Ընթերցանություն
Գլխավոր> Ընդունելի և ոչ ընդունելի աղոթքներ

Ընդունելի և ոչ ընդունելի աղոթքներ

Որքա~ն կարևոր է մեծ պատկառանքով կանգնել ահավոր ու մեծ Դատավորի առջև. Սաստիկ սարսափով ու սոսկալի դողությամբ մտնել, կանգնել Աստծու առջև և ցավագին ողբերով ու հորդահոս արտասուքներով աղաչել ու թողություն խնդրել:
Շատերը աղոթքներով մեծ բարիքներ ընդունեցին և հաճելի եղան Աստծուն, գտան մեղքերի թողություն և հոգիների փրկություն, մանավանդ նրանք, ովքեր արտասուքներով և տնանկների հանդեպ գթով աղոթեցին: Այսպիսիները ոչ միայն մեղքերի թողություն են գտնում, այլև և' մարմնի համար անհրաժեշտն են ստանում, և' երկնային բարիքները: Քանզի աղոթականի աղոթքները ձեռք են, որոնք բռնում են Աստծու ոտքերից և իսկույն խոնարհեցնում են նրան դեպի խնդրողի աղաչանքները, որովհետև Աստված հույժ կամենում և  ախորժում է աղաչողի խնդրանքը. <<Խնդրեցեք և կտրվի ձեզ, հայցեք և կգտնեք>> (Մատթ. Է, 7. Ղուկ. ԺԱ 9):
 Եվ արդ, հարկ է, որ բոլոր նրանք, ովքեր ծանրացած են մեղքերով և նեղված են վշտերից, վտանգված են թշնամիներից և չարչարվում են ցավերից, միշտ աղաչեն ու խնդրեն անդադար աղոթքներով ու պաղատանքներով: Քանզի նրանք, ովքեր պարզ մտքով և աննենգ հավատով աղոթում են Աստծուն և բարին են խնդրում, ստանում են այն ամենը, ինչ խնդրում են, ինչպես որ ստացան մեր առաջին հայրերը:
            Աղոթողին բազում խոսքեր պետք չեն. Մաքսավորը մեկ խոսք արձակեց, նրա աղոթքը ընդունելի եղավ, և նա թեթևացրեց իր մեղքերի ծանր բեռները (Ղուկ. ԺԸ): Մովսեսն անշշունջ բերանով աղաղակեց, և ծովը մինչև հատակը բաժանվեց (Եզք ԺԴ 21): Եվ դու, եթե ամբողջ սրտով խնդրես, ոչ  միայն կցամքեցնես մեղքերի ծովը, այլ նաև կդադարեցնես բարկության ալիքները: Քանզի Աստծու` աղոթքները չընդունելու պատճառն  այն է, որ շատ չես խնդրու, ամբողջ սրտով չես աղաչում, կամ էլ քեզ համար վնասակարագույն բան ես խնդրում: Իսկ եթե անդադար աղոթքներով հոգու համար օգտակարը խնդրեք, անհնարին է Աստծուց այն չստանալը:
  Միայն ամբողջ սրտով աղոթի’ր Աստծուն և կազատվես սատանայի որոգայթներից, կփրկվես չարաժանիք վիշապից և ողջանդամ  կազատվես թունավոր վիշապից: Երբ  անբիծ հավատով, ամբողջ սրտով աղոթես Աստծուն, կընդունես մեղքերի թողություն և հանցանքների քավություն, կընդունես երկնքի արքայությունն ու անբավ բարիքները, կընդունես  մարմնի առողջություն և հոգու փրկություն, կընդունես բարի օրեր և խաղաղ կյանք` ազատ բոլոր զրպարտողներից:
Սատանան մոտենում է նրան, ով կամենում է աղոթել, և նախ մահճում է պատերազմում նրա հետ` անկողնու մեջ մնալը հաճելի դարձնելով, քունը քաղցրացնելով, մարմինը ծանրացնելով` այս ու այն կողմ շրջել, հորանջել է տալիս:  Մի կերպ վեր կենալով` ալարելով գնում է եկեղեցի և ներս մտնելով կանգնում է Աստծու հանդիման: Սատանան այնտեղ էլ է ծածկում նրա միտքը, որպեսզի չհիշի իր հանցանքների բազմությունը, և չիմանա, թե Աստծու առջև է գտնվում. և նա ո’չ օրհնություն է լսում, ո’չ փառաբանություններ է հասկանում, ո’չ էլ ընթերցվածքների վարդապետություններն են մտնում նրա սիրտը:
   Եթե մշտապես հիշես այս ամենը, կարո’ղ ես փրկվել սատանայի որոգայթներից, կարո’ղ ես երկյուղով լինել Աստծու  առջև, կարո’ղ ես սուրբ աղոթքներ մատուցել, կարո’ղ ես քաղցրացնել նաև Դատավորի հայցաքը, ժառանգել լուսեղեն խորանները, փափագելի դրախտի փրկությունը, ցանկալի անմահ կյանքըբ  և անվերջանալի բարիքների վայելչությունները Հոր և Որդու և Սուրբ Հոգու հետ. Նրան փառք, պատիվ և գոհություն հավիտյանս հավիտենից. Ամեն: 

 

 Խմաբգրում Հովհան Մանդակունու <<Ճառեր>> գրքից
Խմբագրեց` Հռիփսիմե Գալստյանը

Դիտվել է 212
2017.01.23
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.