Ընթերցանություն

Համբարձում

Եթե Հիսուս հարություն չառներ, ապա իզուր կլիներ մեր հավատքը: Սակայն Քրիստոսի հարությունն, իբրև փաստ, երաշխիք չէ, որ մեր հավատքն իմաստավորված կլինի: Քրիստոս հարություն առավ, սակայն մենք այն ընկալում ենք իբրև պատմական մի իրողություն, որը վերաբերում է անցյալին: Այնինչ՝ Տիրոջ հարությունը պետք է վերապրել նաև այսօր՝ Քրիստոսի հետ հարություն առնելով:


Մեզ համար ավելի հեշտ է ընդունել այն Քրիստոսին, Ով հարություն չի առել: Հարությունը մեզ պարտադրում է լինել ավելի պատասխանատու, քանի որ Քրիստոս Իր հարությամբ շարունակում է ապրել: Նա հարությունից հետո երկրի վրա մնաց քառասուն օր և համբարձվեց:
Մեզ անհասկանալի է, ո՞ւր համբարձվեց Քրիստոս:


Ավետարանը պատմում է, որ աշակերտները զարմացած նայում էին երկինք, թե ինչպես է համբարձվում Քրիստոս: Եվ հարց է առաջանում. «Ինչո՞ւ էր պետք, որ Քրիստոս համբարձվեր, չէ՞ որ մեզ համար հանգիստ է և ապահով Հիսուսի հետ ապրելը»: Սակայն Ավետարանը վկայում է, որ Քրիստոս հենց դրա համար էլ եկել էր, որ վերադառնա:
Քրիստոս հայտարարեց, թե ձեզ համար լավ է, որ ես վերադառնամ: Ինչո՞ւ էր այդպես ավելի լավ: Մեր այս հարցի պատասխանը Վերջին ընթրիքի խորհուրդի մեջ է. նախ՝ Քրիստոս բաշխվում է իբրև կերակուր և այդպես ապրում մեր մեջ: Ինչպես նաև՝ Քրիստոս մարդկային այլ մարմին չէր կարող ընտրել, որով կշարունակեր ապրել երկրի վրա: Այդ պատճառով Ինքը բաշխվեց Սբ. Հաղորդության միջոցով՝ Իր խորհրդավոր Մարմինը հաստատելով, որ է եկեղեցին:  Մյուս հանգամանքն այն է, որ Քրիստոս երկրի վրա այդքան էլ շատ հետք չթողեց՝ դպրոց չհիմնեց, գրքեր չգրեց, չամուսնացավ, սերունդ չթողեց: Քրիստոս իր հետքը թողեց մեր սրտերում ու հոգիներում և մարդիկ սկսեցին Տիրոջը փնտրել իրենց սրտերում: Այսօր Քրիստոս ամենուր է, ամենքիս մեջ:


Մենք կասկածի տակ չենք դնում այն փաստը, որ Քրիստոս համբարձվեց երկինք,սակայն ինձ ցավ է պատճառում այն, որ նայում եմ երկինք և ոչինչ չեմ տեսնում: Ակամայից մտածում ես, որ Քրիստոս, երկինք համբարձվելով, ռիսկի գնաց՝ մոռացվելու:
Երբ աշակերտներին հետաքրքրում էր այն հարցը, թե հիմա՞ է որ հաստատելու է Իսրայելի թագավորությունը, Հիսուս համբարձվեց: Նա վերադարձավ երկինք: Գուցե մնար և այսքան աղետներ ու չարիքներ չլինեին: Ավելի հեշտ կլիներ Քրիստոսին տեսնել ֆիզիկական զգայարաններով, քան փնտրել մեր սրտերում: Սակայն սա այն է ինչ մեզանից պահանջում է մեր հավատքը: Չէ՞ որ պատասխանատու հանգամանք է, ամեն մարդու հետ շփվելիս, գիտակցել, որ իր մեջ Աստված է բնակվում:


Հին կրոններում հավատում էին, որ չաստվածների տրամադրությունը, արարքները անրադառնում էին երկրի և մարդկանց վրա: Չաստվածները զայրանում էին՝ երկրի վրա արհավիրքներ էր լինում: Հիսուս այլ պատկեր տվեց: Այն ինչ տեղի է ունենում երկրի վրա, անրադառնում է երկնքին: «Ով ընդունում է ձեզ, Ինձ է ընդունում»,-ասաց Քրիստոս: Աղոթում ենք և երկինքը արձագանքում է: Մեղավորը զղջում է՝ հրեշտակները ուրախանում են: Հավատացյալը մեղք է գործում՝ Սբ. Հոգին տրտմում է:


Հիսուս գիտեր որ Իրեն կմոռանանք: Եվ դրա ապացույցը այն առակներն են, որ Ինքը պատմում էր. Տերը ծառային վերակացու է կարգում իր ունեցվածքին և ինքը հեռանում(Մատթեոս 24:45-51), փեսան, ով ուշանում է հարսանիքից («Տասը կույսերի առակը» Մատթեոս 25:1-13), Տերը, ով դրամ է տալիս ծառաներին գործածելու, իսկ ինքը հեռանում է (Մատթեոս 25:14-30): Այս օրինակները վերաբերում են Քրիստոսի հեռանալուն:


