Ընթերցանություն
Գլխավոր> ՍԻՐՈ ԲԱՆԱՁԵՎԸ

ՍԻՐՈ ԲԱՆԱՁԵՎԸ

Գաղափարական որ տեսանկյունից էլ այս կյանքին նայենք, առանց սիրո, միևնույն է, կյանք չէր լինի, չկա ու չի լինի: Կամ, լավագույն դեպքում, կյանքը կյանքի նման չի լինի: Երևի շատերին է հարցը, այնուամենայնիվ, դեռևս տանջում` «Ի՞նչ է սերը»:  «Սերն Աստծու ճառագայթումն է», - այսպես պատասխանեց  օտարերկրացի լրագրողի՝ «ի՞նչ է սերը» հարցին երջանկահիշատակ Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսը: Մարդու և հանրային կյանքում սիրո տարբեր դրսևորումների դասակարգումը զուտ պայմանական է. սերը մեկն է, այն մարդկային էակի փթթումն է, էակ, որն իր վրա է կրում Աստծու դրոշմը, կնիքը կամ, ինչպես Աստվածաշնչում է ասվում՝ Աստծու պատկերը, որը Սեր է»: Արդարև, սիրո գաղափարը քրիստոնեական վարդապետության կենտրոնական գաղափարներից է, եթե ոչ, իհարկե, ամենակենտրոնականը: Սիրո առաքելությունը, որ առաքինությունների շարքում մեծագույնն է քրիստոնեական բարոյականի հիմնական սկզբունքն է: Սա մի զգացում է մարդու ներսում, որ անհատական շրջանակից դուրս է ելնում և ուղղվում է դեպի ուրիշ էակներ՝ Աստված, մարդիկ… Եվ ամենևին պատահական չէ, որ երբ Հիսուս Քրիստոսին փորձել ցանկացող փարիսեցին հարցրեց, թե ո՛ր պատվիրանն է մեծ, Փրկիչը հնչեցրեց դեռևս Հին Ուխտում վկայաբերված սիրո պատվիրանը՝ «Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով և քո ամբողջ մտքով», և ապա անմիջապես շարունակեց դրա նման երկրորդ պատվիրանով, որը ապացույցն էր առաջինի՝ «Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես քո անձը»: Սերը սահմաններ չի ճանաչում, այն ընդգրկում է ամեն ինչ: Ո՛չ երկնքում, ո՛չ երկրի վրա գոյություն չունի ոչինչ ավելի քաղցր, ավելի ուժեղ, ավելի բարձր, հաճելի և ընդարձակ, չկա ոչինչ ավելի կատարյալ, քան սերն է, որովհետև սերը ծնվել է Աստծուց և կարող է հանգիստ գտնել միայն Աստծո  մեջ: Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս ասում է. «Ավելի մեծ սեր ոչ ոք չունի, քան այն, որ մեկն իր կյանքը տա իր բարեկամների համար» (Հովհ. 15:13): Կարճ ասած` ՍԵՐԸ ԶՈՀԱԲԵՐՈՒՄ Է. սա է սիրո միակ աքսիոմը:  Դժվար է պատկերացնել մի հայրենասեր, ով պատրաստակամ չէ մինչև իսկ իր կյանքը զոհաբերել հանուն հայրենիքի, ընկերասեր, ով պատրաստ չէ հարկ եղած դեպքում կրծքով պաշտպանել ընկերոջը, չեմ հավատա սիրուն այն ծնողի, ով չի ցանկանում ամենաքիչը իր քունը զոհել` մանկան անդորր գիշերը ապահովելու համար: Եվ տարօրինակ կլինի հավատալ հակառակ սեռի անձի սիրուն, եթե նա կամ դու հանուն ձեր սիրո, խաղաղության և ընտանիքի չեք զոհաբերում սեփական եսի կամակորությունը...

Կորնթացիներին ուղղված առաջին նամակում Պողոս առաքյալը գրում է` «ՍԵՐը համբերող է, քաղցրաբարո էՍԵՐը չի նախանձում, չի ամբարտավանանում, չի գոռոզանումանվայել վարմունք չի ունենում, իրենը չի փնտրում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի խորհում, անիրավության վրա չի ուրախանումայլ ուրախանում է ճշմարտության վրաամեն բանի դիմանում է, ամեն բանի հավատում էմշտապես հույս է տածում, ամեն բանի համբերում (Ա Կորնթ. 13:4-7): Արդյո՞ք մեր սերը համապատասխանում է Սուրբ Գրքի այս չափորոշիչներին: Եթե այո, ապա փա՜ռք Տիրոջը, ամուր պահենք մեր երջանկությունը, իսկ եթե` ոչ այնքան, ապա անհրաժեշտ է մի բան փոխել, փոխել զոհելու, զոհաբերելու գնով...  Եվ չմոռանանք ամենակարևորը` իրական «Սերը երբեք չի անհետանում» (Ա Կորնթ. 13:8):

 

Հետևաբար, եկեք սիրենք միմյանց իրական, աստվածային մաքուր և սուրբ սիրով: ՍԻՐԵ՛Ք ԵՎ ԿՍԻՐՎԵՔ:


                                                                                                                                                                                                                                                        Կազմեց՝   Իվետա Ալեքսանյանը
                                                                                                                                                                                                                                                                                

 

 

Դիտվել է 291
2017.02.09
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.