Ընթերցանություն
Գլխավոր>Քարոզներ>Թեմատիկ քարոզներ> Սրբասեր Տեր Եղիշե քահանայի՝ ճգնավոր կրոնավորի ու մենակյացի խոսքը Մարդկանց հոգիների մասին, թե որտեղից են գալիս և մարմնից ելնելուց հետո ում մոտ են գնում

Սրբասեր Տեր Եղիշե քահանայի՝ ճգնավոր կրոնավորի ու մենակյացի խոսքը Մարդկանց հոգիների մասին, թե որտեղից են գալիս և մարմնից ելնելուց հետո ում մոտ են գնում

Սրբասեր Տեր Եղիշե քահանայի՝ ճգնավոր կրոնավորի ու մենակյացի խոսքը Մարդկանց հոգիների մասին, թե որտեղից են գալիս և մարմնից ելնելուց հետո ում մոտ են գնում

Որ կա հոգի, սա նաև մեր բնությունն է ցույց տալիս. քանզի երկու [բանից է կազմված] մարդը. մեկը շարժում է, մյուսը` շարժվում, շարժողը` [հոգին], ունի իմանալի բնություն, իսկ շարժվողը` [մարմինը], գործում է, քանի դեռ սնվում է: Եւ միավորված են, երբ երկուսով տնակից են, բայց երբ հոգին լքում է [մարմինը], մարմինն ընկած է մնում և չի շարժվում: Մեր օրինադիրն  ասում է, թե մարդու հոգին Աստծու փչած [շունչն] է [տե՛ս Ծն. Ա 7], իսկ նրան ծանոթ ու բարեկամ մի մարգարեի բերանով Տերն ասում է. «Հոգիներն իմ կողմից են արձակվում, և ամեն մի շունչ ես ստեղծեցի»[տե՛ս Եսայ. ԾԷ 16]: Նույն Հոգով Ովսէ մարգարեն ասում է. «Մարդու հոգին ո՞վ հաստատեց նրա մեջ» [տե՛ս Զաք. ԺԲ 1]: Բարի է այդ միությունը, որովհետև առանց Աստծու ոչինչ չի եղել, բայց պետք է իմանալ, թե ինչպե՞ս [է եղել այն]:

Որ Աստված ստեղծեց արարածներին, գիտենք: Ոչ որևէ էության նյութից կամ հատումից, քանի որ գիտենք, որ Աստված անբաժանելի բնություն է, իսկ արարածները` մասերի բաժանվող: Դարձյալ` չենք կարող ասել, թե արարված այս մեծ մարմինը ոչնչից է, և ոչ էլ` թե ինքնաբույս բնություն է, նաև չենք վարանի ու տարակուսի, թե որտեղից եղավ Աստծու` իմանալու և արարելու բնական կամքը, այլ միշտ Աստված է, միշտ Արարող զորությունն Իր հետ: Եւ երբ Ինքը կամեցավ, կամեցավ նաև Նա, և ինչ որ ունէր իմացության մեջ, գոյության կոչեց, քանի որ բնական իմացությունը իմանալիների արարիչն է: Իսկ արարչական զորությունները անմարմին նյութն ինչպե՞ս [կյանքի կոչեցին], իսկ արարչությունն անմարմիններին և բազում մասերի մեջ մարմնացածին, յուրաքանչյուրին իր կարգում [դրեց], որպեսզի լինի մեկ ոստ, մեկ բուն և բազում արմատներ, իսկ այն ոստից [լինեն] բազմատեսակ ճյուղեր:

