Ընթերցանություն
Գլխավոր>Սբ. Երրորդություն եկեղեցի> ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՍՈՒՐԲ ԵՐՐՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՏԱՍՆԱՄՅԱԿԻՆ ԵՎ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ՀՈԳԵՎՈՐ ՍՊԱՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՍՈՒՐԲ ԵՐՐՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՏԱՍՆԱՄՅԱԿԻՆ ԵՎ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ՀՈԳԵՎՈՐ ՍՊԱՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ

2015 թ-ի դեկտեմբերի 12-ը հիշարժան ու ոգևորությամբ լի անցավ Սուրբ Երրորդություն Եկեղեցու հարկից ներս: Հոգևորականների, բարձրաստիճան զինվորականների,  զինվորների և բազմաթիվ հյուրերի մասնակցությամբ նշվեց Սբ. Երրորդություն Եկեղեցու տասնամյակին և հինգերորդ Բանակային Զորամիավորման հոգևոր սպասավորության ծառայությանը նվիրված միջոցառումը:

Միջոցառման սկզբում Սբ. Երրորդություն Եկեղեցու հոգևոր հովիվ՝ Տեր Զենոն քահանա Բարսեղյանը, ներկաներին փոխանցեց ԱՀԹ-ի Առաջնորդական Փոխանորդ Բարձրաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հայրական օրհնությունը  և իր խոսքում նշեց  որ Հայ  Առաքելական Սուրբ Եկեղեցին մշտապես զինվորի կողքին է, ինչի վառ ապացույցներից մեկը «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագիրն է, որից հետո Սբ. Երրորդության երգչախմբի կատարմամբ, «Տերունական աղոթք»-ով սկսվեց տոնական միջոցառումը:

Միջոցառմանը օրհնության խոսքով հանդես եկավ  5-րդ Բանակային Զորամիավորման հոգևոր պատասխանատու՝ Տեր Ենովք քահանա Եսայանը, ով ներկաներին բերեց ՀՀ ԶՈՒ Հոգևոր Առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հայրական օրհնությունը և իր խոսքում շեշտեց, որ Եկեղեցին ու բանակը հայ իրականության մեջ այն կառույցներն են, որոնք հանդիսանում են հոգևոր և ֆիզիկական կայունության երաշխիքները, և այս երկու կառույցների համագործակցությունը կենսական նշանակություն ունի:

Մեծ էր ոգևորությունը թե՛ միջոցառման մասնակիցների, թե՛  ներկա հյուրերի մոտ: Բազմամարդ դահլիճը կարծես մի մարդ էր դարձել և շնչում ու արտաշնչում էր հայկականը, չէ որ իր սիրելի զինվորների ու երեխաների կողմից լսում ու դիտում էր հայկական երգն ու պարը:

Օրն իրենց հրաշալի կատարումներով գեղեցկացնում էին  5-րդ Բանակային Զորամիավորման համահավաք զինվորական նվագախումը, ԱՀԹ Սբ. Երրորդություն եկեղեցու երգչախումբն ու  «Զվարթունքներ» պարի խմբակի սաները,  «Կայթ»  ավանդական երգի-պարի համույթը, կրտսեր հրամանատարներ և շարքային զինծառաողներ: Շուրջ երկու ժամ տևած միջոցառման ավարտին հինգերորդ Բանակային Զորամիավորման անձնակազմի հետ աշխատանքների գծով տեղակալ գնդապետ Ավետյանը ընթերցեց գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի պարգևատրման հրամանը, ըստ որի պարգևատրվեցին՝ Տեր Ենովք քահանա  Եսայանը, Տեր Զենոն քահանա Բարսեղյանը, Վոլոդյա սարկավագ Նաջարյանը, Մխիթար սարկավագ Կարապետյանը և Ժորա սարկավագ Սարգսյանը: Իր հերթին Տեր Ենովք քահանա Եսայանը ընթերցեց և հանձնեց ՀՀ. Զինված Ուժերի  Հոգևոր Առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի կողմից տրված «Օրհնության գրերը»՝ փոխգնդապետ Էդիկ Խաչատրյանին և փոխգնդապետ Արթուր Մուսայելյանին:
 
Իսկ ահա միջոցառման վերջում.
Պարեց Սասունն, ու ողջ աշխարհը հիացավ,
Պարեց Սասունն, ու ողջ աշխարհը հասկացավ,
Որ պար չէ սա, այլ մի երկրի քաջ պատմություն…
Գևորգ Էմինի տողերով և հայկական Յարխուշտայով միջոցառման մասնակիցները հրաժեշտ տվեցին ներկաներին:


                                                                                                                 

Հռիփսիմե Գալստյան
 

Դիտվել է 484
2015.12.14
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.