Ընթերցանություն
Գլխավոր>Տոներ>Պահք> Արտաքսման կիրակի. Շնորհք պատրիարք Գալուստյան

Արտաքսման կիրակի. Շնորհք պատրիարք Գալուստյան

Warning (2): getimagesize(/home2/holytrj2/public_html/holytrinity/app/webroot/img/post/0qqfx06rpjpg) [function.getimagesize]: failed to open stream: No such file or directory [APP/View/Posts/view.ctp, line 28]

Աստված անիծեց օձին, անիծեց կնոջն ու անիծեց տղամարդուն: Նրանց համար նախապես բնական սովորույթները` սողալ, ծնել, աշխատել, հանկարծ վերածվեցին պատժի, և խանգարվեց նաև այն ներդաշնակ հարաբերությունը, որ կար Աստծո և մարդու միջև և ապա` բնության ու մարդու միջև: Բանական և անբան կենդանական աշխարհների միջև թշնամություն մտավ. մարդը` գազաններին և գազանները մարդուն թշնամի դարձան: Բնության ամենից հրաշալի երևույթը, այսինքն` կնոջ որդեծնության աստվածադիր օրենքը, վերածվեց ցավագին երկունքի, մարդու ամենից բնական և ամենից հաճելի զբաղմունքը` աշխատանքը, վերածվեց տանջանքի:


Եվ բոլոր այս դժբախտություններն իրենց լրումին հասան, երբ «Տեր Աստված եդեմական դրախտից դուրս հանեց ու արտաքսեց մարդուն` մշակելու հողը, որից նա ստեղծված էր…» (Ծննդ. Բ 16-24): Ադամ-Եվայի պատմությունը յուրաքանչյուրիս պատմությունն է, դժբախտաբար, հավերժորեն կրկնվող և մշտնջենապես ներկա: Մարդկանցից ո՞վ չի ունեցել իր փորձության ժամերը` ճիշտ Ադամի և Եվայի նման: Ո՞վ չի հրապուրվել «արգելված պտուղի» տեսքով, ո՞վ իր նմանների կամ իր ներաշխարհի ձայնը չի լսել. «Մի վախեցիր, կեր, կհասունանաս, կիմաստնանաս, աչքերդ կբացվեն, կմեծանաս, փորձառություն ձեռք կբերես» և տակավին սրանց նման հազար ու մի փսփսուքներ: Ո՞վ իր ձեռքն «արգելված պտուղին» չի երկարել, և, վերջապես, ո՞վ այն նաև ուրիշներին չի տվել… Ո՞ր մեղքն իր կամավոր կամ ակամա մեղսակիցները չի ունեցել:Եվ այս բոլորից հետո ո՞վ արդարև չի զգացել իր «աչքերի բացվելը» և թե «մերկացած է» իր անմեղությունից, որն ունենալուն անդրադարձել է միայն այն ժամանակ, երբ արդեն կորցրել է այն:


Եվ ինքն իրեն «մերկացած» զգալուց հետո ո՞վ չի խուսափել շրջապատի աչքերից, ծնողներից, անկեղծ ու հարազատ բարեկամներից` հակառակ նրա, որ նման զգացումներ չուներ իր մեղսակից «բարեկամների» առաջ: Ո՞վ չի հեռացել իր կրոնից, իր եկեղեցուց, որոնց մեջ մարդն զգում է Աստծո ներկայությունը: Ո՞վ չի թաքնվել սև ակնոցների կամ զանազան դիմակների ետևում: Ո՞վ չի պնդացրել իր երեսը կամ չի խուսափել դիմացինի աչքերի մեջ նայելուց` վախենալով, որ միգուցե կարդացվի իր աչքերի մեջ գրված պատմությունը: Վերջապես, ո՞վ չի զգացել կամ ուրիշի դեմքին չի կարդացել իր կամ նրա` «դրախտից արտաքսված» լինելը… Սրանք այլևս Աստվածաշնչի էջերից վերցված պատմություններ չեն` մարդու նախածնողների մասին, գրված երեք հազար տարիներ առաջ: Սրանք այժմեական և ամենօրյա երևույթներ են, որոնց դերակատարներն ամեն օր և ամենուրեք ապրող, շրջող ու շնչող մարդիկ են. ե՛ս եմ, դո՛ւ ես, նա՛ է, ամենքս ենք: Ամենքս էլ Շնորհալու հետ կարող ենք առանց ստելու ասել. «Գող եղէ մեղաց, գտող կորստեան, գուբ ինձ փորեցի»: Կամ հաստատել սաղմոսի խոսքը. «Ամենեքեան խոտորեցան ի միասին և անպիտանացան…» (Սաղմոս ԾԲ 4):


Ցանկանո՞ւմ եք, որ շարունակենք նախամարդու և մեր պատմությունների մյուս նմանությունները: Քանի՞ հոգի ենք տեսել, մենք էլ նրանց մեջ, որ կարող են քաջություն ունենալ իրենց անկումի մեջ պատասխանատվության իրենց բաժինը տեսնելու. չէ՞ որ մարդու սովորությունն է իր վրիպումներին իբրև պատասխանատու միշտ ուրիշին մատնանշելը, այս խոսքերն ամենքս էլ չե՞նք ասել. «Սատանան ինձ խաբեց, կանայք անկումիս պատճառը եղան կամ` տղամարդիկ ինձ այս վատ ճանապարհով առաջնորդեցին» և նման հազարումի պատճառներ` ինքներս մեզ արդարացնելու համար: Եթե դրախտից արտաքսման պատմության մեջ Ադամն ու Եվան ներկայացնում են ընդհանրապես մարդուն, ի՞նչ են խորհրդանշում մյուսները` արգելված պտուղը և օձը: Պետք է իմանալ կամ վերհիշել, որ դրախտում, բացի տարբեր տեսակի սովորական ծառերից, կան գերբնական հատկություն ունեցող երկու ծառեր, որոնք են «կյանքի ծառը» «բարու ու չարի գիտության ծառը» (Ծննդ. Բ(2) 9):


