Ընթերցանություն
Գլխավոր>Քարոզներ>Թեմատիկ քարոզներ> Երկխոսություն զինվորի հետ քրիստոնեական խոնարհության մասին

Երկխոսություն զինվորի հետ քրիստոնեական խոնարհության մասին

Երկխոսություն զինվորի հետ

Սիրելի´ զինվոր,  ուզում եմ քեզ հետ խոսել քրիստոնեական խոնարհության մասին, որի իմացությունն ու գործադրումը  շատ անհրաժեշտ է ծառայությանդ ընթացքում: Նախ հասկանանք, թե ո՞րն է խոնարհությունը: Ահա´ թե ինչ է ասում Եկեղեցու նշանավոր Հայրերից Պողոս պատրիարք Ադրիանապոլսեցին, կատարյալ խոնարհության մասին. < <Կատարյալ խոնարհը, որքան էլ մեծամեծ շնորհներ, ունեցվածք, պատիվ ու մեծություն ունենա, իր մասին նվաստ կարծիք ունի. իր ունեցած առավելություները չի տեսնում, այլ կամենում է իր թերությունները տեսնել` դրանք շտկելու համար, որով է´լ առավել է արժանանում Աստծո շնորհներին>>: /Խրատի Թանգարան, Ս. Էջմիածին, 2009թ., էջ 208/: Սիրելի´ զինվոր, խոնարհության օրինակներ են մեր բոլոր քրիստոնյա նահատակները, երբ որ գնում էին նահատակության քաջ գիտակցելով, որ նահատակությունից հետո Աստծուն պետք է տեսնեն, ցանկացած փորձություններ և հալածանքներ դիմավորում էին խոնարհ սրտով, իրենց մեջ ունենալով Քրիստոսի և Սրբերի խոնարհության օրինակները: Խոնարհության օրինակ է մեր հավատքի Հայր` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետը, ով 12 հալածանքներից և 13 տարի տարի Խոր Վիրապում մնալուց հետո, հաստատ մնաց իր հավատքի մեջ` չուրանալով Քրիստոսին: Խոնարհության օրինակներ են Հռիփսիմյանց կույսերը, ովքեր իրենց անարատ պահեցին Քրիստոսի հավատն իրենց սրտերի մեջ արմատավորված ունենալով: Խոնարհության օրինակներ են նրանք, ովքեր չնայած մեծ հարկադրանքին` ընդունելու հեթանոսություն, մուսուլմանություն, հաստատ մնացին քրիստոնեության հիմքերին: Խոնարհության բազում օրինակներ կարող ենք բերել Սուրբ Գրքից: Աբրահամը խոնարհվեց Տիրոջ առաջ ասելով. < <Ես հող եմ ու մոխիր>> /Ծննդ. ԺԸ 27/, դրա համար նահապետների գլուխ եղավ: Դավիթը խոնարհվելով ասում էր. < <Ես որդ եմ ու ոչ մարդ, նախատինք եմ մարդկանց համար>> /Սաղմ. ԻԱ 7/, դրա համար Աստծուց մարգարեության շնորհ ստացավ և կանչվեց ժողովրդին թագավորելու: Այդպես և Հովհաննես Մկրտիչը խոնարհությամբ ասում էր. < <Արժանի չեմ արձակելու Նրա կոշիկների կապերը>> /Յովհ.Ա 27, Մարկ. Ա. 7/, դրա համար արժանի եղավ Քրիստոսին մկրտելու: Պետրոս առաքյալն իր խոնարհությամբ Տիրոջն ասում էր. < <Հեռո´ւ գնա ինձանից, Տե´ր, որովհետև մեղավոր մարդ եմ ես>> /Ղուկ. Ե 8/, դրա համար Երկնքի Արքայության բանալիները ստացավ և վեմ անվանվեց: Պողոս առաքյալն իր խոնարհությամբ ասաց. < <Արժանի չեմ առաքյալ կոչվելու>> /Ա Կորնթ. ԺԵ 9/, դրա համար երկինք թռավ և դրախտը տեսավ:
