Ընթերցանություն
Գլխավոր>Տոներ>Պահք> «Անիրավ դատավորի և այրի կնոջ առակ»-ի մեկնությունը

«Անիրավ դատավորի և այրի կնոջ առակ»-ի մեկնությունը

Մեծ պահքի հինգերորդ կիրակին կոչվում է «Դատավորի կիրակի»: Այս անունը նույնպես վերցված է այդ օրն ընթերցվող Ճաշու Ավետարանից: Այստեղ խորհրդավոր կերպով պատմվում է, որ Աստված՝ արդար Դատավորը, ամբողջ մարդկային բնության վրա միտքը որպես դատավոր հաստատեց՝ արդարությամբ դատելու Քրիստոսի օրինակով, սակայն այս դատավորը, լինելով անպատկառ և չունենալով Աստծու սուրբ երկյուղը, չէր տեսնում զրկվածի դատը: Այդ պատճառով մեր այրի հոգիները պաղատում են անմահ Փեսային՝ Աստծուն, Տիրոջ իրավունքն ուսուցանել այս դատավորին՝ արդար դատաստան տեսնելու մեր ոսոխի հանդեպ:


Ինչպես որ դարերի ու ժամանակների խորհուրդն է ահավոր ու մեծ, այդպես էլ Աղուհացի (Մեծ պահքի) խորհուրդը: Հինգերորդ կիրակին մեր հինգ զգայարաններին կյանքի մաքրության, սրբության ու արդարության դեղն է տալիս՝ հինգ շարահյուսված կիրակիները միմյանց հետ համադրելով:
«Մի առակ էլ ասաց նրանց այն մասին, թե նրանք ամեն ժամ պետք է աղոթեն ու չձանձրանան»: Բարեխնամ և ամենագութ Աստված միշտ կամենում է ապրեցնել մարդկանց հոգիները և ոխ չի պահում մեր անօրենությունների պատճառով: Ուստի՝ այսօր Տերը մեր առջև է դնում դատաստանի ահը և պատմում գալիք արհավիրքների մասին: Նախ ասում է, որ պետք է աղոթել և չձանձրանալ: Ամեն ժամ աղոթելու համար Եկեղեցին սահմանել է ինն ընդհանրական աղոթքի ժամեր, և մնացած ժամանակն էլ մենք Աստծուն միշտ պետք է ունենանք մեր մտքում, գոհանանք Նրանից և մեր խնդրվածքները ստանալու համար հարատև աղոթենք:


«Մի քաղաքում մի դատավոր կար. Աստծուց չէր վախենում և մարդկանցից չէր ամաչում»: Քաղաքը մարդն է, իսկ դատավորը՝ մարդու միտքը, որպեսզի միշտ քննի չարն ու բարին և չարից խուսափելով՝ ձգտի դեպի բարին, քանզի միտքն ազատ է և ծառա չէ:
Դատավորի գործն է լսել դատախազի խոսքը, քննել լսածը, փնտրել վկաներ, ապա վճիռ կայացնել: Սակայն մարդու միտքը, մանկությունից դաստիարակվելով չարի կողմից, առավել խնամք է տանում մարմնի, քան թե հոգու համար: Գործած մեղքերը հիմարացնում են միտքը, որի պատճառով սկսում է թյուրել դատաստանը, սրան ավելանում են նաև մեղսալից հաճույքները, որոնք կաշառքի նման փակում են նրա բերանը: Թեպետև միտքը գիտի Աստծու արդարության մասին, սակայն մարմնի նկատմամբ սերը նրան թույլ չի տալիս վախենալ Աստծուց և մարդկանցից ամաչել: Աստծուց չի վախենում նաև այն պատճառով, որ Աստված իրեն տեսանելի չէ, իսկ մարդկանցից չի ամաչում, որովհետև միտքը մարդկանց անտեսանելի է:


