Ընթերցանություն
Գլխավոր>Սբ. Երրորդություն եկեղեցի> Տաթևը ոչ միայն թևեր, այլ նաև ձայներ է տալիս

Տաթևը ոչ միայն թևեր, այլ նաև ձայներ է տալիս

Սուրբ Երրորդություն եկեղեցու դահլիճում մի իսկական ոգևորություն էր.  Արարատյան Հայրապետական Թեմի Առաջնորդական փոխանորդ՝  Բարձրաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի  հայրական  օրհնությամբ եկեղեցու դահլիճում ելույթ պետք է ունենար Տաթևի վանական երգչախումբը:


Երեխաներն էլ հուզվում էին. կարճ ժամանակում են պատրաստվել, բայց վստահ էին` լավ են երգելու.
«Մենք միշտ ամենալավը հենց Սուրբ Երրորդություն եկեղեցում ենք երգում»,- վստահեցնում էր երգչախմբի անդամներից մեկը:
Այս անգամն էլ բացառություն չէր:

Սբ. Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանի ողջույնով, որում նշվեց, որ բոլորս ունենք հրեշտակային ձայնի կարիք, որովհետև մանուկների շուրթերից, սրտից և հոգուց միշտ աստվածային օրհնությունն է, որ ելնում է և մեզ աստվածային սերն ու խնդությունը պարգևում, և «Տերունական աղոթք»-ով սկսվեց Տաթևի հրեշտակների ելույթը:

Սկսելով «Քրիստոս ի մեջ մեր հայտնվեցավ» հոգևոր երգով` երեխաները կատարեցին թե' հոգևոր, թե' ժողովրդական երգերի շարան, և առաջին անգամ, հենց Սբ. Երրոդության դահլիճում հնչեցրին նվագներ իրենց զանգերով, որոնցով նոր են սկսել աշխատել:

Տաթևի վանքում արդեն մեկուկես տարի է՝ գործում է վանական երգչախումբը: Երգչախմբում երգում են տեղի երեխաները, որոնք սիրով ու նվիրումով սովորում են հոգևոր երգերը, վստահ են` հենց վանքն է իրենց ուժ տալիս, որ հեշտ սովորեն:

Լուսինեն Տաթևի երգչախմբի ղեկավարն է: Կես տարուց ավել է ՝ աշխատում է երեխաների հետ, բայց դժգոհություններ չունի.

«Մինչ իմ գալը երգչախմբի առաջին ղեկավար Սիմոն Սիմոնյանը բավական մեծ գործ էր կատարել. երեխաներն արդեն անգիր գիտեին երգերը և կարողանում էին երգել:  Երեխաները շատ տաղանդավոր են, բնությունն իրենց շռայլորեն տվել է, բայց նրանց հետ պետք է աշխատել ու խիստ լինել, անընդհատ պետք է պահանջել»,- պատմում է Լուսինեն և հավելում. «Սկզբում դասերն ավելի սիրողական բնույթ էին կրում. Երգում էին ինչպես ուզեն, ինչպես իրենց սիրտն էր թելադրում, իսկ հիմա պահանջում եմ ճիշտ երգեցողություն, ավելացնում եմ երկրորդ, երրորդ ձայն: Ճիշտ է՝ երեխաները պատրաստ չեն դրան, բայց ոգևորություն ունեն: Ամերիկայից ստացված զանգերն էլ մեծ խթան հանդիսացան, որ է՛լ ավելի ոգևորվեն: Հիմա արդեն ոչ միայն երգչախումբ, այլ նաև նվագախումբ ենք»:

Երգչախմբի սան Ալլա Հարությունյանը պատմում է, որ սկզբում այդքան էլ ոգևորված չէր գալիս դասերին, բայց ժամանակի ընթացքում հասկացավ, որ երգչախումբը, եկեղեցին, վանքն իր ընտանիքն է դարձել, իսկ հիմա արդեն առանց այդ ամենի իր կյանքը չի պատկերացնում.

«Սկզբում, երբ եկեղեցի էինք գալիս, թվում էր, թե պատարագի արարողությունը, հոգևոր երգեցողությունը  սովորելը շատ դժվար է, բայց ժամանակի ընթացքում զգացինք, թե ինչքան է հարազատ այս ամենը, և ինչ երգեցողություն էլ լինի, մարդուն դա բնությունից է տրված, ու դա մեր միջից էր, հենց այդ պատճառով էլ հեշտ սովորեցինք»:

Սբ. Երրորդություն եկեղեցու համայնքը Տաթևի հրեշտակներին, որպես հիշատակ, հրեշտակներ և այլ նվերներ նվիրեց, իսկ միջոցառման ավարտին հրեշտակները կատարեցին իրենց ուսուցչուհու` Լուսինեի հեղինակային երգը, որ կոչվում է «Խաղաղություն»` այս կերպ, կարծես, խաղաղություն քարոզելով յուրաքանչյուրիս, և, ինչպես Տաթևի վանահայրն իր խոսքում նշեց. «Երգը պատգամ է, որ Թե' մեր երեխաները, թե' բոլոր քրիստոնյա ընտանիքների բալիկները դառնան մեր համերաշխության և միավորման խորհուրդը»:

                                                                                                        

Հռիփսիմե Գալստյան  

 

Դիտվել է 1593
2015.10.29
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.