Ընթերցանություն
Գլխավոր>Սբ. Երրորդություն եկեղեցի> Խոսք ԱՀԹ Սուրբ Երրորդություն Եկեղեցու օծման տասներորդ տարեդարձին նվիրված Հայաստանի Պետական Ֆիլհարմոնիա «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կայացած Բարեգործական համերգի

Խոսք ԱՀԹ Սուրբ Երրորդություն Եկեղեցու օծման տասներորդ տարեդարձին նվիրված Հայաստանի Պետական Ֆիլհարմոնիա «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կայացած Բարեգործական համերգի

Բարձրաշնորհ Սրբազան Հայր, արժանապատիվ Հայրեր, բարեշնորհ սարկավագներ, սիրելի հավատացյալ հայորդիներ,

«Ընծայումն Ս. Աստուածածնի երից ամաց ի Տաճարն» տոնական այս օրը նաև հոբելյանական է «Ի վերա հիման առաքելոց և մարգարեից» հաստատված Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու համար, քանի որ լրացավ Սուրբ առաքյալների Քրիստոսատուր իշխանության և հավատքի վրա հիմնված Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ Երրորդություն Եկեղեցու օծման տասներորդ տարին՝ տարիներ Առաքելության, ճիգ ու ջանքի, նվիրումի, ինքնազոհողության: Առաքյալներից փոխանցված հավատքի և սիրո սերմերն այս եկեղեցու անդաստանում պսակվեցին հավատցյալների կյանքում հավատքի, առաքելության, ծառայասիրության, աղոթասիրության կենսակերպի ձևավորմամբ: Այսօր հոգևոր խնդության տոն է Քրիստոսի միակ ճշմարիտ եկեղեցու համար` եկեղեցի, ուր տեղի է ունենում մարդ-Աստված խորհրդավոր փոխհարաբերությունը:

2005թ. նոյեմբերի 20-ին ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց հայրապետի, տեղի ունեցավ Ս. Երրորդություն հոյակերտ եկեղեցու օծման սրբազան արարողությունը, որից հետո նորաօծ եկեղեցում Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդ Բարձրաշնորհ՝ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ մատուցվեց Ս. Պատարագ: Բյուրավոր հավատցյալների աղոթքներին ի պատասխան Եկեղեցու զանգերը ղողանջեցին, որը մինչև այժմ հնչում է մեր ականջներում` լուսավորելով ու մաքրելով մեր միտքն ու հոգին վասն հավատո, վասն հայրենեաց: Եկեղեցու կառուցումը ծրագրել էր երջանկահիշատակ Գարեգին Ա Հայրապետը, սակայն այդ նպատակին գործնական ընթացք է հաղորդել Գարեգին Բ Հայրապետը, ում ցուցումով լուսահոգի ճարտարապետ Բաղդասար Արզումանյանը, Հասմիկ Ալեքսանյանի, Ռաիսա Սիմոնյանի և ճարտարագետ-կոնստրուկտոր Հովհաննես Մեյրոյանի, եկեղեցու բոլոր շինարարների` ի դեմս Ալբերտ Եղիկյանի, նկարիչ Վարուժան Վարդանյանի հետ միասին, բարերարությամբ Լուիզ Սիմոն Մանուկյանի կառուցում են սուրբ Տաճարը:

Դեռ չօծված եկեղեցին Տ. Գրիգոր քհն. Հովհաննիսյանի ջանքերով արդեն իսկ ուներ կազմակերպված համայնք` կազմված տարբեր տարիքային խմբերից, ուսուցողական մի քանի դասընթացներից` կանոնավորված օրակարգով ու ձևավորված օրինակելի ավանդույթներով: Մինչ օծումն արդեն մի քանի հարյուր հավատացյալներ ցուցակագրվել էին մկրտության համար, իսկ օծմամբ Եկեղեցին դարձավ հզոր հենասյուն ու հավատի լուսավոր տաճար հավատավոր ժողովրդի համար, որոնց թիվը գնալով աճում է: Առաքելականությունն այս Եկեղեցու համար դարձավ կոչում ու անսպառելի ուժ: Հավատացյալներն այստեղ  մասնակցում են քարոզների, դասընթացների, որոնց նպատակը մեկն է` ծանոթացնել հավատքին, Սուրբ Գրքին, սուրբ խորհուրդներին և հոգևոր բարեպաշտական արարողություններին, որպեսզի կարողանան իրենց քրիստոնեական ընթացքի մեջ ուղիղ եւ ճիշտ քայլել, չշեղվել, գլխահակ վիճակից ուղղվել դեպի երկինք և ի վերջո հասնել խաղաղության նավահանգիստը, քանի որ ինչպես երջանկահիշատակ Գարեգին Ա հայրապետտն է ասում` «Ով էլ լինի, ինչի էլ հասած լինի, ինչ պաշտոն կամ դիրք գրաված լինի, եթե չի աղոթում, կենդանուց չի տարբերվում»:

