Ընթերցանություն
Գլխավոր>Քարոզներ>Թեմատիկ քարոզներ> Սրբասեր Տեր Եղիշե քահանայի՝ ճգնավոր կրոնավորի ու մենակյացի խոսքը Դատաստանի և Երկրորդ գալստյան մասին

Սրբասեր Տեր Եղիշե քահանայի՝ ճգնավոր կրոնավորի ու մենակյացի խոսքը Դատաստանի և Երկրորդ գալստյան մասին

Սրբասեր Տեր Եղիշե քահանայի՝ ճգնավոր կրոնավորի ու մենակյացի խոսքը  Դատաստանի և Երկրորդ գալստյան մասին

Ահեղ և զարմանալի է լինելու Քրիստոսի գալուստը, ահավոր է լինելու դատաստանը, երբ դղրդալով պիտի շարժվեն երկինքն ու երկիրը, և Աստծու հրեշտակներն այս ու այն կողմ պիտի ընթանան, ահավոր է լինելու Աստծու փողի ձայնը, որ պիտի ժողովի ազգերին ու ցեղերին դատաստանի ատյանում: Այնտեղ սաստիկ քննություն պիտի լինի, և Աստված ամբողջովին դուրս պիտի պահանջի մեր բոլորի հոգին, շունչն ու մարմինը: Արարողն ու Աստված ամենևին չի մոռանում վախճանվածների ոսկորները` կատարյալ հասակ ունեցողից մինչև որովայնից վիժվածները: Հողը պիտի բռնվի սաստիկ երկունքուվ և զգուշությամբ դուրս` դեպի երկիր պիտի հանի բոլոր մարմինները: Ահեղ ու ահավոր է այն օրը տեսնելը: Բոլոր արարածները տեսնելու են Աստծուն, երկնքի երկիր՝ խոնարհված, շարժվելու են լուսեղեն զորքերը, հրեշտակների ու հրեշտակապետերի բազմությունները: Դրվելու է դատաստանի աթոռը փառքով` դատելու բոլոր արարածներին: Ահավոր ատյանի առաջ կկարգվեն առաքյալներն ու մարգարեները, հայրապետներն ու մարտիրոսները և Աստծու ընտրյալների բազմությունները: Խիստ դժնդակ է այն տեսնելը. այնքան մեծ բազմության մեջ ոչ ոք չի կարող փախչել Հանդիսադրից, և ոչ էլ երկրի ընդարձակության մեջ թաքնվելու տեղ կգտնվի. Նա ծայրից ծայր տեսնելու է բոլոր հեռու և մոտ գտնվողներին, և հատուցելու է ըստ յուրաքանչյուրի գործի: Նրանք, ում գործերը դժնդակ են, դատապարտվելու են. անողորմ դահիճները մարդուն իբրև թշնամի են ունենալու, մազերից քարշ տալով` բերելու են դատավորի առջև և տանջելու են գեհենի հրում, իսկ արդարների դասերը երկնքի արքայության մեջ փայլելու են լուսատուների պես:

Երկնավոր փողը բարձունքներում գոչելու է ննջեցյալներին և ասելու. «Վե՛ր կացեք, Քրիստոսի սիրելիներ, ահա երկնավոր Թագավորը եկավ և ձեզ պարգևելու է հանգիստ, ուրախություն և անմահ կյանք ձեր չարչարանքի ու ճգնության փոխարեն: Վե՛ր կացեք և տեսե՛ք Քրիստոս Թագավորին` անմահ Փեսային, ում ցանկանում եք, որովհետև Նրան փափագելով, Նրա համար պանդուխտ եղաք երկրում: Վե՛ր կացեք, տեսե՛ք նորասքանչ վայելչությունն ու մեծ փառքը: Վե՛ր կացեք, մտեք Նրա արքայության մեջ, որ պատրաստեց ձեզ համար: Վե՛ր կացեք, տեսեք տենչալի Տիրոջը, ում սիրեցիք, ում համար վշտեր կրեցիք: Վե՛ր կացեք, մեծ համարձակությամբ տեսեք Նրան և այնտեղ ցնծացեք Նրանով, ձեր անճառելի բարիքներն ու ուրախությունը ոչ ոք չի վերցնի ձեզնից: Եկե՛ք, վայելեցե՛ք այն,« ինչ որ աչքը չտեսավ, ականջը չլսեց և մարդու սրտի մեջ չընկավ, որ Աստված պատրասեց Իր սիրելիների համար» [տես Ա Կոր. Բ 9], որ շնորհեց Իրեն փափագողներին»:

Մեծ ուրախությամբ ուրախանալու են բոլոր արարածները և փառաբանելու ու երկրպագելու են Քրիստոս Թագավորին: Լուսավոր ամպերի վրայով օդի միջով թռչելով` սուրբերը հրեշտակների զորքերի բազմութեան հետ բարձրանալու են Քրիստոսին ընդառաջ, անպատմելի փառքով ցնծալով` հրճվելու են անմահ Աստծու` երկնավոր Փեսայի տեսությամբ և մտնելու են սուրբ քաղաք` Վերին Երուսաղեմ` ժառանգելու անճառ բարիքները, որ Աստված է պատրաստել Իրեն սիրողների համար: Այնժամ ահավոր ատյանի և անկաշառ Դատավորի առաջ են բերվելու նաև ապստամբ հրեշտակները դիվական բոլոր գնդերի հետ միասին: Եվ Քրիստոս Թագավորը տանջող հրեշտակներին հրամայելու է անշեջ հրի և մշտնջենական տանջանքների մեջ նետել նրանց, միաժամանակ նաև նրանց, ովքեր անօրինություն են գործել և զղջմամբ ու խոստովանությամբ չեն քավել այն Նա մատնելու է խավարին, որից ազատում չկայ, և անքուն որդերին, որ պատրաստված են սատանայի և նրա հրեշտակների համար: Որից թող փրկի Քրիստոս Աստված Իր սուրբ անվանը հավատացողներին. ամեն:

Դիտվել է 3026
2015.08.28
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.