Ահա սիրելի´ զինվոր, որքա՞ն խոնարհության օրինակներ բերեցի, որպեսզի մենք հասկանանք, թե ինչքա՞ն կարևոր է խոնարհ լինելը: Արդյո՞ք Աստված կբնակվի անօրեն հոգիների մեջ: Եթե ես շտապեմ պատասխանելու այս հարցին բնականաբար կասեմ ո´չ: Ես մտածում եմ, որ այս հարցի շուրջ մենք համակարծիք ենք, քանի որ Աստված միայն բնակվում է խոնարհ հոգիներում. < <Ես որտե՞ղ բնակվեմ, եթե ոչ հեզերի, խոնարհների մեջ>> /Եսայի ԿԶ 2/:
Խոնարհությունը ամենայն առաքինության հիմքն է: Յուրաքանչյուր քրիստոնյա անձ, ով Քրիստոսի անվամբ մկրտվել է, պետք է խոնարհ լինի: Սիրելի´ զինվոր առավելաբար Դու´ պետք է խոնարհ լինես, քանի որ խոնարհությամբ դիմացինիդ մեջ խոնարհ հոգի ես սերմանելու: Հիշի´ր Աստված սիրում է խոնարհ մարդկանց, այդ իսկ պատճառով է ասում. < <Ով խոնարհեցնում է իր անձը` կբարձրանա, իսկ ով որ բարձրացնում է իր անձը` կխոնարհվի>> /Ղուկ. ԺԴ 11/:
Ծառայության մեջ երբեմն գերիշխում է այն արատավոր երևույթը, թե ով որ խոնարհություն ունի, որի արդյունքում էլ համեստ է շատ հարցերի մեջ, ուրեմն < <լավ տղա չէ>>: Այդ հարցին անդրադառնալով Պողոս Պատրիարք Ադրիանապոլսեցին հետևյալն է ասում. < <Թող ոչ ոք խոնարհությունը չհամարի հոգու անզորություն կամ մտքի հիմարություն, կամ կամքի թյուրություն, այլ թող ճշմարտապես իմանա, որ խոնարհությունը ոգու արիության, մտքի իմաստության ու կամքի ուղիղ լինելու նշան է: Ուստի ով ամենքի առաջ կամովին խոնարհվում է, զորեղ, իմաստուն ու բարի է: Եվ ընդհակառակը` անզոր, հիմար ու մոլի է, ով խոնարհություն չունի, որովհետև չի կարող իր մոլեկան կրքերը նվաճել և կյանքի պատերազմական դաշտում խոնարհության հաղթանակը շահել>> /Խրատի Թանգարան, Ս. Էջմիածին, 2009թ., էջ 208/:
Սիրելի´ զինվոր, Աստված երբեք չի անտեսում խոնարհի աղոթքը. < <Նա նայեց խոնարհների աղոթքներին և չարհամարհեց նրանց խնդրանքները>> /Սաղմ. ՃԱ 17/: Չէ՞ որ Աստված երկիրը ժառանգելու խոստում տվեց խոնարհներին ու հեզերին. < <Երանի´ հեզերին, որովհետև նրանք երկիրը պետք է ժառանգեն>> /Մատթ. Ե 5/: Ուստի սիրելի´ ընկեր, արի բաց չթողնենք երկիրը ժառանգելու խոստումը և խոնարհությամբ հաղթահարենք ծառայության ընթացքում մեզ հանդիպող ցանկացած դժվարություն:
Սիրելի´ ընկեր, մաղթելով քեզ կատարյալ խոնարհություն, նյութս ուզում եմ ավարտել Սիրաքի իմաստության հետևյալ խոսքերով. < <Որքան մեծ լինես, այնքան խոնարհեցրու´ քո անձը, որպեսզի շնորհ գտնես Տիրոջ առաջ>>: /Սիրաք Գ 20/:

 

Զորամասի հոգևոր սպասավոր`
Վոլոդյա սարկավագ Նաջարյան

Դիտվել է 10586
2015.09.23
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.