Ընթերցանություն
Գլխավոր>Սբ. Երրորդություն եկեղեցի> «Սեր հանուն սիրո». «Նվիրիր հույս» երրորդն այլևս իրականություն

«Սեր հանուն սիրո». «Նվիրիր հույս» երրորդն այլևս իրականություն

Հավատարիմ լինելով «սեր հանուն սիրո» կարգախոսին` ԱՀԹ Սուրբ Երրորդություն եկեղեցին, նոյեմբերի 21-ին «Նվիրիր հույս» բարեգործական ծրագրի շրջանակներում  նշեց եկեղեցու տասնամյակը: Շուրջ տասը տարի է Սբ. Երրորդության դռները բաց են բոլոր հավատացյալների առաջ, որոնք հավատով ու հույսով լեցուն Աստծո դուռն են գալիս:

«Նվիրիր հույս» ծրագիրն ԱՀԹ առաջնորդական փոխանորդ բարձրաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հայրական օրհնությամբ արդեն երրորդ անգամն է իրականանում. «Բարեգործական համերգը մենք համակցեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու տասնամյակին, որովհետև եկեղեցու առաքելությունը հենց բարեգործությունն է` սեր հանուն սիրո, որպեսզի մենք կարողանանք այդ աստվածային սերը բաշխենք բոլոր նրանց, ովքեր դրա կարիքն ունեն, որովհետև Ինքը` Տեր Հիսուս Քրիստոս, թողնելով իննսունինը ոչխարներին, գնաց մեկի հետևից, այսինքն` առողջներին բժիշկ պետք չէ, բժիշկ պետք է բոլոր նրանց, ովքեր հիվանդ են: Մեր  առաքելությունն էլ հենց այդ է. Հետևելով Հիսուս Քրիստոսի խոսքին` օգնենք նրանց, ովքեր դրա կարիքն ունեն»,- իր խոսքում նշեց  Սբ. Երրորդության հոգևոր հովիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանը:

«Նվիրիր հույս» ծրագրից ստացված առաջին հասույթն ուղղվել է  ՄԻԱՎ-ով հիվանդ երեխաներին, երկրորդը` զինվորի, որն առողջական խնդիրներ ուներ և կարիքն ուներ բուժման:  Այս անգամ ողջ հասույթն ուղղվելու է Փանանյան Վարդգեսին, ով 1992-93 թթ-ին Մարտակերտում վիրավորվել է և առողջական լուրջ խնդիրների պատճառով գամված է անկողնուն ու չի կարող տեղաշարժվել:

Առնո Բաբաջանյան համերգասրահում այս անգամ միջոցառումն իրենց մասնակցությամբ գեղեցկացրին «Գեղարդ»  երգեցիկ խումբը, «Կարին» ավանդական երգի-պարի համույթը, ժողովրդական երգիչ Արսեն Գրիգորյանը (Մրո) և ԱՀԹ խուլերի համայնքը, որոնք իրենց ելույթներով բարձրացրին բոլորի տրամադրությունը:

Բարեգործությունը քրիստոնեական առաքինություն է, Աստծուն մերձենալու ճանապարհներից մեկը, որն արդեն երրորդ անգամ «Նվիրիր հույս» ծրագրի միջոցով իրականացնում են հավատացյալները և այս ամենն արվում է Աստծո փառքի համար:

 

Հռիփսիմե Գալստյան

Դիտվել է 7928
2015.11.23
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.