Ընթերցանություն
Գլխավոր>Տոներ>Սրբոց տոներ> Մեսրոպ Մաշտոց և Սահակ Պարթև. Թարգմանչաց տոնը Հայ եկեղեցում

Մեսրոպ Մաշտոց և Սահակ Պարթև. Թարգմանչաց տոնը Հայ եկեղեցում

Մեսրոպ Մաշտոց և Սահակ Պարթև

Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Սուրբ Թարգմանչաց տոնը՝  պատմության ընթացքին առանձնահատուկ դեր ու կարևոր նշանակություն հաղորդած վարդապետ Մեսրոպ Մաշտոցի, Սահակ Պարթևի և իրենց աշակերտների պայծառ և անմոռանալի հիշատակը:  Տոնը խորհրդանշում է հայ գրերի գյուտը, թարգմանչաց շարժումն ու դպրության սկիզբը Հայաստանում:

Դեռ 301թ-ին, երբ քրիստոնեությունն ընդունվեց որպես պետական կրոն, հայ ժողովուրդը գրում ու կարդում էր հունարեն և ասորորեն լեզուներով: Արդյունքում շատերն էին դժվարանում հասկանալ Սուրբ գիրքը, ուր մնաց՝ սերտել այն: Ժողովուրդը մի կողմից կրոնական, իսկ մյուս կողմից քաղաքական մեծ սպառնալինքների առաջ էր: Դրությունը լավ էին հասկանում Մեսրոպ Մաշտոցն ու Սահակ Պարթևը: Հայկական նշանագրերը, որոնցով ուսուցանվում էր աշակերտներին, անկատար էին:  Վռամշապուհ արքայի աջակցությամբ, Հայոց գրերը ստեղծելու նպատակով, Մեսրոպ Մաշտոցն իր աշակերտների հետ ճանապարհ է ընկնում  Եդեսիա և Սամոսատ քաղաքները, ուսումնասիրում օտարալեզու մատյանները, խորհրդակցում ասորի և հույն գիտունների հետ և 405  թվականին ստեղծում հայոց գրերը։

Ըստ ավանդության՝ նա մի պահ հայացքը թեքել է այն մագաղաթի վրայից, որի վրա գրում էր, և նկատել է Աստծո ձեռքը, որը ձախից աջ գրում էր այբուբենի տառերը։ Գյուտից հետո Մաշտոցը գնում է Սամոսատ, որտեղ հանձնարարում է Հռոփանոս անունով մի հույն գեղագրի ձևավորել իր ստեղծած տառերը: Տառերի ստեղծումը նոր զարթոնքի սկիզբ դարձավ հայ ժողովրդի պատմության  համար. հիմք դրվեց հայ հոգևոր-մշակութային նոր շարժման, պաշտոնական գիրը, դպրոցը, գրականությունն ու եկեղեցին հունարենից ու ասորերենից դարձան հայերեն՝ նպաստելով  հայ ժողովրդի ինքնության պահպանմանը: 

Գրերի գյուտից անմիջապես հետո Մեսրոպ Մաշտոցը, Սահակ Պարթևն ու իրենց աշակերտները  անցան թարգմանական աշխատանքներին: Քրիստոնեության տարածման, հայ ազգի գոյատևումն ապահովելու համար առաջնահերթ դարձավ Սուրբ գրքի թարգմանությունը.  

<<Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ>>

Առաջին նախադասությունը Սողոմոնի <<Առակաց գրքից>> պատրաստ էր: Ժամանակ անց հայ թարգմանիչների շնորհիվ թարգմանվեց նաև ողջ Աստվածաշունը, որն հետո պետք է <<Թարգմանությունների թագուհի>> կոչվեր: 

Այսօր հայ եկեղեցին Թարգմանչաց տոնը նշվում է Հոգեգալստյան չորրորդ կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը: Երկրորդ անգամ Հայ Առաքելական Եկեղեցին Սբ.Թարգմանիչ Վարդապետների հիշատակը տոնում է Սբ. Խաչի Դ կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը:


 

                                                                       Հռիփսիմե Գալստյան

 

 

 

 

Դիտվել է 1527
2015.06.25
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.