Քրիստոնեությունը պահպանելուց զատ, Եկեղեցին հայկական իր վրա է վերցրել ազգապահպանման նվիրական գործը: Քրիստոնեությունը հայերի համար  դարձել է կենսատու ուժ, հանապազօրյա հաց ու ջուր, բարոյականության հիմնարար օրենսգիրք` բարերար ազդեցություն գործելով նրա պատմության բոլոր հատվածներում: Հիշենք Վարդանաց պատերազմին մասնակից ինը հոգուց բաղկացած նահատակների խմբին` կազմված   եկեղեցական կարգի բոլոր աստիճաններից`  կաթողիկոս, եպիսկոպոս, քահանա և սարկավագ, որոնք կոչվեցին Ղևոնդյանք՝ ի պատիվ իրենց հոգևոր զորավարության և նահատակության պարագլուխ երանելի Սորբ Ղևոնդ Երեցի, ով լի Սուրբ Հոգով ու լուսավոր վարդապետությամբ՝ երկրի նախարարներին և քահանաներին խանդավառում և սպառազինում էր քաջությամբ մարտնչելու հավատքի թշնամիների դեմ և աներկյուղ կերպով իրենց անձերը զոհել «Վասն հավտոյ, վասն հայրենեաց»:

Պահպանելով ավանդականն ու արմատականը, հայ եկեղեցին   միշտ  կարևորել է նաև առաջատարն ու ժամանակակիցը` լուսավորելով իր ժողովրդին առաջադիմական գաղափարներով: Պատահական չէ, որ բոլոր դարերում եկեղեցուն կից գործել են դպրոցներն ու համալսարանները, որտեղ բացի աստվածաբանական գիտելիքներից, ուսուցանվել են նաև բնական ու փիլիսոփայական գիտելիքներ. Գլաձոր, Որոտնավանք, Տաթև և այլք բազումք, որոնց շրջանավարտները հոգևոր բարձր կոչումների արժանանալուց զատ թողեցին  գիտական ուսումնասիրությունների ու գրավոր մատյանների անգնահատելի նմուշներ` Առաքել Հաղբադեցի, Ստեփանոս Օրբելյան, Կարապետ Տոսպեցի և այլք...

Այս օրինակներով մինչ օրս Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին շարունակում է  լուսավորչական իր գործունեությունը` հիմնելով նորանոր կրթական, մշակութային,  երիտասարդական և մանկապատանեկան կենտրոններ: Հոգևորականաց դասը որպես բարի հովիվներ գործունեություն են ծավալում են ոչ միայն եկեղեցական, այլ նաև տարբեր բնագավառներում` կրթական, մշակութային, հասարակական, ազգային` լինելով իրենց հոտի կողքին՝ համարձակորեն ասելով. «Ճանաչեմ զիմսն և ճանաչիմ յիմոցն»: Եկեղեցու նախաձեռնություններին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Սուրբ Երրորդություն Եկեղեցու կառուցումից հետո աստիճանաբար ձևավորվել է Լսողության խանգարում ունեցողների համայնքը, որը կազմավորման պահից մինչ այժմ ղեկավարում է Հայաստանի խուլերի միավորման Կենտրոնական վարչության հրահանգիչ, ժեստերի լեզվի թարգմանիչ, սուրդոմանկավարժ տիկին Զուբեյդա Մելիքյանը: Աստծո խոսքը նրանց հասանելի դարձնելու համար կազմակերպվել են Աստվածաշնչի մեկնություններ, զրույցներ, հանդիպումներ ժեստերի լեզվով, որոնք անցկացրել է Տ. Եսայի քհն Արթենյանը:

Սուրբ Երրորդություն Եկեղեցին այսօր էլ Սրբազան Հոր անմիջական հոգածությամբ և հետևողականությամբ իրականացնում է ակտիվ համայնքային գործունեություն իր բազմաբնույթ սոցիալական եւ մարդասիրական ծրագրերերով` լինելով համայնքի բնակիչների համար ոչ միայն հավատի հզոր հենասյուն, այլև մշակութային օջախ, որտեղ անվաճար հիմունքներով կազմակերպվում են տարբեր դասընթացներ.

1. ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ՎԱՐԺԱՐԱՆ – Համայնքի 4-16 տարեկան երեխաները հաճախելով վարժարան` ծանոթանում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դավանանքին և եկեղեցական տոներին, ստանում` հայեցի դաստիարակություն և ճանաչում մեր ազգային, հոգևոր ու մշակութային արժեքները, մասնակցում ազգային-հոգևոր թեմաներով հանդիսությունների, ցուցահանդեսների, նկարչության, դիզայնի, անգլերեն ու ռուսերեն լեզուների, երգի ու պարի ուսուցմանը, բակային ճամբարին և այլ միջոցառումների:

2. ՏԻԿՆԱՆՑ ՄԻՈՒԹՅՈՒՆ - Միության գործունեությունն ուղղված է եկեղեցու հոգևոր համայնքի կայացմանը, նրա անդամների փոխհարաբերություններին և սոցիալական, բարեգործական, բնապահպանական բնույթի միջոցառումների կազմակերպմանը: Միությունում ընդգրկվում են կանայք, ովքեր ցանկանում են իրենց նպաստը բերել եկեղեցու պայծառացմանը և ակտիվ մասնակցել ծխական կյանքի գործունեությանը (այցելություններ ծերանոցներ, մանկատներ, անհատ կարիքավորիների բնակարաններ, եկեղեցու մաքրության, բարեկարգման աշխատանքներ): 

3. ՍԲ. ԵՐՐՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԵՐԻՏԱՍԱՐԴԱՑ ՄԻՈՒԹՅՈՒՆ (ՍԵԵՄ) - Միության նպատակն է հայ երիտասարդին համախմբել Մայր Եկեղեցու շուրջ, հաղորդ դարձնել մեր հոգևոր ու ազգային արժեքներին, նրանց մեջ կերտել հայրենասիրական ոգի և գիտակցություն, ինչպես նաև բացահայտել նրանց շնորհները, օգնել դրանց կատարելագործմանն ու արդյունավորմանը: Կազմակերպվում են հոգևոր և ուսումնական դասընթացներ, Աստվածաշնչի սերտողություններ, գրաբարի և աղոթքի ուսուցում, մշակութային և հոգևոր միջոցառումներ, ցուցահանդեսներ, ինտելեկտուալ փառատոններ, սոցիալական և բարեգործական միջոցառումներ, ուխտագնացություններ դեպի նվիրական սրբավայրերը, արշավներ և քննարկումներ տարբեր` հոգևոր, մշակութային թեմաների շուրջ: Երիտասարդաց միության անդամների համար գործում են նաև համակարգչային, ծրագրավորման, լրագրության, նոտագրության, պարի, անգլերեն ու ռուսերեն լեզուների, հաշվապահական դասընթացներ, ինչպես նաև գործում է երգչախումբ: ՍԵԵՄ-ը կազմակերպում է բարեգործական միջոցառումներ ու հանգանակություններ` անապահով ընտանիքներին օգնություն ցուցաբերելով: Այս ամենի վկան են Սրբազան Հոր կողմից տրված այն օրհնության գրերը, որոնք պետք է շնորհվեն՝ Տիար Էդուարդ Կազարյանին, Տեր և Տիկին Էդգար Գրիգորյանին և Մարիամ Մխեյանին, Տիար Դավիթ ԲարսեղյանինՏիար Պետրոս Դարբինյանին: Այդ է վկայում նաև տասնամյակի նշանավորումը 1992-1993թթ-ի ընթացքում Արցախյան ազատագրական պայքարի բովում Մարտակերտի հատվածում երեք անգամ ծանր վիրավորում ստացած և մահճակալին գամված Փանանյան Վարդգեսի բուժմանը նվիրված «Նվիրիր հույս» բարեգործական սույն համերգը, որին իր մասնակցությունն է բերում վիրավոր հայորդու մայրը` Տիկին Թերեզան:

Այսօր ավելի, քան երբևէ մեր եկեղեցին իր ժողովրդի հետ կանգնած է ամուր ու հաստատուն հողի վրա` զարդարուն Աստվածային շնորհներով:

 

 

Տ. Զենոն քհն. Բարսեղյան

Սուրբ Երրորդություն Եկեղեցու

հոգևոր հովիվ

Դիտվել է 5781
2015.11.21
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.