Ընթերցանություն
Գլխավոր>Տոներ>Տերունական տոներ> Հիսուսն աշակերտներին երևաց Իր աստվածային փառքով. Պայծառակերպության տոնը Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցում

Հիսուսն աշակերտներին երևաց Իր աստվածային փառքով. Պայծառակերպության տոնը Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցում

Պայծառակերպության տոն

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղավար տոներից է, որն այս տարի նշվեց հուլիսի 12-ին: Ինչպես բոլոր եկեղեցիներում, Սուրբ Երրորդություն եկեղեցում նույնպես մատուցվեց Սուրբ Պատարագ` ձեռամբ տեր Զենոն քահանա Բարսեղյանի:

Ղուկասի Ավետարանում ասվում է, որ  Հիսուս, աշակերտներից ընտրելով Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին, նրանց հետ բարձրանում է Թաբոր լեռը` աղոթելու: Երբ աղոթքի կանգնեց. <<Նրա երեսի տեսքը այլակերպվեց>> (Ղուկ.9:29), և Հիսուս աշակերտներին երևաց Իր աստվածային փառքով: Այստեղից էլ տոնի անունը` <<Այլակերպություն>> կամ <<Պայծառակերպություն>>:

 Պայծառակերպության ընթացքում Հիսուսի` ամբողջովին լույսով ողողվելը և նրանից լույսի ճառագելը հավաստումն է Նրա աստվածային բնության:

Քրիստոսի Պայծառակերպության տոնի խորհուրդը պատվեր է սիրել Աստծուն, լսել նրա պատվիրանները և հետևել դրանց: Հետևորդը լինելով այս խոսքերի, Հայոց բանակի զինվորները ներկա էին  Սուրբ Երրորդություն եկեղեցում մատուցված Սուրբ Պատարագին: Հավարտ պատարագի Հայոց բանակի զինվորների  խաղաղ ծառայության համար օրհնության կարգ կատարվեց:

Օրհնության կարգի ընթացքում  տեր Խաչեր քահանա Հովհաննիսյանն ընթերցեց աղոթքի խոսքերը. <<Քո առաջ խոնարհվելով` հայցում ենք Քո ողորմությունը, Տեր Աստված մեր, որ խաղաղության և անսասանության մեջ պահես Հայաստան աշխարհը: Օրհնի՛ր երկրիս հավատարիմ և նվիրյալ զորապետերին և զինվորներին, հոգևոր սպառազինությամբ դարձրու ավելի համարձակ ու ընկերասեր:  Երկնային զորքի բարեխոսությամբ միշտ տոկուն պահիր հայոց բանակի զորապետերին և զինվորներին ու մի թող, որ թերանան իրենց ծառայողական պարտականությունների մեջ, օգնիր, որպեսզի իրենց  ծառայությունն անցկացնեն գոհությամբ, աչալրջությամբ, համաձայն հրահանգների և առանց արտակարգ պատահարների, քանզի Քեզ համար անկարելի ոչինչ չկա>>:

Շարքային զինծառայող Ուսուբյան Էրիկն արդեն մեկ տարի է, ինչ ծառայում է Հայոց բանակում: Էրիկը ծառայության ընթացքում է մկրտվել և Պայծառակերպության տոնին առաջին անգամ է մասնակցում.

<<Վարդավառի տոնը  բոլորիս էլ սիրելի է եղել մինչ ծառայությունը, իսկ երբ ծառայության ժամանակ էլ կարողանում ես նշել տոնը, արդեն ավելի մեծ բավականություն ես ստանում:

Սա նոր ուժ ու եռանդ է տալիս, ավելի ես ոգևորվում ու ավելի սիրով ես սկսում ծառայել >>,- նշում է նա:

Սուրբ Պատարագի ավարտին բոլոր զինվորները եկեղեցու բակում ջրեցին միմյանց:

 

                                                                                                                                     

Հռիփսիմե Գալստյան

Դիտվել է 3004
2015.07.13
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.