Ընթերցանություն
Գլխավոր>Երիտասարդաց Միություն >Ուխտագնացություն> Ուխտդ ի կատար, սիրելի՛ երիտասարդ

Ուխտդ ի կատար, սիրելի՛ երիտասարդ

Առաքեա՛, Տէ՛ր, զլոյս քո եւ զշմարտութիւն քո քո,
զի առաջնորդեսցեն զիս ինձ եւ հասցեն զիս
ի լեառն սուրբ եւ ի յարկս քո:

Քրիստոնյայի կյանքն առ Աստված ուխտի մի ճանապարհ է, ճանապարհ դեպի աստվածային լույս և ճշմարտություն, դեպի Աստծո սուրբ հարկերը: Ահա այս կենսակերպով լցված Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու ԱՀԹ Սուրբ Երրորդություն Եկեղեցու երիտասարդաց միությունը հայրական օրհնությամբ՝ Արարատյան Հայրապետական Թեմի Առաջնորդական փոխանորդ  Բարձրաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի և Եկեղեցու հոգևոր հովիվ՝ արժանապատիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանի առաջնորդությամբ «Եկեղեցին հայկական բարձր բերդն է հավատքին իմ պապերուս, որ հողեն, զայն քար առ քար հանեցին, և երկինքեն իջուցին զայն ցող առ ցող, ամպ առ ամպ ու թաղվեցան անոր մեջ հանդարտությամբ, հեզությամբ» ուխտավորի երգով հայրեյաց պաշտպանության ու հայրենիքի պաշտպանների համար աղոթքով ուխտի գնացին դեպի Նորավանք: Ճանապարհին ուխտավորները Արտաշատի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ Առաքյալ Եկեղեցում մասնակցեցին առավոտյան ժամերգությանը՝ ստանալով Եկեղեցու հոգևոր հովիվ՝ Տեր Թաթուլ քահանա Գասպարյանի օրհնությունն ու մաղթանքը՝ հավատի, հույսի ու սիրո նվիրման մեջ ամուր մնալու համար: Այնուհետև արեգակի ցոլքերին ընդառաջ շարունակվեց ուխտավորների ճանապարհը դեպի հնամենի սլացիկ հորինվածքով շրջակա լեռների հետ մի ամբողջություն կազմող Նորավանք, ուր քարերն անգամ խոսում են հավատքից ու հավատքով, ուր աղաթքով միանալով մեր նախնյաց աղոթքներին՝ դարձան արձագանքը անմահացուցիչ արժեքների հավերժախոսության: Վանքն իր համալիրով այնտեղ դարերով դիզված հոգու ու մտքի գանձարանով զուտ քարե կառույցից դարձել է  շրջակա լեռների հետ երկինքը երկրին միացնող անբարբառ աղոթասաց անլռելի զանգակատուն: Ուխտավորներին Ողջույնի խոսքով դիմավորեցին վանքի հոգևոր հովիվ Տեր Սահակ քահանա Մարիտիրոսյանը և Տեր Սեպուհ քահան Հարութունյանը: Ուխտավորները Նորավանքի Սուրբ Ստեփանոս, այնուհետև համալիրի Սուրբ Աստվածածին Եկեղեցում չնայած սուրացող աշնանային ցուրտ միջանցիկ քամու հոսանքին հնչեցրին զանգակներն ու աղոթքեցին և աղոթքը մրմունջից դարձավ երգ, խնկարկեց շրջակա լեռներն՝ արձագանք տալով՝

Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.

Ամենասուրբ Երրորդութիւն, Տո՛ւր աշխարհիս խաղաղութիւն:

Եւ հիւանդաց բժշկութիւն, Ննջեցելոց արքայութիւն:

Արի՛ Աստուած հարցն մերոց, Որ ապավենդ ես նեղելոց:

Հա՛ս յօգնութիւն ծառայից քոց Լեր օգնական ազգիս Հայոց:

Մեր պատմության մեջ լռեցրել են շատ զանգակներ, սակայն զանգակատունը միշտ հայորդիների բերանով հնչում է՝ ասելով.

Առաքեա՛, Տէ՛ր, զլոյս քո եւ զշմարտութիւն քո, զի առաջնորդեսցեն զիս ինձ եւ հասցեն զիսի լեառն սուրբ եւ ի յարկս քո:

Մտից առաջի սեղանոյ Աստուծոյ առ Աստուած, որ ուրախ առնէ զմանկութիւն իմ (Սաղմոս ԽԲ: 2-3):

Զմի խնդրեցի ի Տեառնէ՝ եւ զսոյն աղաչեմ. բնակել ինձ ի տան Տեառն զամենայն աւուրս կենաց իմոց (Սաղմոս ԻԶ: 2-3):

Ավարտվեց Խաղաղական ժամերգությունը: Ուխտավորները հյուրընկալվեցին վանքի ճաշասենյակում հոգևորականաց դասի հետ սիրո ճաշի, որին հաջորդեց մտերմիկ, քրիստոնեական ներընտանեկան զրույցը, մտքերի, կարծիքների և հանուն եկեղեցու ու հայրենի երկրի մտահոգությունների փոխադարձ կիսումը: Ուխտավորները բոլորվել էին այն իրականության շուրջ, որ այսօր մեր հայրենիքը կարիքն ունի երիտասարդ նվիրյալների, որոնք իրենց պարտականությունը կատարում են զոհողության գերագույն աստիճանով: Նորավանքում վերջին աղոթքն անելով հայոց ազգի և հայոց Եկեղեցու համար ուխտավորներն ուղևորվեցին դեպի Հավատքի ամուր ժայռի վրա հիմնված Արենի գյուղի Սուրբ Աստվածածին Եկեղեցի, որտեղ ուխտավորներն աներկմիտ հավատքով իրենց աղոթքը բարձրացրեցին առ Աստված և աղոթքների, շարականների ու ազգային-հայրենասիրական երգեր երգելով վերադարձան դեպի իրենց օջախները…

Ուխտդ ի կատար, սիրելի երիտասարդ…

 

Նարեկ սարկավագ Պետրոսյան

Դիտվել է 8062
2015.11.18
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.