Ընթերցանություն
Գլխավոր>Քարոզներ>Թեմատիկ քարոզներ> Պահքը միջոց է ինքնաճանաչողության

Պահքը միջոց է ինքնաճանաչողության

Պահքը նախ և առաջ հաստատվեց Աստծո արարչագործության հենց սկզբից: Երբ որ Աստված պատվիրեց Ադամին և Եվային պատվիրանազանց  չլինելու և չուտելու այն ծառի պտղից, որով մեղքը պետք է մուտք գործեր աշխարհ, որով պետք է ճանաչեին բարին և չարը, որով Ադամի համար աշխատանքը պետք է համարվեր պատիժ` օրհնության փոխարեն, որով Եվայի համար զավակ ծնելը պետք է համարվեր պատիժ և ցավագին` օրհնության փոխարեն, որով օձի համար սողալը, որի մեջ կար ինքը, պետք է համարվեր պատիժ` օրհնության փոխարեն: Ահա Աստված տվեց պատվիրան, որին հնազանդ չեղան նախահայրն ու նախամայրը: Այսօր մենք ենք մերօրյա «ադամներն ու եվաները» և մեզ նույնպես տրված է Աստծու երանելի ներկայության մեջ ապրելու հնարավորություն` հավատարիմ մնալու պատվիրանի գործադրման պայմանով: Բայց մենք նույնպես, ինչպես Ադամն ու Եվան, ամեն անգամ հավատարմության ուխտը դրժում ենք այս կամ այն սնոտի արժեքներին ծառայելով, այս կամ այն մեղքի պտղին գերի դառնալով: Այդ իսկ պատճառով Աստված մեզ ևս հրահանգում է հավատարմության պահք պահելու պատվիրանը:  Պահքը միջոց է, մեր ակունքին վերադառնալու, մեր մանկական անմեղությանը վերադառնալու և միայն փրկության արժանի պտուղներ ճաշակելուն: Երկրավոր մեր կյանքում մեզ համար կա երկու ծառից ճաշակելու հնարավորություն. մեկը` կյանքի ծառն է, մյուսը չարի և բարու գիտության ծառը: Կյանքի ծառը Աստծու դրական պատվիրանների գործադրումն է. «Պիտի սիրես քո Տէր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ մտքով։ Այս է մեծը եւ առաջին պատուիրանը. եւ երկրորդը սրա նման է. պիտի սիրես քո ընկերոջը, ինչպէս քո անձը» (Մատթ 22: 37-40): «Պատուի՛ր քո հօրն ու քո մօրը, որպէսզի բարիք գտնես» (Ելք 20:12) և այլն: Իսկ ժխտական պատվիրանները բոլոր մի տերմինով պատվիրաններն են, որով Աստված պատվիրում է մեզ չգործադրելու դրանք: «Մի՛ սպանիր։ Մի՛ շնացիր։ Մի՛ գողացիր։ Քո հարեւանի դէմ սուտ վկայութիւն մի՛ տուր»: (Ելք 20:13-17):

Պահքը միջոց է ապաշխարության և կատարյալ զղջման միջոցով արժանի դառնալու Աստծուն վերստին ընդունելու մեր մեջ` ստանալու Սուրբ Հաղորդություն: Ինչպես Ադամն ու Եվան զրկվեցին Աստծու մշտական ներկայությունից և արտաքսվեցին դրախտային կյանքից, նույնպես և մեր առջև Մեծ Պահքի շրջանին փակվել է «դրախտի դռները»` Եկեղեցիների վարագույրները: Աստված մեզանից չի պահանջում կեղծավոր պահեցողություն ի ցույց մարդկանց:  Այլ պատասխանում է մեզ Եսայի մարգարեի բերանով բոլորիս ասելով. «Արդ, ձեր ծոմապահության օրերին ձեր ցանկություններն էք կատարում և կսկիծ պատճառում բոլոր նրանց, ովքեր ենթակա են ձեզ։ Հակառակության և կռիվների մեջ էք պահում և բռնցքահարում տկարին։ Իսկ իմ ինչի՞ն է պետք այդպիսի ծոմապահության օրը. դուք պիտի գաք բողոքեք ինձ, և ես չպիտի լսեմ ձեզ։ Այդպիսի ծոմապահությունը չէ, որ ես ընտրեցի, և ոչ էլ այնպիսի օրը, երբ մարդ իր անձն է տանջում։ Եթե պարանոցդ կորացնես օղակի նման ու տակդ քուրձ ու մոխիր տարածես, այդ էլ, սակայն, չեմ համարի ծոմ և ընդունելի օր. այդպիսի ծոմապահությունը չէ, որ ես ընտրեցի, -ասում է Տէրը։

- Քանդի՛ր անիրավության հանգույցը, խորտակի՛ր քո վաճառականական խարդախությունն ու բռնությունը, ների՛ր ու արձակի՛ր նեղյալներին և պատռի՛ր բոլոր անիրավ մուրհակները։ Քաղցածների՛ն բաժանիր քո հացը և անօթևան աղքատների՛ն տար քո տունը. եթե մերկ մարդ տեսնես՝ հագցրո՛ւ նրան, բայց քո ընտանիքի զավակին մի՛ անտեսիր։ Այն ժամանակ այգաբացի պես պիտի ծավալուի քո լույսը, և արագորեն պիտի հասնի քո ապաքինումը, քո առջևից պիտի ընթանա քո արդարությունը, և Աստծու փառքը պիտի պահպանի քեզ։ Այն ժամանակ պիտի կանչես, և Աստված պիտի լսի քեզ. Մինչև դու խոսես, նա պիտի ասի, թե՝ «Ահա հասել եմ» (Եսայի 58:3-10):

Տ. Զենոն քհն. Բարսեղյան

Դիտվել է 470
2016.02.19
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.