Ընթերցանություն

Շնորհավոր Ամանո~ր….

Քրիստոնեական առումով Ամանորը հաշվետվության յուրօրինակ մի օր է յուրաքանչյուր մարդու համար: Օր, երբ ամփոփվում են տարվա ընթացքում կատարված գործերը.  սակայն այդ ամփոփումը կայանում է ոչ թե ճոխ-ճոխ սեղաններով, այլ  սրտի, հոգու ու մտքի մաքրությամբ, ոչ թե թանկարժեք ձևավորումներով, այլ  հանգիստ ու մաքուր խղճով: Այդ ամփոփումն իր մեջ ներառում է ողջ տարվա ընթացքում ապրված ձևի, արված գործերի ամփոփում և գիտակցում, որ ամեն լավ բան արվում է Քրիստոսի փառքի համար: Այդ պատճառով հոգևորականներն հաճախ  հորդորում են Ամանորը դիմավորել եկեղեցում, խորհել հոգևոր վիճակի մասին և ստանալ Աստծո օրհնությունը: 
Պետք է նշել նաև, որ հունվարի 1-ը` ընկնելով Սուրբ  Ծննդյան տոնի շաբաթվա մեջ, պահոց օր է. սա նշանակում է, որ ամանորյա ուտելիքները պետք է բաղկացած լինեն հիմնականում պահքի ընթացքում թույլատրելի ուտեստներից, թեև այժմ շատերն անտեսում են այս հանգամանքը:
Ինչպես նաև տեղեկացնենք, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հաստատած կարգի համաձայն Ամանորի գիշերը Գոհաբանական մաղթանքի ավարտին բոլոր եկեղեցիներում կատարվում է նռնօրհնեքի արարողություն և դուք նույնպես կարող եք դրա մասնակիցը լինել: Հայկական իրականության մեջ նուռն` իբրև ազգային խորհրդանիշ, կրում է կյանքի, ծաղկունքի և առատության իմաստը, իսկ քրիստոնեական խորհրդաբանության մեջ նուռը Հիսուս Քրիստոսի խոհրդապատկերն է, ինչպես նաև խորհրդանշում է Փրկչի հարությունն ու Աստծո շնորհների բազմությունը:

Տարին արդեն ավարտվում է, սակայն այս ավարտը նորի սկիզբն է լինելու և Սուրբ Երրորդության ծխական  խորհուրդը, տիկնաց և երիտասարդաց միությունները մաղթում են, որ այդ սկիզբը լինի ավելի հավատով, Քրիստոսով լեցուն սկիզբ ու շարունակություն: Թող այս նոր տարում սերն ու խնդությունը, հավատն ու բարությունն անսահման լինեն, թող անհավատները դարձի գան, ապաշխարհողները` ներում գտնեն, խնդրողները` ստանան,  ի վերջո, թող Տիրոջը փառավորողներն ու նրա խոսքով առաջնորդվողներն ամենուր լինեն:

 

Շնորհավոր Ամանո~ր….
         
                        Սբ. Երրորդություն եկեղեցու Ծխական  խորհուրդ,  Տիկնաց և Երիտասարդաց միություններ

Դիտվել է 517
2015.12.31
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.