Իսկ ո՞ւր է Աստված և արդյո՞ք պիտի վերադառնա:

Հիսուս այլ առակ էլ պատմեց վերջին դատաստանի մասին:


«Արդ, երբ որ մարդու Որդին գա իր փառքով և բոլոր հրեշտակները՝ իր հետ, այն ժամանակ նա պիտի նստի իր փառքի գահի վրայ, ու նրա առաջ պիտի հավաքվեն բոլոր ազգերը, և նա նրանց միմյանցից պիտի զատի, ինչպես մի հովիվ, որ զատում է ոչխարները այծերից։ Եվ ոչխարները իր աջին պիտի կանգնեցնի, իսկ այծերը՝ ձախին։ Այն ժամանակ թագավորը պիտի ասի նրանց, որ իր աջին են. «Եկե՛ք, իմ Հոր օրհնյալնե՛ր, ժառանգեցե՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված արքայությունը. Որովհետև քաղցած էի, և ինձ ուտելիք տվիք, ծարավ էի, և ինձ ջուր տվիք՝ խմելու. օտար էի, և ինձ ձեր մեջ առաք, մերկ էի, և ինձ հագցրիք, հիվանդ էի, եւ ինձ տեսնելու եկաք, բանտում էի, և ինձ այցի եկաք»։ Այն ժամանակ արդարները պիտի պատասխանեն նրան ու ասեն. «Տե՛ր, ե՞րբ տեսանք քեզ քաղցած ու կերակրեցինք, կամ՝ ծարավ և ջուր տվեցինք. ե՞րբ տեսանք քեզ օտար և մեր մեջ առանք, կամ՝ մերկ և հագցրինք. ե՞րբ տեսանք քեզ հիվանդ կամ բանտի մեջ ու եկանք քեզ այցի»։ Թագավորը պիտի պատասխանի ու ասի նրանց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք այդ՝ ի՛նձ համար արեցիք»։ Այն ժամանակ նա պիտի ասի նրանց, որ իր ձախին են. «Անիծյալնե՛ր, գնացե՛ք ինձնից հաւիտենական կրակը, որ պատրաստված է սատանայի և իր հրեշտակների համար.
որովհետև քաղցած էի, և ինձ ուտելիք չտվիք, ծարավ էի, և ինձ ջուր չտվիք,  օտար էի, և ինձ ձեր մեջ չառաք, մերկ էի, և ինձ չհագցրիք, հիվանդ էի ու բանտի մեջ, և ինձ տեսնելու չեկաք»։ Այն ժամանակ նրանք էլ պիտի պատասխանեն ու ասեն. «Տե՛ր, ե՞րբ տեսանք քեզ քաղցած, կամ ծարավ, կամ օտար, կամ մերկ, կամ հիվանդ, կամ բանտի մեջ ու քեզ չծառայեցինք»։ Այն ժամանակ պիտի պատասխանի նրանց ու ասի. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որովհետև այս փոքրերից մեկին ա՛յդ չարեցիք, ինձ համար էլ չարեցիք»։ Եվ նրանք պիտի գնան դեպի հավիտենական տանջանք, իսկ արդարները՝ հավիտենական կյանք»։ (Մտ 25:31-46)


Այս առակը մեր հարցի պատասխանն է՝ Տերը վերադառնալու է, այս անգամ փառքով և զորությամբ: Առակը նաև տալիս է պատկերը մեր այս ժամանակահատվածի, երբ Տերը հեռացել է և մեզ թվում է, որ Աստված լքել է մեզ: Աստված մեզ չի լքել: Կարելի է ասել, որ Աստված, դրական իմաստով, դիմակ է հագել. երեխայի, աղքատի, հիվանդի, բանտարկյալի, կարիքավորի, մեծահասակի: «Ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ իմ այս փոքր եղբայրներից մէկին արեցիք այդ՝ ի՛նձ համար արեցիք»:


Քրիստոս համբարձվեց, որպեսզի մենք այս երկրում կարողանանք զբաղեցնել Իր տեղը: Մի կողմից մենք այս առաքելությունը լիարժեք չենք կարողանում իրականացնել, մյուս կողմից բողոքում ենք, թե ինչո՞ւ Քրիստոս մեզ մենակ թողեց:  Այս հարցի պատասխանը ոչ մեկ չունի, քանի ամեն մարդ այս աշխարհի պրոբլեմների մի մասնիկն է:
Ինչո՞ւ մենք այնպիսին չենք ինչպիսին Քրիստոս է: Գուցե շատերը առարկեն, թե դա մարդու համար հնարավոր չէ: Գուցե, սկայն Քրիստոս մեզ սովորեցրեց, որ հրաշքը մի նոր հրաշք է ծնում:


Մենք ցանկանում ենք, որ մարդը մի ակնթարթում վերադառնա այն վիճակին, որ ուներ դրախտում: Սակայն մոռանում ենք որ այդ ճանապարհին կանգնած է մեղքը: Մեր խնդիրն այդ մեղքը հաթահարելն է և Աստծո ներկայությունը մեր սրտերում բացահայտելը:

 

Տ. Եսայի քհն. Արթենյան
 

Դիտվել է 3391
2015.05.14
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.