Արդ, ինչպես վերևում ասացինք, երկնայինները երկնքից են, երկրավորները` երկրից, իսկ մարդը կազմված է երկնայինից ու երկրայինից. անօսրը երկնքից է, թանձրը` երկրից: Եւ եթե ասում ենք, թե հրեշտակները երկնքի, կրակի և օդի ծնունդ են, ինչպես մեծ Դավիթն է ասում. «Դու ստեղծեցիր հրեշտակներին իբրև շունչ»[Սաղմ. ՃԳ 4], իսկ պաշտոնյաներին այրող կրակ է անվանում [Սաղմ. ՃԳ 4], ապա հայտնի է, որ մարդկանց հոգիները, գոյանալով նույն նյութից, Արարչի կամքով առաքվում են` մեր բնության լինելության համար. [դրանք] ո°չ հրեշտակացած են և ո°չ դիվացած, ինչպես ոմանք են ասում, այլ միայն հոգիներ են` մարդկային հոգիներ:

Հրեշտակների հոգիները պարզբնություն են, չունեն մարմին, յօդ, ձև, չափ, կատարյալ անձ են, և անձի կատարելությունը որևէ մեկից չէ, այլ իրենք իրենց մեջ կատարյալ էություն են, կատարյալ բնություն:

Իսկ մարդկային հոգիները պարզ գոյություններ են, էությամբ հստակ, սուրբ, մաքուր. իմանալի բնություն են, սկզբնատիպի ձևը, դեպի վեր շարժվող, անմահ են, միավորված մարմնի հետ, միաբան որակ, անձանձրանալի միություն, անբաժանելի մասեր, անհատնելի զորություն, անծերանալի տևողություն, անտեղ բնակություն, մինչև մարմնի մեջ գալը` եղած, ունեն իմացություն, չունեն չափ, և մարմնի մեջ լինելով` ունակ են անելու, ինչ որ կամենում են: Իմացվում են իբրև մարմնից տարբեր բնություն. բայց ես ասում եմ, թե [մարմնի հետ] միաբան են բնությամբ և հոգու բարքով:

Գովվում է քնարը, բայց քնարահարի ձեռքում. գեղեցիկ են երաժշտության հնչյունները, բայց երաժիշտների շնորհիվ. տեսար մի չքնաղ շինություն, չհիացար մնացիր, այլ գովեցիր ճարտարապետին: Իսկ եթե քնար չլինի, չի երևայ քնարահարը. [չէ՞ որ] բոլոր երաժշտական գործիքները երաժշտների միջոցով են երևում: Բայց եթե գործիքը փչացած լինի` փողը` կոտրված, իսկ լարերը խոնավացած լինեն, անգամ եթե երաժիշտն առողջ է և իր արվեստի լավ գիտակ, միևնույն է, չի կարող ցույց տալ արվեստի գեղեցկությունը և ամեն բանով վատ արվեստագետ կերևայ: Բայց եթե [երկուսն էլ] կատարյալ լինեն, սփոփիչ ու մխիթարիչ կլինեն բազմամարդ քաղաքներին, բայց նրանցից յուրա-քանչյուրի բնությունը կմնայ զատ և առանձին խառը բնությամբ:

Մեր Արարիչը մեր մարմնի բնությունը ստեղծեց շատ ավելի լավ` իբրև բաժանելի շինվածք, իսկ հոգին` անբաժանելի բնություն, և միավորեց, ինչպես քնարահարին` քնարի հետ, որպեսզի [հոգին] շարժվի և շարժի աչքերը` տեսնելու, ռունգերը` հոտոտելու, քիմքը` ճաշակելու, լեզուն` խոսելու, միտքը` իմանալու: Մարմնի մասերի այս ամբողջ բազմությունը շարժվում ու գործում է այնքան ժամանակ, քանի դեռ միաբան են շարժողն ու շարժվողը: Իսկ երբ [միաբանությունը] խաթարվի, սա քակտված, և նա հեռվում լինի, կլռի, կդադարի արվեստը. սա կդառնա դեպի իր բնությունը, իսկ նա կբարձրանա դեպի իր կայանը. այն ինքն իր մեջ իմանում է, ինքն իր մեջ հանգստանում, ինքն իր մեջ ավելանում, ինքն իր մեջ ուրախանում, ինքն իր մեջ տրտմում, ինքն իր մեջ շարժվում, ինքն իր մեջ և դադարում, ինքն իրեն իմացող է, ինքն իրեն լսող, ինքն իրեն տես-նող:

