Ընթերցանություն
Գլխավոր>Երիտասարդաց Միություն >Միջոցառումներ> Ո՛վ, Անարատ Մայր, աղոթի՛ր մեզ համար

Ո՛վ, Անարատ Մայր, աղոթի՛ր մեզ համար

Ո՛վ Մարիամ, Մայրգիտենք, որ Դու ամբողջությամբ ազատ ես մեղքից և դա մեծապես մխիթարում է մեզ: Գիտենք, որ չարը ոչ մի իշխանություն չունի Քեզ վրա և լցվում ենք հույսով ու զորությամբ մեր ամենօրյա պայքարում՝ ընդդեմ չարի սպառնալիքների: Բայց մենք միայնակ չենք այս պայքարում, մենք որբեր չենք, որովհետև Հիսուս, խաչի վրա մեռնելուց առաջ, Քեզ տվեց մեզ՝ որպես Մայր: Մենք աղոթում ենք և խնդրում մայրական պաշտպանությունդ, թող Աստուծո սիրո ուժը, որ Քեզ մաքուր պահեց նախնական մեղքից, Քո բարեխոսությամբ ամբողջ մարդկությանն ազատի հոգեկան և նյութական բոլոր տեսակի ստրկություններից, թող որ շնորհը հաղթի մեր մեջ հպարտությանը, և մենք դառնանք եղբայրասեր, սովորեցրու՛ խոնարհեցնել ինքներս մեզ, նվիրվել, լսել, լռել, դուրս գալ ինքնակենտրոնացումից, բաց լինել Աստծո գեղեցկության առջև, որն աղբյուրն է ճշմարիտ ուրախության: Ո՛վ, Անարատ Մայր, աղոթի՛ր մեզ համար»:

Սուրբ Երրորդություն եկեղեցում  Տեր Ղուկաս քահանա Բալայանի գլխավորությամբ  Տերունական աղոթքով և Աստվածածնին նվիրված այս տողերով սկսվեց   Երիտասարդաց  միության կողմից կազմակերպված  «Ո՛վ, Անարատ Մայր, աղոթի՛ր մեզ համար» խորագիրը կրող Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնին նվիրված միջոցառումը:

Երիտասարդները ներկայացրին տոնի խորհուրդը, թե ինչպես «Վեցերորդ ամսին Գաբրիել հրեշտակը Աստծու կողմից ուղարկվեց Գալիլիայի մի քաղաք, որի անունը Նազարեթ էր, մի կույսի մոտ, որ նշանված էր Հովսեփ անունով մի մարդու հետ՝ Դավթի տնից: Եվ այդ կույսի անունը Մարիամ էր: Եվ հրեշտակը, գալով նրա մոտ, ասաց. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է... Մի՛ վախեցի՛ր, Մարիա՛մ, որովհետև Աստծուց դու շնորհ գտար: Եվ ահա՛ դու կհղիանաս և կծնես մի որդի և նրա անունը Հիսուս կդնես: Նա մեծ կլինի և Բարձրյալի որդի կկոչվի: Ու նրա թագավորությունը վախճան չի ունենա»: (Ղուկ. Ա 26:33): Եվ թեպետ Մարիամի համար  հրեշտակների ավետիսն անակնկալ էր, որովհետև ինքը դեռ տղամարդ չէր ճանաչել, սակայն իրողությունն իմանալով` ասաց. «Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը»:      Աստվածածնի Ավետման տոնի մեկնաբանությամբ և բազմաթիվ բանաստեղծություններով ու երգերով` երիտասարդներն անմոռանալի օր նվիրեցին ներկա բոլոր մայրերին` խնդրելով Աստվածածնի բարեխոսությունը, որպեսզի Աստված Իր Ամենակարող Աջի հովանու ներքո պահի բոլոր մայրերին և զավակներին:
Եվ, ինչպես Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանը միջոցառման ավարտին նշեց. «Թեպետ տոնական օրերն արդեն անցել են, սակայն մայրերին մեծարելն ու նրանց համար աղոթելը երբևէ օրով կամ ժամով չի պայմանավորվում: Թո՛ղ աստվածային օրհնությունը հարատև լինի բոլոր մայրերի կյանքում»:

                                                                                                            

Հռիփսիմե Գալստյան

Դիտվել է 252
2016.04.27
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.