Ընթերցանություն
Գլխավոր> Անառակի կիրակի

Անառակի կիրակի

Պահքն Աստծուն սիրողների համար մեծ շնորհ է ու զարդ, որը սնուցում ու բնակակից է դարձնում սրբերին և մոտեցնում Աստծուն: Ավետարանում պատմվում է, որ Քրիստոս Իր քարոզչությունը սկսելուց առաջ քառասուն օր առանձնացավ անապատում` աղոթքով և ծոմապահությամբ կենալու համար: «Միայն հացով չէ, որ ապրում է մարդ, այլ Աստծո ամեն խոսքով» (Ղուկ. 4:4): Այս ամենից ելնելով` առաքյալները Եկեղեցու զավակների համար պահքը սահմանեցին, իսկ հետագայում` 325 թվականին, Նիկիայի տիեզերական ժողովում հաստատվեցին պահեցողության կանոնները: Եկեղեցին Քրիստոսի օրինակին հետևելով` հաստատեց քառասնորդական պահքը, որը կոչվում է նաև Մեծ Պահք:
    Այս քառասուն օրերում, Քրիստոսին չարչարակից լինելու շրջանում առանձնացնում ենք վեց կիրակիները, Այս կիրակիները կապված են աստվածաշնչյան վեց պատմությունների հետ: Այս կարգը սահմանել են Հակոբոս Տյառնեղբայրը և Կյուրեղ Երուսաղեմացին: Այդ կիրակիներն են` Բուն բարեկենդան, Արտաքսման, Անառակի, Տնտեսի, Դատավորի և Գալստյան կիրակիներ, որոնք միասնաբար կազմում են մի «ոսկե շղթա»: Մեծ պահքի երրորդ կիրակին ունի արարչության երրորդ օրվա ու այս կյանքի երրորդ դարի խորհուրդը և կոչվում է «Անառակի կիրակի»: Այս անունը վերցված է այդ օրն ընթերցվող Ճաշու Ավետարանից, որտեղ պատմվում է, թե ինչպես անսկիզբ Հայրն Իր Միածին Որդուն առաքեց աշխարհ՝ գտնելու Իր կորուսյալ պատկերը՝ մարդկային բնությունը, և մեղքերից ետ դարձնելու անառակ որդուն: Եվ Աստծու Որդին, ավլելով Իր տունը՝ մեղսալից աշխարհը, գտավ կորուսյալ դրամը՝ մոլորված ոչխարին, այսինքն՝ մարդուն, և նրան Իր ուսերի վրա դնելով, որտեղ խաչն էր՝ հանեց երկինք:Անցյալ կիրակիներից հայտնի է, որ առաջին կիրակիի ընթերցումները սպառնալիքներ էին Տիրոջ կողմից՝ ասված Եսայի մարգարեի ու առաքյալների միջոցով, իսկ երկրորդինը՝ համակ հանձնառություն և աղերսանք: Իսկ այս կիրակի Տիրոջ անունից հայտնություն է տրվում հնազանդվածներին՝ ուշք դարձնելով մեր Տիրոջ հարության մեծ օրվան, թե ինչպես մոր որովայնում, այնպես էլ պահքի արգանդում կարող ենք սրտով աչալուրջ լինել ահավոր Քահանայապետի առջև:
    Առակը խտացնում է Քրիստոսի Ավետարանի հիմնական գաղափարը` Աստված հոգատար Հայր է մարդու համար, անսահման սիրող ու ներողամիտ:
  Անառակի կիրակիի խորհուրդը մարդու` անկումից վերելքը, կորստից փրկությունը, ընկած վիճակից վերականգնումն է, ինչը նաև Մեծ պահքի նպատակն է: Առակում ասվում է. « Որդյա՜կ, դու միշտ ինձ հետ ես Եվ ամեն ինչ, որ իմն է, քոնն է. բայց պետք էր ուրախ լինել և ցնծալ, որովհետև քո այս եղբայրը մեռած էր և կենդանացավ, կորած էր և գտնվեց»: «Մեռած էր», քանի որ անառակությամբ ապրելով վատնեց կենդանարար գոյացությունը: «Կորած էր», քանի որ կորստյան տանող «լայն և ընդարձակ ճանապարհով» էր գնում (տե՜ս Մատթ. Է 13): Իսկ մտադրվելով հոր մոտ գալ՝ կենդանացավ ու գտնվեց՝ թոթափելով մեռելությունն ու կորուստը: Այսպես, մենք էլ փորձենք այս օրերին անառակ որդու պես գտնվենք ու վերակենդանանանք՝ Տիրոջ օրհնությունն ու սերը վաստակելով: Ամեն:

 

Դիտվել է 237
2017.03.12
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.