Ընթերցանություն
Գլխավոր>Քարոզներ>Թեմատիկ քարոզներ> ՍՐԲԱԶԱՆ ՊԱՐՏԱՃԱՆԱՉՈՒՅՈՒՆԸ

ՍՐԲԱԶԱՆ ՊԱՐՏԱՃԱՆԱՉՈՒՅՈՒՆԸ

«Ծառայք անպիտանք եմք, զոր պարտեաքն առնել արարաք»(Ղուկ. 17:11)

Ինչպիսի դառն հեգնությամբ են հնչում այս բառերը մի աշխարհում, ուր ոչ ոք ծառա, այլ ամենքը տեր են կամենում լինել, և սակայն  միշտ ծառա մնում: Մեր առաջն է սուրբ Ավետարանի այն պատգամներից մէկը, որոնց վրա առհասարակ շատ քիչ են ուշադրություն դարձրել և որոնց իսկական իմաստը սակավ քրիստոնյաների համար լուրջ խորհրդածության առարկա է եղել:  Այսօր ամենքը քրիստոնեական սիրո, ողորմածության, անհիշաչարության մասին խոսում են, և համոզված են, որ լավ բաներ են դրանք. թեպետ իրական կյանքում այդ սկզբունքներն անգործադրելի են համարվում, բայց գոնե իբրև գաղափար կան և արտաքուստ շուք են տալիս կրթված մարդկանց փոխադարձ հարաբերություններին: Իսկ թե՞ Ավետարանը յուրաքանչյուր անձի վրա առանձնապես անկախ արտաքին հարաբերությունից, սրբազան և մեծ պարտականություններ է դնում, պարտականություն է դնում գործել ամբողջ կյանքում, անընդհատ, առանց մի ժամ իրենը համարելու, հանգստության իրավունք ունենալու գործել ինչպես մի ծառա, որ միայն իր տիրոջ հրամաններն է կատարում առանց ակնկալության, առանց կշռելու իր աշխատության արդյունքը և վարձ սպասելու, ոգևորված միայն այն սուրբ զգացմունքով, թե երբ վերջին ժամը կգա, կկարողանա ասել անպիտան ծառա էի, պարտքս կատարեցի, ոչինչի հատուցման արժանի չեմ եղել և չեմ ձգտում, ուրախ եմ, եթե միայն կարողացա կատարել ինչ որ պարտավոր էի.  այդ արդեն մեծամասնության համար անշուշտ նոր և բոլորովին անմատչելի սկզբունք է:  Շատերը պնդել են ընդհակառակը, թե քրիստոնեությունը նրանով է միայն մարդկանց բարեգործության դրդում, որ ամեն մի արածի համար առատ վարձ է խոստանում, և ոչ ոք նրանցից չի կամեցել լրջորեն կշռադատել, թե ի՞նչու է խոստացված վարձը արքայություն, մի բան, որ ոչ ուտել, ոչ խմել, ո չ հագնել կարելի է, որ ոչ մեկը չէ մարդկային ցանկության առարկաներից և որ ձեռք բերելու համար պահանջվում է նույնիսկ զոհել բոլոր այդ ցանկալի առարկաները:  Այո, Ավետարանը սովորեցնում է, և յուրաքանչյուր քրիստոնյա համոզված պետք է լինի թե ո չ մի բարի և արդար գործ առանց վարձատրության չի մնա, բայց նրան գրավողն ու բավականություն տվողը ոչ թե այն վարձն է, որ իրեն պետք է լիացնի, այլ այն գաղափարը, որ պետք է հաղթանակի: Ինչպես հրճվում է մի հասարակ գյուղացի հայրենիքի հաղթանակի լուրն առնելով, թեև այդ հաղթանակը իրեն անձնապես ոչինչ օգուտ չի բերել, այլ գուցե խլել է իր սիրեցյալ զավակին, ավերել է իր տունը, ոտքի տակ տվել իր արտն ու անդաստանը այդպես հրճվում և ցնծում է նաեւ Երկնքի արքայության մշակը, երբ արդարադատ հզոր Թագավորի որոտալն է լսում վերևից, և զգում է, որ չնայած արտաքին բոլոր խաբուսիկ երևույթներին սրբազան արդարության մի նոր հաղթանակ կանգնեց  իր երկնավոր հայրենիքի փառքն ավելացավ. զգում է, որ ինքը ևս, իր կոչման ամենանեղ շրջանակի մեջ գոնե, ամենանվազ չափով գործակից է այդ հաղթանակին եւ ամենալայն չափով մասնակից այդ ուրախությանը: Անմահական վարձ, Երկնքի արքայություն ու երանություն է նրա համար նույնիսկ այն զգացումը, որ նա իր պարտքը կատարում է, կատարում է Երկնավոր Տիրոջ կողմից դրված պարտքը, և ոչ մի վարձ չի սպասում երկրի իշխաններից եւ մեծատուններից:

