Ընթերցանություն
Գլխավոր> Մաքսիմ Ոսկանյանի "Արցախյան վկայություններ" գրքից` Արկադի Տեր Թադևոսյանի մասին

Մաքսիմ Ոսկանյանի "Արցախյան վկայություններ" գրքից` Արկադի Տեր Թադևոսյանի մասին

ԽԱՉ ՊԱՏԵՐԱԶՄԻ
1992 թվականի մայիսի 9-ին ազատագրվեց Շուշի քաղաքը: Եվ այս հաղթանակի մեջ Աստվածային մեկ կարեւոր գործոն փայլատակեց: Այդ Քրիստոսի հաղթանակի՝ Խաչի խորհուրդն է:
Շուշիի գրավումը վաղուց էր նախապատրաստված, սակայն չգիտես ինչու, ծրագիրը չհաջողվեց ո՛չ ապրիլ ամսին եւ ո՛չ էլ մայիսի առաջին օրերին: Եվ միայն հարձակման հաստատ որոշումն ընդունվեց, թե մայիսի 7-ին է կայանալու: Բացի այն բանից, որ 7-ը Աստծո խորհրդակիր թիվն է, հաջորդ Աստվածային խորհուրդը հայ զինվորները իրականացրին: Եվ ահա հարձակումից առաջ, բոլոր զինվորներն անխտիր՝ 2425 հոգի, մոտենում էին հոգեւորականներին եւ խաչ էին խնդրում, որ խաչ կրելով գնան ճակատ: Իհարկե, խաչը ամենքին չբավարարեց: Եվ ովքեր չկարողացան խաչ ձեռք բերել՝ իրենք էին կարմիր կտորից կտրում, ամրացնում իրենց վրա: Եվ խաչի նշան դրեցին թե տանկերի, թե զրահամեքենաների եւ թե այլ զենքերի վրա էլ: Ինչպես Սասունցի Դավթի Խաչ Պատերազմին, հայ մարտիկները խաչ կրելով եւ իրենց զենքերի վրա խաչի նշան դնելով՝ այդպես գնացին ճակատ: Այս ամենքիս հայտնի իրողությունն է։ Սակայն թե ինչպե՞ս եղավ, որ մեր զինվորներն հանկարծ որոշեցին խաչի նշանով ելնել մարտի։ Այս հարցի պատասխանն ստացա զրուցելով քահանայի թոռ, գեներալ մայոր Արկադի Տեր Թադեւոսյանի հետ։ 
-Խաչի նշանը աջ ձեռքի եւ մեջքի վրա կրելու հրամանը ես եմ տվել,- ասաց գեներալը։ Եվ այդ ոչ պատահականորեն։ Արկադին ցույց տվեց հայերեն մի օրացույց՝ 1915 թվականի, վրան գրված էր սեղանի եւ գրպանի օրացույց։ Քայքայված տեղերը խնամքով սոսնձված էին։ Իմ ներս մտնելու պահին էլ գեներալն այս թանկարժեք օրացույցի հերթական պոկված էջերն էր սոսնձում։
- Այս օրացույցը միշտ էլ իմ սեղանին է, ես հիմնականում այս օրացույցով եմ առաջնորդվում, բնականաբար՝ Շուշիի ազատագրման օրերին էլ,- ասաց գեներալը։ 
Այս օրացույցում նշված էր մեր հոգեւոր բոլոր տոները։ Բնականաբար նաեւ խաչի երեւման տոնը, որ ըստ օրացույցի մայիսի 5-ին էր։ 
- Նաեւ խաչի նշանը մեր զինվորներին կտարբերեր ազերի զինվորներից. չէ՞ որ թե մերոնք, թե նրանք խորհրդային բանակի նույն համազգեստներն էին հագել,-ավելացրեց գեներալը։ 
- Մայիսի 5-ին էլ որոշել էինք հարձակվել, սակայն ձյուն եկավ եւ հետաձգեցինք։ Եվ հարձակվեցինք մայիսի 7-ին։
Եվ մայիսի 9-ին տոնվեց փառավոր հաղթանակ, որ ամենքին է հայտնի:
Խաչի խորհրդով հաղթանակը անօրենների դեմ պատերազմներում պատմության մեջ հայտնի է մի շարք վկայություններով: Կոստանդինոս արքան, երբ անօրեններից կրած մի շարք պարտություններից հետո աղոթեց Աստծուն, բացահայտ տեսիլք տեսավ. երկնքում երեւաց խաչի նշանը եւ մի գրություն, թե՝ Սրանո՛վ /Խաչով/ հաղթիր: Եվ իր դրոշակը Խաչը դարձրեց, իսկ բոլոր զինվորները իրենց վահանների վրա խաչը դրվագելով, փոքրաթիվ խմբով հարձակվեցին բարբարոսների մեծաթիվ բանակի վրա եւ հրաշալի հաղթանակ տարան: Ուրիշ մի ներդաշնակություն արդյո՞ք չէր լրացնում այս ամենին՝ Շուշիի հաղթանակի պարագայում: Ինչու՞ օրինակ, միայն մայիսի 7-ին հաջողվեց հարձակվել: Այդ օրը Խաչի խորհրդի հետ ինչ որ տեղ կապ ունի՞: Այս մասին խորհում էր նաեւ Արցախի առաջնորդ Պարգեւ սրբազանը եւ մի քանի օր անդադար աղոթում էր: Եվ Սուրբ Հոգուց մղում ստանալով՝ մի օր աչքն ընկավ «Հայ եկեղեցու տոներ» գիրքը, բացեց մի պատահական էջ, եւ պարզվեց, որ բացել է այն էջը, որտեղ իր հարցի պատասխանն է: ԵՐԵՒՄԱՆ ԽԱՉԻ տոնի մասին էր այդ էջը: Պարզվում է, 357 թվականին, Կյուրեղ Երուսաղեմցու օրոք, Երուսաղեմ քաղաքում, մայիսի 7-ին երկնքում երեւացել է Խաչի նշանը: Եվ այդ օրը, նշանը տեսնելով, հազարավոր հրեաներ եւ հեթանոսներ եկել են, մկրտվել: Մեզ մոտ այս տոնը շարժական տոն է, սակայն բուն Խաչի Երեւումը մայիսի 7-ին է եղել: Այդժամ Առաջնորդը հասկացավ, որ Աստված հետաձգում էր հարձակումը, որ հարձակման օրը համընկնի Խաչի Երեւման տոնի հետ, տոն, որ Սուրբ Հոգու մղմամբ եւ աստվածադիր հրամանով Արկադի Տեր Թադեւոսյանի՝ նշանավորեցին հայ զինվորները՝ ամենքն էլ Խաչ կրելով եւ Աստծո ամենահաղթ այս նշանի զորավոր զորությամբ խիզախելով՝ բերեցին փառավոր հաղթանակի մեզ արդեն հայտնի պտուղը՝ Շուշիի ազատագրումը: Շուշիի ազատագրումը ղեկավարում էր Աստվածապաշտ գեներալը, որ թոռ է քահանայի եւ այնքան սիրվեց մեր ժողովուրդի կողմից, որ նրան Կոմանդոս /Զորությամբ հաղթող հրամանատար/ անվանեցին։ Օրհնյա՛լ է Աստված:

 

Նյութը Մաքսիմ Ոսկանյւանի էջից

Դիտվել է 164
2017.01.30
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.