մարմնին քաջալերեց` Աստծո ողորմությանը հուսալու: Որովհետև եթե ինքը կեսը թողեց, Աստված ամեն ինչ է թողնում, ինչը չկարողացան անել չար հրեշտակները` լույսի որդիները տնտեսությունից զրկվելիս: Երանի՜ թե մենք էլ, հիշելով մահվան մասին, երբ զրկվելու ենք տնտեսությունից, սեփականացրած ունեցվածքի միջոցով աղքատներից մեզ բարեկամներ անենք, որպեսզի ընդունեն իրենց տները`հավիտենական հարկերի մեջ: 

 

Պետրոս արք. Բերդումյան

Դիտվել է 3506
2015.03.08
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.