Ընթերցանություն
Գլխավոր>Երիտասարդաց Միություն >Ուխտագնացություն> Աղոթքով լեցուն ճամփորդություն դեպի Գնդեվանք

Աղոթքով լեցուն ճամփորդություն դեպի Գնդեվանք

Աղոթքով  լեցուն ճամփորդություն դեպի Գնդեվանք

«Ուխտավորը հավատքով և իմաստությամբ առլեցուն այն անձն է, որը քաջ գիտակցում է իր անկատարելությունն ու մեղանչականությունը և պահանջ է զգում Աստծու և սրբությունների հետ հաղորդակցվելով ոչ միայն հագեցնել իր հոգեկան ծարավը, իմաստավորել իր կյանքը, այլև զորություն ստանալ Սուրբ վայրից՝ դիմակայելու գալիք փորձություններին»:
Հենց այս գիտակցումով` օգոստոսի 5-ին, Սուրբ Երրորդություն եկեղեցու հավատացյալները` Տեր Զենոն քահանա Բարսեղյանի գլխավորությամբ և Արարատյան Հայրապետական Թեմի Առաջնորդական փոխանորդ  Բարձրաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի  հայրական  օրհնությամբ ուխտագնացություն կատարեցին դեպի Վայոց ձորի Գնդեվանք եկեղեցի:
Երկրից դեպի Աստված աղոթքով լեցուն ճամփորդույթունն այս անգամ էլ սկսվեց Տերունական աղոթքով ու տեր հոր օրհնությամբ: Այս ուխտագնացությունն էլ հետաքրքիր ու բովանդակալից էր իր էությամբ: Մինչ եկեղեցի հասնելը` ճանապարհին տեր հայրը կատարեց «Արևագալի» և «Ճաշու 3-րդ ժամի» ժամերգությունները:
Եվ քանի որ  Սբ. Պատարագի էինք շտապում, տեր հայրը բացատրեց նաև Պատարագի իմաստն ու էությունը. «Պատարագի միջոցով է, որ մենք հաղորդակից ենք լինում Քրիստոսի Մարմնին և Արյանը: Մարմին և Արյուն, որը հեղվեց և տրվեց մեզ համար, որպեսզի մենք փրկություն ունենանք: Տերն Ինքն ասաց, որ` ով ըմպի Իմ Արյունը և ուտի Իմ Մարմինը, հավիտենական կյանք կունենա: Մենք միասին հրավիրված ենք  լինում Սբ. Պատարագին. այդ մեծ հարսանյաց խնջույքին և հիշում ենք. նրանց, որոնք ուշանում են, կամ ովքեր, որ ժամանակ չունեն մասնակիցը լինելու այդ հարսանյաց խնջույքին, քանի որ մեկը արտ ունի մշակելու, մյուսը տան մեջ իր գործերն ունի, Տերն ասում է` այդ բոլորին դուրս հանեք հարսանյաց խնջույքից: Այսինքն` երբ դու ունես հրավեր դեպի հարսանյաց խնջույքը, դու պետք է ամեն ինչ թողնես մի կողմ. քո ամբողջ զբաղմունքը, քո ամբողջ գործը, որ անում ես, վեց օրում պետք է անես: Այդ օրերը պետք է բավականացնեն քեզ քո հոգսերը հոգալու: Եվ այդ մեկ օրը, երբ հարսանյաց  խնջույքին ես հրավիրված, դու պետք է կարողանաս քո բոլոր գործերը թողնես մի կողմ և գաս մանսակիցը լինես: Սբ.Պատարագով ապրենք, աղոթքով ապրենք, պատրաստենք մեր անձերը, ծոմապահությամբ` հաղորդակիցը լինելու Քրիստոսի»:
Խորհելով տեր հոր ասածների և մեր ուխտի մասին` ի վերջո հասանք սպասված սրբավայրը` Գնդեվանքը, որը, ըստ Պատմիչ Ստեփանոս Օրբելյանի վկայության ` հիմնադրել է Սյունյաց Սոփիա (Սոփի) իշխանուհին X դարում` որպես ճգնավորների մենաստան: Գնդեվանք է կոչվել հայր Սուփան Գնդունու անունով:

Վանքը X-XVII դդ. կառույց է, որի կազմում են Սբ. Ստեփանոս եկեղեցին, գավիթը, սեղանատունը, գերեզմանատունը, բնակելի և տնտեսական շինությունները, վանքապատկան ջրանցքը:
Վանքի Սուրբ Ստեփանոս  եկեղեցում ուխտագնացներս մասնակիցը եղանք Սուրբ Պատարագի և հաղորդակիցը եղանք Տիրոջ Մարմնին ու Արյանը: Եկեղեցում ու նրանից դուրս տիրող խաղաղությունն ու հանգստությունը Տիրոջը օրհնելու մեծ ցանկությունը առաջացրեց, ինչպես տեր հայրը ասաց. «Նշանակում է եկեղեցին աղոթքով է կառուցված»: Մենք ևս մեր աղոթքները միախառնեցինք բազում աղոթքների հետ, վայելեցինք եկեղեցում ու նրան հարակաից տարածքում գտնվելու ժամերը և շարժվեցինք դեպի Երևան: Բայց մինչ Երևան հասնելը, ճանապարհին Զանգեզուրն էր, իսկ անտարբեր անցնել այդ ճանապարհով և չայցելել մեր հանճարներից մեկի` Պարույր Սևակի տուն-թանգարան, իհարկե, հնարավոր չէր, և եթե Սևակը դիմում էր Աստվածամորն ու ասում. «Օգնի'ր ինձ, Մարիա'մ, անաղարտ մնամ…»,  ապա ուխտավորներս  դիմեցինք ոչ միայն Սուրբ կույսին, այլ նաև Սուրբ Երրորդությանը`մեր մեղքերի քավության և ուխտերի իրագործման համար: Ու հենց այդ աղոթքներն էլ մեր շուրթերին` վերադարձանք մեր օջախները:
                                                                                                        
                                                                                                            

Հռիփսիմե Գալստյան

Դիտվել է 5868
2015.09.09
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.