Նախածնողներն արտոնված էին ուտելու ինչպես բոլոր ծառերից, նաև` «կյանքի ծառից»: Արգելվածը բարու ու չարի գիտության ծառի պտուղից ուտելն էր: Այս ծառերը խորհրդանշում են Աստծո պատվիրանները, որոնք հավաքաբար կազմում են երկու խումբ. դրական պատվիրաններ և ժխտական պատվիրաններ (12): Դրական պատվերներ են, օրինակ, «Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով և քո ամբողջ մտքով», «Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես քո անձը» (Մատթ. ԻԲ 37, 39, Ղուկ. Ժ 27, Մատթ. ԺԲ 30-31): Եվ տակավին բազմաթիվ ուրիշներ, որոնք մեզ ասում են` բարի՛ եղիր, արի՛ եղիր, գթա՛ծ ու ողորմա՛ծ եղիր, սիրի՛ր խաղաղությունը և տարածի՛ր, «Արա ուրիշներին այն, ինչ ուզում ես, որ քեզ անեն» ( Մատթ. Է 12) և այլն, և այլն: Այս տեսակ պատվերներ պահելն արդարև «կյանքի ծառից ուտել» է նշանակում, այսինքն` տիրանալ անմահությանը, հավերժական կյանքին:


Այս պատվիրանները մեզ ներքնապես առողջ են պահում, մտքի և հոգու խաղաղությամբ օժտում, մինչև իսկ երկարացնում երկրի վրա մեր կյանքը. «Պատվի՛ր քո հորն ու մորը, որպեսզի բարիք գտնես, երկար ապրես բարեբեր այն երկրի վրա, որ Տեր Աստված տալու է քեզ» (Ելք Ի 12),- ասում է մեկ ուրիշ դրական պատվեր: Իսկ գերբնական բնություն ունեցող մյուս` «բարու ու չարի գիտության ծառը», խորհրդանշում է Աստծո ժխտական պատվիր անները, որոնք միշտ «մի՛» արգելական մասնիկն ունեն, օրինակ` «Մի՛ գողացիր», «Մի՛ շնացիր», «Մի՛ սպանիր», «Սուտ մի՛ խոսիր», «Ինձնից բացի ուրիշ աստված մի՛ ունեցիր» (Ելք Ի., 3. 13-16), «Մի՛ արա ուրիշներին այն, ինչ չես ուզում, որ ուրիշները քեզ անեն» և այլն, և այլն: Սրանց պտուղից չպետք է ուտենք. եթե ուտենք, անկասկած բարոյապես կմեռնենք, երբեմն` նաև ֆիզիկապես:


Արդարև բազմաթիվ օրենքներ կան, որոնք մարդասպանի համար մահ են վճռում: Շնացողը պետք է քարկոծվի (Բ. Օրենք, ԻԲ. 13-30, Ղևտ., Ի. 10-21), ասում է Հին Կտակարանի օրենքներից մեկը, կռապաշտին մի՛ ապրեցրեք (Ելք, ԻԲ. 20), հրահանգում է մեկ ուրիշ օրենք: Արդ, «մեղք» ասվածն այս պատվերներին կամ օրենքներին դեմ գործելն է: Երբ Աստված մարդուն որևէ արարք արգելում է, դա անում է ոչ թե քմայքի համար, այլ որովհետև այդ արարքն, ի վերջո, վնասակար է մարդուն, դեմ է նրա բնությանը: Աստված, իբրև տիեզերքի ճարտարապետ և կյանքի ստեղծող, գիտի, թե ո՛ր արարքներն են մարդու համար վնասակար, ճիշտ հոր նման, ով գիտի, թե ինչն է վնասակար իր զավակի համար և ինչը` օգտակար, և ըստ այնմ ասում է` այս բանն արա և այն բանը մի արա:


«Արգելված պտուղն», ուրեմն, այն բոլոր բաներն են, որոնք վնասակար են մարդկային բնությանը:Իրերի այս լույսի տակ յուրաքանչյուր մեղք իր բնական պատիժը նախ իր մեջ է պարունակում. հաշիշամոլը, խաղամոլը, գինեմոլը, կնամոլը ի վերջո նյութապես և ֆիզիկապես անպատճառ պետք է պատժվեն, այսինքն` դրամը վատնելով և առողջությունը կորցնելով: Իսկ բարոյական կորուստն անկասկած է և ամբողջական, հաճախ` անդարմանելի ու հավիտենական…

Բացի այս, յուրաքանչյուր մեղանչական արարք արհամարհանք է Աստծո իմաստության հանդեպ, անհնազանդություն` Աստծո կամքին, առնվազն անտարբերություն` Աստծո սիրուն:

Դիտվել է 7409
2015.02.22
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.