Սակայն որչափ պակաս է այդպիսի սուրբ պարտաճանաչության զգացումն աշխարհում: Մի ընտանիքի հայր, որ մանկությունից ի վեր անդադար աշխատել է, կատարել է սրբությամբ իր որդիական պարտքը դեպի իր ծնողները, իր հայրական պարտքը դեպի իր կինն ու որդիները, աշխարհային զվարճությունների ետևից չի ընկել, կտրել է իր բերնից, դուրսը ամեն զրկանքներ տարել է միայն թե ներսը յուրայինների վիճակն ապահովվի. մի խեղճ այրի կին, որ երիտասարդ հասակում զրկվել է պաշտպան ամուսնուց կրծքին կպցրած սնուցել, սեփական մատների աշխատանքով զավակ է պահել, չարքաշ կյանք վարելով, ոչ մի հրապույրից չգայթակղվելով իր ծնողական պարտականությանը հավատարիմ է մնացել, կոպիտ աշխարհի դեմ շարունակ կռվելով կրթել դաստիարակել է իր մինուճարին ու մարդ դարձրել, տիպեր են, որոնց հասկանալ աշխարհը դեռ կարող է, թեև  հաճախ բախտի բերմամբ հարստացած մի դատարկապորտի ավելի է գնահատում, աններելի միջոցներով փառք ու պատվի հասած մի սրիկայի առաջ ավելի է խոնարհում: Սեփական շահը շատ տարբեր չէ մերձավոր արյունակիցների շահից, և որ մեկը նվիրի իր անձը յուրայինների օգտին այդ բնական բան է համարվում: Բայց թե գործել կարելի է առանց որեէ  շահ ի նկատի ունենալու, թե կգտնվեն հասարակական գործիչներ, քրիստոնյա մարդիկ, որոնք ծառայում են հասարակության օգտին, ծառայում են երկնավոր Տիրոջը, ոչ թե նրա համար, որ կամենում են աշխարհը տեսնի ու փառաբանի, որ հատուցումն են սպասում այս կամ հանդերձյալ կյանքում, այլ որ իրենց ճանաչած պարտքի, վսեմ գաղափարի անհրաժեշտ պահանջն է այդ ահա այստեղ է, որ սովորական մարդն իրեն ուղիղ հաշիվ տալ չէ կարող. նրան թվում է միշտ, թե դիմացինը կամ հիմարի մեկն է ու սեփական օգուտը չի հասկանում, կամ որևէ խարդախություն ունի մտքում, որ արտաքին փայլով ծածկել է կամենում ուրիշների աչքից:

Ի՞ նչ կլիներ, եթե ամենքը կարողանային ըմբռնել այն երանական զգացումը, որ գաղափարի մարդը քրիստոնյան, ունենում է, երբ գիտի, թե մի լավ բան է արել աշխարհի աչքից ծածուկ, աշխարհի համար աննշան, բայց իրոք գնահատելի, գեղեցիկ բան, այնպես որ պարզերես դեպի վեր նայել և անպիտան ծառա եմ, պարտքս կատարեցի, ասել պետք է համարձակվի: Եվ ի՞ նչ կլիներ աշխարհը. եթե նրա մեջ այդպիսի գաղափարի մարդիկ չգտնվեին եթե չգտնվեին քրիստոնյաներ, որոնք իրենց Երկնավոր Վարդապետի նման պատրաստ լինեին իրենց անձը եղբայրների համար դնելու, ամեն բանից առաջ Երկնքի արքայությունը խնդրելու, Երկնքի արքայության գործն առաջ տանելու համոզված լինելով, որ մնացածը ինքն իրեն կգա: Շահախնդիր, անձնասեր մարդկության մեջ այդպիսիները անհաշտ տարրերին իրար հետ կապող օղակներ են, սառն անջրպետները լցնող ջերմություն. նրանց ներկայությունը հաճախ զգալի չէ, բայց շատ զգալի է բացակայությունը, նրանց հավատն է, նրանց անկեղծ ոգևորությունը, որ սարերը շարժում է, անդունդները ծածկում և գաղափարական վսեմ կյանքի հոսանքը առաջ տանում:

 

ԿԱՐԱՊԵՏ ՎԱՐԴԱՊԵՏ ՏԷՐ-ՄԿՐՏ ՉՅԱՆ

Դիտվել է 357
2016.03.12
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.