Ընթերցանություն
Գլխավոր>Կիրակնօրյա դպրոց> Ուխտագնացություն դեպի Օհանավանք և Սաղմոսավանք

Ուխտագնացություն դեպի Օհանավանք և Սաղմոսավանք

Ուխտագնացություն դեպի Օհանավանք և Սաղմոսավանք

Արարատյան Հայրապետական Թեմի Առաջնորդական Փոխանորդ  Բարձրաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի  հայրական  օրհնությամբ Սուրբ Երրորդություն եկեղեցուն կից կիրակնօրյա դպրոցի սաները, ուսուցիչներն ու ծնողներն  հունիս ամսվա վերջին  կիրակին նվիրեցին ուխտագնացությանը:

Եկեղեցու հոգևոր հովիվ տեր Զենոն քահանա Բարսեղյանի հետ աղոթքից և տեր հոր օրհնությունը ստանալուց հետո, ուխտավորները շարժվեցին դեպի  Արագածոտնի մարզ:  Առաջին կանգառը Օհանավանք եկեղեցին էր, որտեղ ուխտագնացները մասնակցեցին խոստովանության արարողությանը, այնուհետև   տեր Եփրեմ քահանան Զարգարյանը  պատմեց, որ Օհանավանք կամ Հովհաննավանք եկեղեցին  հիմնել է  Գրիգոր Լուսավորիչը` Տրդատ արքայի հետ  միասին, և տեղում թողել իր հետ Հայաստան բերած սուրբ Հովհաննես Կարապետի   նշխարներից  մի մաս: Ենթադրաբար այդ պատճառով էլ եկեղեցին անվանվում է Հովհաննավանք: Տեր հայրը հավելեց նաև, որ Ղազար Փարպեցին իր <<Հայոց պատմություն>>–ն  հենց այստեղ է գրել: Զրույցից հետո կիրակնօրյա դպրոցի սաները ստացան տեր հոր օրհնությունն ու շարունակեցին ճանապարհը:

Մյուս կանգառը Սաղմոսավանք էր: Այս վանքում ուխտագնացները մասնակցեցին Սուրբ Պատարագին, իմացան նաև վանքի պատմությունը, այն որ վանքը կառուցվել է 13-րդ դարում, Այրարատյան  կողմնակալության  կողմնակալ  Վաչե Ա Վաչուտյանի և այդ իշխանական ընտանիքի կողմից:

Վանքը բաղկացած է Սբ. Սիոն, Սբ. Աստվածածին եկեղեցիներից, գավթից և գրատնից:

Վանքի բակում դպրոցի սաները համտեսեցին Սիրո ճաշը և զրուցեցին Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության մասին`  այս կերպ ընդունելով նաև հոգևոր սնունդ:
Սբ. Երրորդություն եկեղեցուն կից կիրակնօրյա դպրոցի սաները հաճախ են ուխտագնացություններ ունենում: Դպրոցի  կրոնի և եկեղեցու պատմության ուսուցչուհի տիկին Նվարդը պատմեց, որ երեխաները դասերի ընթացքում սովորում են Հայ Առաքելական եկեղեցու պատմությունը, ծիսական կարգն ու տոները:

Եկեղեցուն կից գործում են խմբակներ.
<<Երեխաների համար հատկապես ոգևորիչ է, երբ  միջոցառումներից հետո ենք գնում  ուխտագնացության>>,– պատմում է ուսուցչուհին` հավելելով. <<Այն երեխաները, որոնք գիտակցում ու հասկանում են հոգևոր սննդի կարևորությունը,  հաճույքով են հաճախում դպրոց, այդ պատճառով բարդություններ չեն առաջանում  և երեխաների հետ աշխատելն էլ միայն հաճույք է պատճառում>>: 
Ուխտագնացության նպատակն, ըստ տիկին Նվարդի, առաջին հերթին երեխաներին եկեղեցիներին ծանոթացնելն է՝ ինչպիսի եկեղեցիներ ունենք, ինչ հոգևոր արժեքներ ենք ունեցել, որոնք այսօր մեզ են հասել:
Ուխտավորների հետ էր նաև տասնվեցամյա Մերին, որն արդեն երեք տարի է, այցելում է կիրակնօրյա դպրոց. << Պատարագից հետո գնում ենք դասերին, որից հետո էլ ուլունքագործությամբ ենք զբաղվում: Դասերի ընթացքում ընտրում ու քննարկում ենք աստվածաշնչյան թեմաներ, մեզ հուզող թեմաները դիտարկում աստվածաշնչյան տեսանկյունից>>: Մերին ուխտագնացության առաջին անգամ էր գալիս, ըստ նրա` ուխտագնացությունը միջոց է Աստծո տուն այցելելու, Նրան մոտ գտնվելու ու հանգստություն վայելելու համար:

Սուրբ  Երրորդություն եկեղեցուն  կից  կիրակնօրյա դպրոցի սաները հոգևոր մեծ սնունդ և գիտելիքներ ստացած ետ վերադարձան:



                                                                                                  Հռիփսիմե Գալստյան

 

 

Դիտվել է 10457
2015.06.30
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.