Ընթերցանություն
Գլխավոր> Անիրավ դատավորի կիրակի

Անիրավ դատավորի կիրակի

«Մի առակ էլ ասաց նրանց այն մասին, թե նրանք ամեն ժամ պետք է աղոթեն ու ձանձրանան»: Գրված է Ղուկասի Ավետարանում:

     Աղոթքի գաղափարին է ընծայված Մեծ պահքի հինգերորդ կիրակին: Աղոթքը կրոնի հոգին է, ուղնուծուծը, կյանքը: Կրոնն առանց աղոթքի աներևակայելի է, քանզի կրոնի առարկան նույն ինքն Աստված է և հոգևոր կյանքը, իսկ աղոթքն անպայմ ան ենթադրում է իր դիմաց աներևույթ հավիտենական Էակին ունենալ, Ով Արարիչն է տիեզերքի և Տերը կյանքի:
Իսկ հոգևոր կյանքը և աղոթքը գրեթե նույնն են, ինչպես ընտանեկան կյանքը և սերը: Ըստ այսմ, առանց աղոթքի քրիստոնյան թռչուն է առանց թևի, ձուկ` առանց լողակի: Այս իսկ պատճառով Ավետարանում զորավոր շեշտ է դրված աղոթքի վրա: Մեր Տերը թե՛ Իր խոսքով և թե՛ կյանքով է հաստատել դրա կարևորությունը: Երբ ցերեկները հատկացնում էր քարոզություններին ու գյուղեգյուղ ճամփորդություններին, հաճախ «ամբողջ գիշերը» աղոթքով էր անցկացնում, երբեմն էլ «խույս էր տալիս դեպի ամայի տեղեր և աղոթքի էր կանգնում» (Ղուկ. Ե(5) 16): Գրված է Ավետարանում:

Ավետարաններում շատ են հիշատակությունները, ուր Հիսուսն աղոթում է. Մկրտությունից մինչև Գեթսեմանի, Պայծառակերպության լեռից մինչև Գողգոթայի բարձունքը:

Նույնը տեսնում ենք նաև  Պողոս առաքյալի դեպքում, ով կարող էր բանտերն աղոթավայրի վերածել: Ղևոնդյանների դեպքում, ովքեր աղոթք արեցին իրենց արգելարանի խոնավ խավարում… Երկար է հոգևոր հերոսների շարքը, ովքեր ապրում էին աղոթքով, Քանզի նրանց համար աղոթքը լոկ աղերսանք կամ խընդրանք չէր, այլ հաղորդակցության միջոց զորության, ուժի, իմաստության ու հոգևոր կյանքի Աղբյուրի` Աստծո հետ: Ահա Դատավորի կիրակին էլ այս մաքուր աղոթքի պատգամն ունի:

<<Ամեն ինչ, որ ուզեք հավատքի մեջ աղոթքով, կստանաք>>. Կարդում ենք Մատթեոսի Ավետարանում: Եվ իսկապես, որքա՜ն կարևոր է աղոթքի առկայությունը մեր կյանքում: Նորից հիշենք առակի առաջին տողերը՝ <<Հիսուս մի առակ պատմեց, ցույց տալու համար միշտ, առանց երբևէ հոգնելու աղոթելու անհրաժեշտությունը>>:
Առանց հոգնելու: Ահա՛ այս պատգամի գլխավոր արտահայտությունը, նրա բանալին: Բայց որքա՜ն դժվար է չհոգնելը: Նման ենք Մովսեսին, որի ձեռքերը ծանրանում էին հոգնությունից (Ել 17, 12): Այո՛, որովհետև բոլորս էլ ունենում ենք փորձառություն, որ աղոթելը հոգնեցնում է , որ մինչև իսկ ընտանիքը երբեմն հոգնեցնու է , որ մինչև իսկ ապրելը հոգնեցնում է:
Առանց հոգնելու: Այս արտահայտությունը տկար թարգմանություն է հունարեն բայի, որն առավել ճշգրտությամբ մատնանշում  է ճակատամարտի  ժամանակ զինվորի կողմից զենքերի լքումը: Ուրեմն, կարող ենք այսպես ավելի լավ արտահայտել Հիսուսի խոսքի իմաստը. Աղոթել՝ առանց զենքերը վար դնելու, առանց դասալքելու, առանց վախից ու վատասրտությունից ընկճվելու: Այնժամ հասկանում ենք, որ աղոթքը շատ ավելին է, քանի դեպի երկինք աղաղակված մի խնդրանք, շատ ու շատ ավելի է , քան որդիների լացը: Աղոթքը մեր ուժերն Աստծո ուժերին խառնելն է, պայքարի քաջությունն է, սրտի պատերազմը շարունակելն է: , որպեսզի սերը հաղթի ատելությանը , որպեսզի ներումը զինաթափի վրեժխնդրությանը, որպեսզի դու ընդունակ լինես քեզ մերձավոր դարձնելու շուրջբոլորդ տիրող միայնություններին:
Ավետարանն ասում է. <<Իսկ Աստված արդարություն չի՞ անի իր ընտրյալների համար, որոնք գիշեր ու ցերեկ աղերսում են Իրեն: Արդյոք երկա՞ր կսպասեցնի նրանց:Ասում եմ ձեզ, որ նրանց համար իսկույն արդարություն կանի>> (Ղկս. 18, 7):

Սիրելի ունկնդիր առակի հիմնական պատգամը լսելուց հետո մենք էլ   պարզապես ամեն առավոտ բացենք մեր աչքերն ու սկսենք աղոթել: Եվ հավատքով բարձրացված յուրաքանչյուր աղոթք թող ընդունելի լինի ամենակալ Աստծո առաջ: Ուրեմն ամենքս դառնանք դեպի Աստված և աղոթենք. Տե´ր, օգնիր ինձ այսօր նորից սկսելու ամեն ինչ, և այս օրը կախված է մեզանից: Համառությունը, անդադար պայքարը, անձանձրույթ աղոթքը, անխախտ վստահությունն ու հույսը կախված են մեզանից, իսկ օրհնությունն Աստծուց, որին փառք հավիտյանս. ամեն:

Կազմեց ՝ Հռիփսիմե Գալստյանը

 

 

 

Դիտվել է 183
2017.03.26
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.