Երկյուղը մտքի սանձն է, որը հեռացնում է չարից, իսկ ամոթն առագաստ է, որով թաքնվում ենք մեղքից: Եթե սրանք չլինեն, ապա միտքը սանձարձակ կերպով կխաղա մեղքերի ոլորտում՝ զրկելով հոգուն և պարարտացնելով մարմինը:
«Եվ նույն քաղաքում մի այրի կար, որ գալիս էր նրա մոտ և ասում. «Իմ ոսոխի դեմ իմ դատը տես»: Մարդը կազմված է իմանալի հոգուց և գեղեցիկ մարմնից: Այստեղ այրին հոգին է, իսկ նրա ոսոխը՝ մարմինը՝ ըստ այս խոսքի. «Քանի որ մարմինը հոգու հակառակն է ցանկանում, իսկ հոգին՝ մարմնի հակառակը» (Գաղատացիներ 5:17): Հոգին մարմնի հետ միավորվելու պահից և բազում բարիքներ է վայելում, և բազում վտանգների ենթարկվում մարմնի կողմից: Այդ պատճառով Աստված միտքը իշխան ու դատավոր կանգնեցրեց հոգու և մարմնի վրա, որպեսզի անիրավությամբ միմյանց չզրկեն. ոչ հոգին՝ մարմնին, և ոչ էլ մարմինը՝ հոգուն: Այստեղ հոգին այրի է կոչվում, որովհետև մեղքի պատճառով բաժանվել է երկնային Փեսայից՝ Հիսուսից:


Դարձյալ՝ միտքն այր է երկու կանանց միջև՝ հոգու և մարմնի: Երբ մեկի ցանկությունները կատարվում են, մյուսն այրի է մնում: Այրին գալիս է դատավորի մոտ, երբ հոգին, խղճից մղվելով, առարկում է մտքին՝ նրան հիշեցնելով գործած մեղքերն ու անիրավությունները: Մտքի դատելն այն պիտի լինի, որ մարմնին տա միայն նրա բնության կարողության չափով և մարմնի վրա չհեղի կրքերի վայրագ ցանկություններ, իսկ հոգուն տա պատշաճ առաքինություն, որով հոգին և կենդանի կմնա, և մահացու մեղքեր չի կրի:


«Եվ դատավորը երկար ժամանակ չէր ուզում դատը տեսնել»: Որովհետև միտքը, մարմնական հաճույքներից թմրած, ննջում էր և չէր կամենում զգաստանալ: Բայց քանի որ Արարիչը մարդու մեջ խիղճը դրել է որպես անաչառ և անդուլ կշտամբիչ, որպեսզի դրանով մարդուն միշտ անհանգստացնի, և մարդը, գործած մեղքերի հիշողություններից գիշեր-ցերեկ տանջվելով՝ եթե ոչ Աստծու փառքի համար կամ էլ գութից մղված, ապա գոնե խղճի խայթոցներից ազատվելու համար, որոշի տեսնել հոգու դատը: Այսպես շատ մեղավորներ են ապաշխարում:


«Դրանից հետո իր մտքում ասաց. «Թեև Աստծուց չեմ վախենում և մարդկանցից չեմ ամաչում, բայց այն բանի համար, որ այրի կինն ինձ հոգնեցնում է, նրա դատը տեսնեմ, որպեսզի անընդհատ չգա և ինձ չանհանգստացնի»: Սա այն դեպքում է լինում, երբ մարդը, խղճմտանքից տագնապահար, չդիմանալով նեղսրտությանն ու տրտմությանը, որոնք առաջանում են մեղքերը հիշելուց, դիմում է դեպի բարին: Լինում են և այնպիսիներ, ովքեր հուսահատությունից անձնասպան են լինում՝ չդիմանալով խղճի խայթոցներին: Այսպես զորավոր է հոգու թախանձելը:


«Լսեցե՜ք, թե ինչ էր ասում անիրավ դատավորը: Իսկ Աստված արդարություն չի՞ անի Իր այն ծառաներին, որոնք գիշեր և ցերեկ աղաղակում են. և նրանց հանդեպ միայն համբերատա՞ր կլինի: Այո՜, ասում եմ ձեզ, նրանց իսկույն արդարություն կանի»: Այս առակը խրատում է, որ պետք է անձանձրույթ աղոթել Աստծուն: Քանզի եթե անիրավ դատավորը, որ ոչ Աստծուց էր երկնչում և ոչ էլ մարդկանցից ամաչում, այրու տևապես հաճախելու և թախանձելու պատճառով նրա դատը տեսավ, որչափ ևս առավել Քրիստոս՝ Արդարության Արեգակը և Դատավորը, պիտի լսի նրանց աղաչանքներն ու պաղատանքները, ովքեր ամեն օր աղաչում և պաղատում են Իրեն:

Դիտվել է 8164
2015.03.15
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.