Ընթերցանություն
Գլխավոր>Երիտասարդաց Միություն >Ինտելեկտուալ փառատոն> Ինտելեկտուալ Փառատոն ԱՀԹ-ի Երիտասարդաց միությունների անդամների միջև

Ինտելեկտուալ Փառատոն ԱՀԹ-ի Երիտասարդաց միությունների անդամների միջև

Ինտելեկտուալ Փառատոն ԱՀԹ-ի Երիտասարդաց միությունների անդամների միջև

Արարատյան Հայրապետական Թեմի Առաջնորդական փոխանորդ  Բարձրաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի  հայրական  օրհնությամբ օգոստոսի 29-ին Սբ. Երրորդություն եկեղեցում,  «Մյուռոնօրհնության ընդառաջ» ծրագրի շրջանակներում  տեղի ունեցավ խաղ-մրցույթ:

Ինտելեկտուալ փառատոն՝ խաղ-մրցույթի կազմակերպիչներ ԱՀԹ-ի Երիտասարդաց միությունների և «Խորան Արդ» ինտելեկտուալ ակումբ ՀԿ-ի նախաձեռնությամբ ԱՀԹ-ի շուրջ 12 եկեղեցիների երիտասարդաց միությունների անդամներ մի հարկի տակ համախմբվեցին, ստուգեցին իրենց գիտելիքները, տրամաբանեցին ու արդյունավետ գիտելիքների պաշար հավաքեցին մի քանի ժամերի ընթացքում:

Մինչ խաղը սկսվելը` Սբ. Երրորդության հոգևոր հովիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանը երիտասարդներին փոխանցեց Բարձրաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հայրական օրհնությունը և շեշտեց, որ Քրիստոսով է, որ բոլորս հավաքվել ենք և պետք է մտածենք ոչ թե հաղթանակի կամ պարտության մասին, այլ այն, որ մենք արդեն  Քրիստոսով  հաղթանակած ենք. «Ես հաղթեցի աշխարհին»(Հով. 16.33):

Երիտասարդներին իր ողջույնի խոսքը փոխանցեց նաև  ԱՀԹ-ի Երիտասարդաց միությունները համակարգող Տեր Պետրոս ավագ քհն. Մալյանը, ով նշեց, որ խաղը բոլորիս պետք է ավելի մտերմացնի, քանի որ այն համախմբելու միջոցառում է: Տեր հայրը շեշտեց հատկապես խաղի հրաշալի կազմակերպված լինելու մասին, ինչի համար շնորհակալություն հայտնեց Տեր Զենոն քահանային և «Խորան Արդ» ինտելեկտուալ ակումբին:

Շուրջ 48 հարցերի պատասխանեցին երիտասարդները: Մի իսկական ցնծություն էր տիրում խմբերում ճիշտ պատասխանի դեպքում, իսկ սխալի դեպքում ոչ թե ափսոսանք, այլ համախմբում, ձեռքսեղմում և քաջալերում, ու որ ամենակարևորն էր` թեպետ ուժեղ խմբեր շատ կային, թեպետ խաղը շատ ակտիվ էր, բայց ավելորդ լարվածություն չկար դահլիճում, կարծես բոլորը հաստատում էին տեր հոր խոսքը, որ բոլորը հավաքվել են Հիսուս Քրիստոսով:

Ակտիվ մրցակցությունից հետո ի վերջո պարզ դարձան խաղի հաղթողները.
Երրորդ հորիզոնականը զբաղեցրեց հյուրընկալ եկեղեցու թիմը`«Սկիզբ» խումբը, երկրորդ տեղում՝ Արգավանդի Սբ. Սարգիս եկեղեցու «Տաթև» խումբն էր, իսկ առաջին պատվավոր հորիզոնականը Սուրբ Հովհաննես եկեղեցու «Առաջընթաց» խմբինն էր: Հաղթող խմբերին հանձնվեցին նվերներ և գրքեր: Վերջում մի քանի լուսանկար` որպես հուշ, ջերմ ողջագուրումներ, քննարկումներ, շնորհավորանքներ ու երիտասարդները հրաժեշտ տվեցին միմյանց` տանելով իրենց հետ վառ հիշողություններն ու ձեռքբերումները, որ ունեցան խաղի ընթացքում:

Եվ տեղին է շեշտել խաղավարի խոսքերը, որ ամեն խաղից առաջ հնչեցվում է և այս խաղն էլ բացառություն չէր, այլ հավաստումը դրա, որ` «կարևոր չէ լինել ավելի լավ, քան մյուսները, հարկավոր է լինել ավելի լավ, քան երեկ»:



                                                                                                Հռիփսիմե Գալստյան

 

Դիտվել է 5242
2015.08.31
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.