Իսկ եթե մեկը կամենում է իմանալ հոգիների տեղերի կամ կայանների մասին, թող գա մեր խոսքերի ետևից. ո°չ թե գետնաքարշ ընթացքով, ո°չ թե ծովային ճանապարհորդությամբ, ո°չ թե հնարովի առասպելներով, այլ ճշմարիտ վարդապետությամբ` Սուրբ Գրքի վկայությամբ, ուր հափշտակվեց առաքյալը, ուր պատրաստված են պարգևները, որոնց մասին մարմնավոր զգայություններով բացատրել չենք կարող. անմարմին վայրին երկնայինների քաղաք ենք ասում, Վերին Երուսաղեմ ենք անվանում այն, ազատ բանակատեղի. այնտեղ են բյուրավոր հրեշտակները, մարդկային բանական, իմանալի և ոչ զգալի հոգիներն են այնտեղ: Բայց եթե կամենում ես իմանալ կատարյալ արդարների [հոգիների մասին], ասեմ. ինչ նյութից որ առնվեցին, դեպի այն էլ գնացին: Լսի՛ր նաև մեծ Սիմոն վեմին ճարտար փիլիսոփաներին ուսուցանելիս. երբ նրանց մտքի համար հաճելի դարձրեց` լսելու արարչության մասին խոսքերը, ասաց նաև սուրբ, անապական, անպղտոր վերնային հոգիների, նաև հրեշտակների կայանների մասին, որոնց առաքյալը բանակատեղի անվանեց:

Իսկ եթե մեկը դեպի Մովսեսի գրվածքները ընթանա և ասի, թե մեր հոգին Աստծու [շնչի] փչումն է, իմացիր, որ նա նույնպես ընկել է վարանման ու տարակուսանքի մեջ [այնպես], որ մինչևիսկ անմարմին Աստծուն մարմնի ձև է տվել` փչելն [ընկալելով] իբրև բերանով, ռունգերով ու շրթունքներով [կատարված գործ] (հարկ է, որ հետևեն նաև բոլոր մյուս անդամները): Սակայն չլինի թե այդպես լինի. որևէ մեկի մտքով անգամ թող չանցնի [ասել], թե Աստված զգալի գործի կարիք ունի, այլ իմացեք, որ փչելը ո՛չ թե Նրանից դեպի նա էր, այլ Աստծու` [Իր շունչը] փչելը հոգիացրեց մարդուն. [ճիշտ այնպես], ինչպես լինելության կոչեց գոյություն չունեցողներին, այդպես էլ հոգի չունեցողին հոգիացրեց և կենդանություն տվեց:

Քանզի եթե ասեք, թե փչումը Աստծու էությունից է, ի՞նչ հարկ կար լսելու այն խոսքը, թե` «Նրա դեմքին կենդանության շունչ փչեց, և մարդը եղավ կենդանի էակ»[Ծն. Բ 7]: Քանի որ հայտնի է այդ խոսքի զորությունը. առաջին արարչագործությունն հոգուն կենդանի շունչ անվանեց, իբրև մեկ արարչագործություն, նաև մեծ խորհուրդի համար. որպեսզի մարդն արարչության մեջ ամենապատվականը երևա, մեծարեց նրան` իբրև թե ձեռքերով ստեղծելով մարմինը և բերանով փչելով հոգին: Եւ որովհետև Աստվածությունն աննախանձ է և սիրում է առատ պարգևներ տալ, չհապաղեց մեր բնությունն անվանել Աստվածության պատկեր. իմաստուններին հայտնի է, թե բնությամբ որքան են իրարից հեռու մարդը և Աստված: Եսայի մեծ մարգարեն տեսավ Աստծուն, հիացավ ու զարհուրեց. զորության մասին պատմեց, իսկ իսկության մասին լռեց և իմանալով մեր բնությունը` խոնարհությամբ բարբառեց. «Իմ կողմից են արձակվում հոգիները, և ամեն մի շունչ ես ստեղծեցի», ասում է Տերը»[Տե՛ս Եսայ. ԾԷ 16]:

Ահա հայտնի է հոգու արարումը. նրանք արձակվում են Աստծու կամքով աննոսր բնությունից, ինչպես վերեվում ասացինք. երկինքը կենդանածնեց իմանալիներին և ոչ շոշափելիներին: Այդպես էլ երբ հոգին դուրս է ելնում մարմնից, բոլոր դրսում գտնվող գոյություն ունեցողներին տեսնելով և նրանց հետ լինելով` [այլևս] չի կարող մարմնի մեջ լինել և նրա պետքերը կատարել. ինչպես որ նախկինում հարկադրված էր չելնել մարմնից, այդպես էլ ելնելուց հետո [չի կարող կրկին] ընկնել մարմնական կարիքների [ենթակայության] տակ, մինչև այն Օրը, երբ կհայտնվի արարածների Արարիչը:

Մարդը բնությամբ երկու [բանից է կազմված]. մեկը կառավարողն է, սանձողն ու ուղղողը, մյուսը` [իր մեջ] բնակվողի բնակարանը` զարմանալի շինվածք, անմահ հոգու անուրանալի բնակատեղի, որի հետ այս կյանքում հաղորդակցվում է իմանալին` [հոգին]` մնալով ուրախությունների մեջ, իսկ այս տեսանելի [մարմինը], հաղորդակցվելով անտեսանելիի` [հոգու] հետ` չի դադարում թանձր լինելուց: Այն իշխող [հոգու] քաղաքն է, դարմանի, սննդի կարիք ունեցող, կենդանի տաճար, բայց մահկանացու է, ապականության ենթակա, արագ լուծվում է, և ժամանակավոր է նրա վայելչությունը: Իսկ տիրականը` [հոգին], իբրև թագավոր է, տեսուչ և իրավախոհ դատավոր, և որովհետև կարիք չունի դարմանի և [նյութական] սննդի, ուստիև անմահ է և անապական: Աստծո հրամանով օրենքը սահմանած Մովսեսն այն Աստծու [շնչի] փչում անվանեց: Արդ, թող ոչ ոք չկառչի նյութական բառերից, այլ թող հնազանդվի մտքին, քանզի տգետներն են Աստծու [շնչի] փչումն ընկալում իբրև բերանով և ռունգերով [կատարված] (ապա նաև մարմնի մյուս մասերը եկած կլինեն) և Անմարմինն ու Անկարիքը [դարձնում] զգայականի ենթակայության տակ գտնվող և կարիք ունեցող: Այլ հավանելի է այն, որ Գոյացնողը [մարմնի] վրա փչեց հողմաշարժ կենդանությամբ (հողմի շարժման նման), որից էլ մարդը եղավ կենդանի հոգի` հաստատված աստվածային և հրաշալի միավորությամբ, ըստ այն խոսքի, որ ասում է.  «Ո՛վ հաստատեց մարդու հոգին նրա մեջ» [տե՛ս Զաք. ԺԲ 1]: Նաև արձակված և ոչ հաստատված, որ Երեմիան է ասում. «Կենդանի եմ ես, ասում է Տերը, քան-զի հոգին ինձնից ելավ» [տե՛ս Երեմ. ԻԲ 24, ԽԶ 18], որով հայտնի է դարձնում, որ միայն Նա է Արարիչը բարի կամեցողների:

Աստված անբաժանելի բնություն է, Աստծուց ոչինչ չի հատվում: Դարձյալ` երբ ստեղծում էր այս պատվական հոգին, դեռևս ոչ մի նյութ չկար. [ուրեմն] այն ինքնաբույս չէ, ինքնիրեն չի եղել, որովհետև ոչ ոք մշտնջենակից չէ Աստծուն, որ որևէ մեկի կողմից չի եղել, Նրա լինելության սահմանը ոչ ոք չգիտի, բայց [մարդկային հոգին] անքննելի չէ, որովհետև նրա Արարիչն Աստված է:

