Ընթերցանություն
Գլխավոր>Երիտասարդաց Միություն >Ինտելեկտուալ փառատոն> Անակնկալ նվեր Սբ. Երրորդության տասնամյակին. Ինտելեկտուալ փառատոնն, ինչպես միշտ, ոգևորիչ էր

Անակնկալ նվեր Սբ. Երրորդության տասնամյակին. Ինտելեկտուալ փառատոնն, ինչպես միշտ, ոգևորիչ էր

Հոգևոր գիտելիքների հարստացման, նոր ընկերների ձեռքբերման, ընդհանուր գիտելիքների զարգացման փնտրտուքով Սուրբ Երրորդություն եկեղեցու հարկի ներքո ԱՀԹ-ի շուրջ 16 եկեղեցիների Երիտասարդաց միության անդամների միջև տեղի ունեցավ Ինտելեկտուալ փառատոն:     

ԱՀԹ-ի Երիտասարդաց միությունների և «Խորան Արդ» ինտելեկտուալ ակումբ ՀԿ-ի նախաձեռնած  Խաղ-մրցույթի այս խաղը նվիրված էր Սուրբ Երրորդություն եկեղեցու տասնամյակին:

«Տերունական աղոթք»-ով խաղը սկսելուց հետո, Սբ. Երրորդության հարկից ներս երտասարդներին ողջունեց եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանը՝ փոխանցելով Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդ  բարձրաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս  Կճոյանի  հայրական  օրհնությունը, ում  հովանավորության ներքո շուրջ ութ տարի է՝ խաղն անցկացվում է երիտասարդների միջև. «Մենք բոլորս եկել ենք այստեղ ոչ թե հաղթելու կամ պարտվելու, որովհետև բոլորս արդեն իսկ հաղթանակած ենք Քրիստոսով, այլ որպեսզի օրն անցկացնենք միասին, ծանոթանանք մեկս մյուսիս և հաստատուն լինենք մեր առաքինության մեջ»:

Խաղի կանոներն, ինչպես միշտ նույն էին, սակայն ավելացել էին երեք նոր խմբեր՝ Մասիսի Սբ. Թադևոս եկեղեցու «Գեղարդ», Նոր Նորքի առաջին զանգվածի Սբ. Աստվածածին եկեղեցու «Նշան» և Արտաշատի  Սբ. Հովհաննես եկեղեցու «Արտաշատ» թիմերը, որոնք այսուհետ նույնպես խաղի մասնակիցն են լինելու:
Խաղն ինչպես միշտ շատ բուռն էր ընթանում. մասնակից թիմերը չէին զիջում միմյանց, սակայն, ինչպես բոլոր խաղերում, այս խաղում ևս պետք է հաղթողներ լինեին, բայց անգամ այս պարագայում մասնակիցները չէին վհատվում, որովհետև լավ էին գիտակցում խաղավարի խոսքերը. «Կարևոր չէ լինել ավելի լավ, քան մյուսները, հարկավոր է լինել ավելի լավ, քան երեկ»:
Ալեքսանը, ով խաղին նոր միացած «Նշան» թիմից էր, առաջին անգամ էր մասնակցում խաղին և շատ ոգևորված էր.
«Խաղն ինձ շատ դուր եկավ: Այս խաղերը կարևոր են յուրաքանչյուրիս համար իբրև քրիստոնյա, քանի որ խաղի շնորհիվ մենք հոգևոր շատ գիտելիքներ ենք ստանում, որն անհրաժեշտ է լինելու ողջ կյանքի ընթացքում»:
Իսկ խաղավար Սեյրան Մարտիրոսյանը, ով արդեն ութ տարի է՝ վարում է այս ինտելեկտուալ խաղը, գտնում է, որ  ինտելեկտուալ խաղը ոչ ֆորմալ կրթության լավագույն տարբերակներից մեկն է. «Սա ուսուցման լավագույն ձևն է, երբ գիտելիքն իսկապես մնում է քո հիշողության մեջ, դառնում է համոզմունք և լայանացնում մտահորիզոնը: Այս խաղում սովորական մարդիկ չկան, որովհետև յուրաքանչյուրը սկսում է աշխատել  թիմի ներսում, դառնում այդ թիմի մաս՝ որոշակի պահերին  լինելով ամենակարևորը, այդ բոլորի համար խաղը սիրում  եմ, և մենք ձգտում ենք, որ դա օգտակար զբաղմունք լինի, մեծերի, ուսանողների, որոշակի խմբերի համար»:

Ակտիվ մրցակցությունից հետո ի վերջո պարզ դարձան խաղի հաղթող թիմերը.
Մրցանակային եռյակը բացեց «Տաթև» թիմը,  երկրոդ մրցանակային տեղում «Գանձասար» թիմն էր, իսկ խաղի հաղթողը, կարծես Աստծո նախախնամությամբ, Սբ. Երրորդություն եկեղեցու տասնամյակին նվեր եղավ եկեղեցուն. Խաղը հաղթեց  Սբ. Երրորդության «Սկիզբ» թիմը. «Ոգևորությունս շատ մեծ է: Խաղին առաջին անգամ չէ, որ մասնակցւմ եմ , բայց այս անգամ ցանկությունս շատ մեծ էր հաղթելու, որովհետև խաղը մեր եկեղեցու տասնամյակին էր նվիրված»,- խաղի ավարտին նշեց Սբ. Երրորդություն եկեղեցու Երիտասարդաց միության ատենապետ և «Սկիզբ» խմբի մասնակից Ալինա Շկոյանը:

 

Հռիփսիմե Գալստյան

Դիտվել է 688
2015.12.07
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.