Հոգու` երկնային բնույթ ունենալը ցույց է տալիս այն, որ մարմնից ելնելով` այն չի իջնում ներքև` դեպի հողը, այլ բարձրանում է դեպի իր ծննդյան բուն վայրը` իմանալի երկիր: Իսկ մարմինը, իմանալի [հոգուց] բաժանվելով, չի բարձրանում դեպի վեր, այլ իջնում է դեպի հողը` իր ծնողը, որից էլ հայտնի է, որ Աստված ախտավորից ախտավորը ստեղծեց, իսկ անախտից` անախտը: Եւ բաժանումից հետո գնում է դեպի իրենը և մնում է այնտեղ, ըստ այն խոսքի, որ ասում է. «Մարդը գնաց իր հավիտենական տունը, իսկ հո-գին գնաց Աստծու մոտ, ով տվեց այն» [տե՛ս Ժող. ԺԲ 5,7]:

Արդ, մենակ գնում է դեպի լույսը, որտեղից ծնվեց, քանի որ մարմնից, որին կապվել միացել էր, անջատվում է, ինչպես պարսատիկի` օդ նետված քար, իսկ երբ [մարմինն է] լուծվում, արագ հասնում է հողին, որտեղից առնվեց: Հոգին, որ այժմ ավելի ծանր է, քան օդի բնությունը, երկրորդ անգամ խառնվելու ժամանակ դարձյալ կզորանա ավելի, քան նա, և դեպի իրեն կձգի` վեր բարձրացնելով: Հոգին կրակ է, հողմ, լույս, իսկ մարմինը` կրակ, ջուր, օդ, հող` խառնված և զոդված իրար հակառակ, բայց զուգակշիռ միությամբ ընտանեցած տարրերից. երկուսը` թեթևությամբ անդադար դեպի վեր թռչող, իսկ երկուսը` ծանրությամբ անընդհատ դեպի ներքև [քաշող], երկրի վրա սողացող: Քանզի իմանալ, թե Աստծու բնական իմաստությունն [ինչպես է] արարել նյութը, այլ բան չէ, քան այն, որ Նա իմանալիի մեջ մշտնջենապես ուներ իմանալին և երբ կամեցավ գոյության կոչել, սահմանեց, և իմանալին իբրև մայր եղավ: Եւ նրանից երևացին երկու ծնունդներ` տեսանելի և իմանալի, և այդ երկուսից եղան բազում տեսակները` անմարմիններից` անմարմինները, մարմնավորից` մարմնավորները. դրանք հրեշտակներն են և մարդիկ:

Մարդը երկնքի ու երկրի գեղեցիկ խառնվածք է, Աստծու ստեղծագործ իմաստությամբ միացրած [ընդ]դեմներին` պարզը և թեթևագույնը` երկնքից, ծանրը և բաղադրվածը` երկրից: Քանզի եթե զգայական այլ տեսակների բնությունն այստեղ հասկաանք, նրանք ծառայ են և անհանճար, իսկ այս իմանալին մեր մեջ վեհ, ազատ ու անախտ նյութից է, մոտ է Աստծու բնությանը, հրեշտականման է և նույն էությունից, բայց հրեշտակ չէ, այլ միայն հոգի է` կապված այս անարգ նյութի հետ, բարձունքներից է, երկնային, հակառակ, օտար ու անընտել երկրավորին, բայց հնազանդված մարմնի կապանքներով:

Իսկ եթե մեկն ուզում է իմանալ մարդկանց հոգիների կայանների մասին, թող երկրաքարշ ախտերից ծանրացած ու թանձրացած մտքով չնայի, այլ թող թռչի սուրբ Պողոսի պես, ով ասաց, թե անճառելի է տեղը, դրախտ և երրորդ երկինք անվանեց, բայց ավելի բարձր հաստատություն իմացավ այն: Արդ, հոգին, այստեղից հափշտակվելով, հասնում է հոգևոր կայաններին, որ աստվածային Գրքերը Վերին Երուսաղեմ են անվանում [տե՛ս Գաղ. Դ 26], որտեղ բյուրավոր արդար կատարյալների հոգիներն ուրախանում են` նախապես տեսնելով Աստծու [պատրաստած] բարիքները: Անպատմելի անուշահոտ ու լուսավոր է օդը, որի հետ ոչ մի դառնություն խառնված չէ:

Պարզագույն խոսքերով ասացի, թե հոգիները գնում են բնակվելու այնտեղ, որտեղից եղան, իսկ մարմինը դարձյալ միանում է իր տեղին` քայքայվելով ու նմանվելով նրան:

Եւ անտեսանելի և անեղծ [հոգին], ավելի փառավոր տեսք ստանալով, այլևս չունի այս կյանքի հետ կապված մարմնավոր կարիքներ, ոչ էլ կարոտում է և տեսնել է ուզում, և ոչ էլ մարտիրոսները` նրանք, ովքեր առավելագույն պատիվների են արժանացել, կարող են հայտնել որևէ մեկին: Իսկ եթե մեկը արհամարհելով [քրիստոնեական վարդապետությունը] կամ անխրատ սովորությամբ առաջնորդվի երազներով` վերստին դառնալով հեթանոսական սովորությանը. [չնայած] բազում օրինակներ կան. քաղդեացի մոգերը աստղագիտությամբ ճանաչեցին Աստծուն. երբ սուրը հասավ Ռաբովթ` Ամոնի որդիներին, բաբելացի գավազանահարներն ու լերդահմաները եկան երկու ճանապարհների գլխին, և նրանց աջ ձեռքից հմայություններ դուրս եկան Հրեաստանի և Երուսաղեմի դեմ. գուշակները ստությամբ արդարացան, երբ սուրը մտավ Ղովտի պարանոցը, և անիրավության համար վրեժ լուծեց նրանցից: Նաև մի ոմն վհուկ կին Սավուղին ճշմարտությունը պատմեց, իսկ Բաղաամը` Միջագետքից եկած ճշմարտատեսը, [քնի մեջ բաց աչքերով տեսավ Աստծու տեսիլը]: Բաբելացի իմաստունը երազի մեկնությամբ փրկեց Երեմին, իսկ Յովսեփը, երազ տեսնելով, մեկնեց փարավոնի երազը: Սակայն [երազներով առաջնորդվելը] մերժվում է Քրիստոսի Եկեղեցու կողմից` ըստ ճշմարիտ Գրքերի, քանզի հեթանոսներինն է այդ սովորությունը և ոչ քրիստոնյաներինը:

Իսկ եթե մեկը հանդգնորեն զանց առնի այս միտքը` օտար խորհուրդներով նշաններ գծի, գուշակի ապագան, երազներ մեկնի և դրանցով մոլորեցնի մարդկանց, ոչ քրիստոնեաբար ընթանա անթույլատրելի ճանապարհով և և մեր մեջ բնական կրքերը հայտնի, որ լինում է խելապատակի` դատարկախոսությամբ վնասվելուց, և հիվանդության պատճառով բազում բաներ տեսնելով` խոսի տգիտաբար, ինչպես որ հարբեցողներին է թվում, թե իրենք պտտվում են երկրի շուրջը, իսկ ջերմությունից այլափոխված զգայարանները սրանք կատարված գործ են համարում: Կամ էլ այն, որ դևերը, որոնք գիտեին մարդու կյանքը, ընդունելով արդեն մեռած մոլորվածների կերպարանքը և նրանց նմանվելով, հայտնվում են տրտում կամ զվարթ դեմքով, իբրև թե պատվեր տալով կամ զգուշացնելով (կարծես թե մեռյալը և մարմնով սպանվածը հոգի է դարձել), որը ոչ թե ի օգուտ, այլ ի վնաս է լինում և մոլորեցնում է, և նա տգիտաբար ճարտարությամբ պատմում է, այն դուրս է քրիստոնեությունից:

Դիտվել է 6843
2015.09.04
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.